• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, 100ամյակին ընդառաջ
09.10.2017 | 17:18

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-29-ին՝ հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև՝ Սարդարապատ կայարանի շրջակայքում: 1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հեռանում է Արեւմտյան Հայաստանից, այդպիսով անտեր թողնելով Կովկասյան ճակատը: Թուրքերն օգտվում են այս վիճակից և 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցնում են հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև՝ Արևելյան Հայաստանն ու ողջ Անդրկովկասը: Խախտելով պայմանագիրը՝ թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին, անցնելով հարձակման, իրենց ունեցած գերակշիռ ուժերի շնորհիվ կարողանում են վերանվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը եւ մայիսի 15-ին գրավում են Ալեքսանդրապոլը:

Կովկասյան ճակատի վրա մնացող զորախումբը, հրամանատարությամբ գեներալ Նազարբեկովի (Թովմաս Նազարբեկյան 1855-1931), որ կազմված էր երեք զորամասերից հրամանատարներ՝ (Արեշյան, Մովսես Սիլիկով եւ Անդրանիկ), կռիվներից հետո ետ են քաշվում՝ ապահովելով նաեւ տասնյակ հազարավոր արեւմտահայ գաղթակայանների կյանքն ու անվտանգությունը:

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորաբանակն արշավում է դեպի Ղարաքիլիսա, եւ մեկ այլ զորախումբ՝ Յաղուբ փաշայի գլխավորությամբ, մայիսի 21-ին հարձակվում է Սարդարապատի ուղղությամբ՝ Երեւան ներխուժելու նպատակով: Այդ խմբին մաս էին կազմում նաեւ 1500 քրդեր: Սարդարապատի պաշտպանությունը իրականացնելու պարտականությունը դրվում է Սիլիկովի վրա:

Թուրքական զորախումբը մայիսի 21-ին գրավում է Սարդարապատի կայարանը եւ համանուն գյուղը (այժմ Արմավիրի շրջան) եւ Կեչրլուն (այժմ Մրգաշատ): Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը, գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, եւ պարտիզանական գունդն անցնում են հարձակման, հաղթահարում են թուրքերի դիմադրությունը, եւ նրանք հարկադրաբար եւ խուճապով նահանջում են շուրջ 15-20 կմ:

Սակայն, օգտվելով առիթից, երբ հայերը դադարեցնում են հետապնդումը, թուրքերը վերադասավորում են իրենց ուժերը, ամրանում են Արաքս կայարանից դեպի հյուսիս: Հայկական հրամանատարությունը վճռում է վերջնական հարված հասցնել եւ ջախջախել նրանց ծրագիրը: Ստեղծվում է հարվածային զորախումբ՝ գնդապետ Ղասաբփաշյանի հրամանատարությամբ, որին միանում են Մակուի, մշեցիների ջոկատը, եւ մայիսի 27-ին թուրքերին հարվածում են թիկունքից, իսկ միևնույն ժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածում են ճակատից:

Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգեւորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական կուսակցությունները եւ այսպիսով որոշ ժամանակ մոռացվում են անցյալում եղած անհամաձայնությունները:

Սարդարապատի ճակատամարտը, անկասկած, մնալու է հայ ժողովրդի ազատագրական պայքարի դափնեպսակը՝ իր փայլուն էջերով:

Ճակատամարտի տարած հաղթանակի շնորհիվ Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվում է թուրքական տիրապետությունից եւ հնարավորություն է ստեղծվում վերականգնել հայկական պետականությունը՝1918-ի մայիսի 28-ին, երբ հռչակվում է Հայաստանի հանրապետությունը:

1968-ին ճակատամարտի վայրում կանգնեցվում է Սարդարապատի հաղթանակին նվիրված հուշահամալիրը:

 

 

 

 

Աղբյուր՝  Հակոբ Վարդիվառյանի աշխատություններ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ