• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
09.10.2017 | 16:00

«Ատամնաբույժը՝ նորեն». «Ատամնաբույժն արևելյանի» հիման վրա բեմադրություն՝ արևմտահայերենով

Վաղը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կներկայացվի Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» թատերգության հիման վրա ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանի բեմադրած «Ատամանաբույժը նորեն» պիեսը, որի լեզուն արևմտահայերենն է: Բեմադրիչի՝ սփյուռքահայ լինելն օգտագործվել է, որպեսզի դերասանները կարողանան հնարավորինս ճիշտ արևմտահայերենով խաղալ ներկայացումը: Ինքը՝ բեմադրիչն էլ որոշ փոփոխություններ է մտցրել հայ դասական այս գործում՝ հարազատ մնալով Պարոնյանի ոգուն:

«Հայ ձայնի» հետ զրույցում Ժիրայր Փափազյանը նշեց, որ դերասանները լեզվական դժվարությունները հաղթահարել են և կարողանում են նորմալ խոսել արևմտահայերենով։

Ըստ Փափազյանի՝ կարևոր է, թե ով է դերասանին սովորեցնում արևմտահայերեն, քանի որ կան արտասանական տարբերություններ, որոնք պետք է ճիշտ սովորեցնել։ «Հաճախ նկատում ենք, որ արևմտահայերենը արտասանում են ավելի կոմիկական, ծաղրալի տոնով, սակայն ծիծաղելին ոչ թե լեզուն է, այլ՝ իրավիճակը։ Հետևաբար, պետք է բացատրել նրանց, սովորեցնել ճիշտը, որպեսզի նման իրավիճակների չհանդիպենք»,-ասաց Փափազյանը։

Վերջինս, խոսելով հետագա ծրագրերի մասին, նշեց, որ հնարավոր է՝ շուտով բեմադրվի «Կարինե» օպերետը։

Իր ղեկավարած «Տիգրան Չուխաջյան» մշակութային ընկերության ջանքերով Փափազյանը Փարիզում հայտնաբերել է Տ. Չուխաջյանի «Կարինե»-ի օրիգինալ նվագամասը, որը հարյուրավոր տարիներ կորած էր համարվում։ Պահպանված դաշնամուրային պարտիայի հիմքով այլ կոմպոզիտորների կողմից նախկինում նվագամաս ստեղծվել է, բայց դա օրիգինալը չէ, ինչպես նշեց մեր զրուցակիցը։ «Հայտնաբերվեցին մինչ օրս անծանոթ մեղեդիներ, եղանակներ, և հիմա մեծ ցանկություն կա ամբողջական, օրիգինալ տարբերակով բեմադրել «Կարինեն»։ Նրա առաջին արարը փորձնական տարբերակով արդեն բեմադրվել է, և հանդիսատեսի կողմից բավական ջերմ ընդունելության է արժանացել»,- մեզ հետ զրուցում ընդգծեց բեմադրիչը։

Հայկական օպերայի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ նախատեսվում է նաև բեմադրել Տիգրան Չուխաջյանի օրիգինալ «Արշակ Երկրորդ» օպերան (Չուխաջյանի այս ստեղծագործությունից է հաշվվում հայկական օպերայի հիմնադրումը՝ 1868թ. է գրվել օպերան եւ համարվում է, որ այն մեր օպերայի սկիզբն է): «Արշակ Երկրորդը» իրական տարբերակով նախկինում երբեք չի բեմադրվել. օպերայի բեմադրիչը կլինի Ժիրայր Փափազյանը: «2001թ. Սան Ֆրանցիսկոյի օպերան բեմադրեց «Արշակ Երկրորդը»՝ իտալերենից հայերեն թարգմանված, կրճատված, ռիթմերը արագացված տարբերակով, ուստի, դա չի կարելի համարել օպերայի իրական պրեմիերան, քանի որ Չուխաջյանի բուն արժեքը չփոխանցվեց։ Եվ  եթե Հայաստանում հնարավոր լինի իտալերենից և օրիգինալ տարբերակով բեմադրել «Արշակ Երկրորդը», ապա դա կլինի օպերայի համաշխարհային պրեմիերան»,-նշեց Փափազյանը։

Վերջինս հավելեց նաև, որ օպերայի բեմադրական լուծումների վրա աշխատանքներ արդեն արվել են, մի քանի տարի «Արշակ Երկրորդի» բնագիրը վերաքաղի են ենթարկել՝ հասցնելով բեմադրության պատրաստի վիճակի։ Օպերայի բնագրում, ըստ Փափազյանի, եղել են իտալերենի լեզվական սխալներ, որոնք ևս ուղղվել են։ «Լեզվական սխալները շտկելու համար դիմել ենք 19-րդ դարի պոետիկ իտալերենին տիրապետող իտալուհի մասնագետների, որոնք ամբողջությամբ սրբագրել են տեքստը՝ բերելով կատարյալ տեսքի։ Քանի որ Աբդուլ Համիդի ժամանակներում արգելվել էր ազգայնական թեմաներով ներկայացումների բեմադրությունը, «Արշակ Երկրորդը» իրական տարբերակով չի բեմադրվել, այն խաղացել են թուրքերենով, և սխալները սրբագրելու հնարավորություն չի եղել։ Իսկ այժմ այդ սխալները, վրիպակներն արդեն սրբագրվել են»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ զգույշ ու նրբանկատ բեմադրություն է պետք, որպեսզի պահպանվի արքայի հերոսականությունը, արժանապատվությունը։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas