• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
11.10.2017 | 14:45

Քրդական գործոնի նորագույն դրսեւորումների մասին քննարկում ՌԱԿ գրասենյակում (Տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին «Ազգ» շաբաթաթերթի նախաձեռնությամբ ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Քրդական գործոնի նորագույն դրսեւորումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանում ընթացող իրողությունների վրա» թեմայով: Միջոցառմանը ներկա էին արևելագետներ՝ արաբագետներ, քրդագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, այդ թվում ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, քրդագետ Վահրամ Պետրոսյանը, արաբագետ Արաքս Փաշայանըքաղաքագետներ Արամ Սաֆարյանը, Սերգեյ Շաքարյանցը և այլքորոնք քննարկեցին վերջերս տեղի ունեցած այդ հանրաքվեի նպատակները, զարգացման հեռանկարները, հանրաքվեի՝ տարածաշրջանում ունենալիք ազդեցությունը։ 

Կլոր սեղանի վարող, դոկտ. Սուրեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին , նշեց, որ թեեւ Քրդական պետությունը հանրաքվեից հետո դե յուրե դեռ սուվերեն միավոր չի դարձել, սակայն քրդական գործոնն այսօր ավելի քան կենսունակ է եւ հանրաքվեից հետո տարածաշրջանում հնարավոր են լուրջ զարգացումներ, որոնք ուղղակի եւ անուղղակի առնչվում են մեզ` հայերիս: Մինչդեռ մեր հասարակությունը, ինչպես նաեւ լրատվական միջոցները, անհրաժեշտ լրջությամբ չեն հետեւում դրանց: Հետեւաբար, քննարկումը նպատակ ուներ նաեւ հստակեցնել հայկական կեցվածքը նորագույն այդ զարգացումների հանդեպ եւ օգտակար լինել պետական համապատասխան կառույցներին հնարավոր լուծումներ գտնելու գործում:

Բանախոսներից Վահրամ Պետրոսյանը, որ օրեր առաջ էր վերադարձել Իրաքյան Քուրդիստանից եւ որտեղ հանդիպումներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում Իրաքյան Քուրդիստանի արտգործնախարարի, կուսակցապետերիօտարերկրյա գործիչների հետ, նշեց, որ վերջիններիս հետ քննարկել է ստեղծված իրավիճակն ու նրա հետևանքները։

«Քուրդիստանն այս հանրաքվեով ի սկզբանե չէր դրել անկախացման նպատակ։  Նրա նպատակն էր ներքին և արտաքին հասցեատիրոջը որոշակի մեսիջներ հասցնել։ Բարզանին նախագահականում, կուսակցության ներսում իր դիրքերն ամրապնդելու խնդիր ուներ, իսկ ժողովրդի շրջանակներում բավական ուժեղ են անկախական տրամադրությունները»-, նշեց Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հանրաքվեի կոնտեքստում կարևոր էր նոյեմբերի 1-ի ընտրություններին նախապատրաստվելը։ Ըստ բանախոսի՝ քրդերը սպասում էին, որ հանրաքվեի արդյունքները չեն ընդունվի Թուրքիայի կողմից, իսկ Բարզանին սպասում էր հետևյալին՝ կլինի ոչ ուժեղ ընդդիմություն, ոչ էլ ուժեղ աջակցություն։ «Եթե մի ֆեդերալ կազմավորում ունի Թուրքիայի հետ 8 մլրդ դոլարի առևտուր, գաղտնի պայմանագրեր, լուրջ հարաբերություններ, ուստի քրդական կողմը նման կտրուկ արձագանքի չէր սպասում։ Բարզանին նաև Իրան-Իրաք-Թուրքիա եռյակի ձևավորմանը չէր սպասում, քանզի 1995 թ.-ից հետո այս 3 պետություններն իրար հետ միասին չէին եղել»: 

Քաղաքագետ Արամ Սաֆարյանն իր ելույթում ընդգծեց, որ տվյալ հարցի վերաբերյալ լուրջ հետաքրքրություն կա հայկական քաղաքագիտական դաշտում։ «Մեր քաղաքական դաշտը խնդրին բավարար խորությամբ չի տիրապետումմեր փորձագիտական շրջանակի գիտելիքները պատշաճ կերպով քաղաքական դաշտին հասցնելու խնդիր կա, ուստի կա լուսավորչական աշխատանքի կարիք, որպեսզի թեմային գիտակ մարդիկ կարողանան իրենց փորձով ու գիտելիքներով կիսվել մյուսների հետ»,- նշեց  Սաֆարյանը՝ ընդգծելով, որ մեզ առավելապես հետաքրքրում է Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի արձագանքը Թուրքիայի քրդերի վրա՝ ցանկանալով հասկացնել՝ արդյո՞ք Թուրքիայի քրդերը կակտիվանան ու թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները։ Ըստ Սաֆարյանի՝ մենք պետք է քրդական շրջանակների հետ կապ պաշտպանենք, շփումներ, հարաբերություններ ունենանք, որոնք, սակայն, պետք է պատշաճ ու զգույշ լինեն։ «Այս հիմնախնդրի դեպքում շեշտը պետք է դրվի հիմնականում ակադեմիական, հասարակական, գիտական քննարկումների վրա, պետք է ավելի շատ քննարկել այս հարցը, բայց զգուշորեն»-առաջարկեց Արամ Սաֆարյանը:

Նիկոլայ Հովհաննիսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ մեզ մնացել է Հայաստան աշխարհի մեկ տասներորդ մասը, որը թելադրող հանգամանք է և պետք է ելակետային լինի մեր հարցերը լուծելիս՝ կապված մեր հողերի հետ։ «Հիմա քրդական հանրաքվեի վերաբերյալ քննարկումներ լինում են, սակայն կարծես թե հայն ու Հայաստանը չկան։ Այնինչ, մեր հիմնական մտահոգությունը պետք է լինի հետևյալը՝ այս ամենը արդյո՞ք կտարածվի Թուրքիայի քրդերի շրջանակում, իսկ այս ալիքը, անշուշտ, կտարածվի։ Իսկ մենք չենք գործում։ Մենք քրդերի հետ հայկական հարցը չենք քննարկում։ Չէ՞ որ հողերի համար պայքարել է պետք, որևէ մեկը ինքնակամ հող չի տալիս մյուսին»,-իր մտահոգությունը հայտնեց Նիկոլայ Հովհաննիսյանը:

Արաբագետ Արաքս Փաշայան էլ անդրադարձավ արաբական աշխարհում քրդական հանրաքվեի արձագանքին, որը, ըստ բանախոսի, գլխավորապես բացասական է,և արաբական աշխարհին շատ է մտահոգում այն  հանգամանքը, որ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն ողջունում է Իսրայելը։ Փաշայանը խոսեց նաև Սիրիայի Ռոջավայի շրջանի մասին, որտեղ անընդհատ փորձ է արվում օտարելու արաբական հողերը և միավորելու քրդերին։

Ելույթ ունեցավ «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որ նշեց, որ հասարակական կարծիք ստեղծող հայկական մամուլն այս հարցով չի զբաղվում կամ անդրադառնում է խիստ մակերեսային՝ գլխավորապես արծարծելով այն հարցը, որ Իրաքյան Քուրդիստանում հայերենը 5-րդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստանալու, սակայն, ըստ Ավետիքյանի՝ ոչ ոք չի հարցնում, թե ինչքան հայախոս հայ կա Իրաքյան Քուրդիստանի տարածքում։ «Ողջ տարածաշրջանում մեր գիտական շրջանակները կարող են բացառիկ դեր կատարել, մենք կարող ենք հետազոտական աշխատանքներ անել  այլ երկրների համար ևս, և ժամանակն է, որ նման գործողություններ կատարվեն», - եզրափակեց Ավետիքյանը:

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ