• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
08.10.2017 | 18:31

Հակաօդային պաշտպանության հիմնախնդիրը և Հայաստանի անվտանգությունը

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը 87 կողմ  և 7 դեմ  ձայներով վավերացրեց հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման համաձայնագիրը։ Այն կնքվել էր դեռ մեկ տարի առաջ և վավերացվել Ռուսաստանի խորհրդարանի կողմից այս տարվա հուլիսին։ Հայաստանի կողմից դրա վավերացումը նշանակում է, որ հայ-ռուսական այս համաձայնագիրը արդեն ուժի մեջ է մտնում և հնարավորություն է տալիս համապատասխան գերատեսչություններին՝ Պաշտպանության նախարարություններին, սկսել դրա իրականացումը։

 

Նկատենք, որ աղմուկը համաձայնագրի կնքման շուրջ շատ էր, և շատերը այն գնահատում էին որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը՝ նշելով, որ ռուսական կողմի իրավասությանն ենք հանձնում մեր երկրի հակաօդային պաշտպանության ողջ համակարգը։ Գործող իշխանություններին մեղադրում էին նաև, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր ինքնիշխանության որոշ մասից և նմանատիպ այլ բաներ։ Նման  մեկնաբանումների լույսի ներքո շատ կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ի դեպ, ինքնիշխանության կորստի կողմնակիցները իրենց թեզը պնդելիս շեշտում էին, որ այն աննախադեպ է և ուղղակիորեն ազդում է մեր պետության սուվերենության վրա։

 

Այստեղ կարևոր է շեշտել, որ նախ այդ համաձայնագրով Հայաստանի տարածքում գործող համատեղ ՀՕՊ համակարգի հրամանատարը նշանակվում է մեր պետության գերագույն գլխավոր հրամանատարի՝ ներկա պահին նախագահի կողմից և նաև ազատվում է նրա հրամանով։ Խաղաղ պայմաններում այդ զորախումբը ենթարկվում է ՀՀ Զիված Ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմական շրջանում նրա ենթակայության հարցը որոշում են ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները համատեղ։ Այսպիսով, տվյալ զորախմբի հիմնական առաքելությունն է լինելու Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պաշտպանությունը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության և առավել ևս Հայաստանի համար, որը, չունենալով մեծ թվով ռազմաօդային ուժեր, իր հիմնական շեշտադրումը կատարում է  հակաօդային պաշտպանության համակարգի վրա, հետևաբար, նման համակարգի գոյությունը և ուժերի նմանատիպ համակարգվածությունը նպաստում է Հայաստանի օդային տարածքի խորքային պաշտպանությանը։

 

Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս մեկ համակարգի և մեկ հրամանատարության, իսկ տվյալ դեպքում, հայկական Զինված Ուժերի հսկողության տակ դնել մեր երկրի տարածքում գործող հակաօդային բոլոր համակարգերը, այդ թվում՝ ռուսական բազայում գտնվող ՀՕՊ համակարգերը ևս։ Ավելին, նման համաձայնագիրը հնարավորություն է տալիս, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև Հյուսիսային Կովկասում գտնվող ռուսական ՀՕՊ համակարագերը ևս, տարբեր թռչող օբյեկտներին հետևելու և համատեղ հրամանատարությանը զեկուցելու համար։

 

 

Այստեղ թերևս կարևոր է շեշտել, որ նման համակարգերը վաղուց արդեն գործում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում, որոնք ԱՄՆ-ի հետ համատեղ ստեղծում են ՀՕՊ ուժեր՝ օգտագործելով տվյալ պետությունում տեղակայված ամերիկյան բազաների հակաօդային պաշտպանության միջոցները։ Այսինքն, կարող ենք պնդել, որ այս դեպքում խոսակցությունները, թե դա կարող է ազդել այս կամ այն պետության սուվերենության վրա, ընդամենը քաղաքական սպեկուլյացիա են։ Նման համատեղ համակարգերի ստեղծման փորձը ցույց է տալիս, որ այն կարող է լինել բավականին արդյունավետ ու բարձրացնել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ընդհանուր պաշտպանական մակարդակի բարձրացման գործում։ 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ