• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.10.2017 | 14:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Պրն. Աբբաս Խամեյարը Նորին Սրբությանը ներկայացրեց դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության, իր պաշտոնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդյունավետ համագործակցության ու ջերմ կապերի համար:

Նորին Սրբությունը գուհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես խոսեց մշակույթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի և համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով պրն. Մեշքիին և հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի:

Զրույցի ընթացքում կարևորվեց մշակույթների և կրոնների միջև երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը և համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Զրուցակիցները հաստատեցին, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները և կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները:

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխսությանը և ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում:

Պրն. Աբբաս Խամեյարը, իբրև կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նկատեց հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին մաղթեց արգասաբեր գործունեություն  Հայաստանում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ