• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
12.10.2017 | 14:45

Մեր սերնդի համար ինչ-որ բան չունենալը ամոթ չէր, բայց ինչ-որ բան չիմանալն ամոթ էր. Արեւիկ Գաբրիելյան

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները շարունակում են քննարկել համաժողովի արդյունքները, այն հարցերը, որոնք արծարծվեցին համաժողովի ընթացքում: ԱՄՆ հայկական մշակութային կյանքում ներգրավված Արեւիկ Գաբրիելյանը, որ նույնպես մասնակցում էր համաժողովին, «Հայ Ձայն»-ի հետ զրույցում նշեց, որ նման համաժողովները կարեւոր են, սակայն պետք է ուղենշային լինեն, գծվի ինչ-որ ուղի, որով հետագա տարիներին քայլելու են մասնակիցները՝ համահայկական խնդիրներ լուծելու համար:

«Համաժողովին ես տեսա, որ կազմակերպչական աշխատանք էր տարված, մարդկանց հնարավորություն էր տրված իրենց մտքերն արտահայտելու, իհարկե՝ որքան էլ որ դրանք հակասական լինեին, երբեմն՝ զայրացնող, բայց ես ընդհանուր առմամբ արդյունքներ չեմ տեսնում»,-նշեց Նյու Յորքից ժամանած մեր զրուցակիցը: Նա ասաց, որ հայ իրականության մեջ մտավոր արժեքների իմաստով անկում է նկատվում, ինչն անդրադառնում է ընդհանուր հարցերի վրա: «Մտավորականության թիվը սակավանում է, եւ դա նոր չէ. 1970-ականներից մինչեւ այսօր նման երեւույթ է նկատվում, մարդիկ անգրագիտանում են, ընդ որում, խոսքը վերաբերվում է թե՛ սփյուռքին, թե՛ Հայաստանին՝ երեւույթն ամենուր է: Դա վառ նկատելի է հատկապես դրսում, արեւմուտքում: Մեր սերնդի համար որեւէ բան չիմանալը ամոթ էր, չունենալը ամոթ չէր, բայց եթե նոր գիրք էր լույս տեսել, եւ դու չէիր կարդացել, այն ժամանակ իսկապես ամոթ էր: Իսկ այսօր մարդիկ ձգտումներ չունեն, եւ իրենց չիմացությունը այնպես են ներկայացնում, որը ես անվանում եմ մարտնչող տգիտություն»,-իր մտահոգությունն արտահայտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, որի մասին խոսվում էր նաեւ համաժողովի շրջանակներում եւ կուլիսներում, Արեւիկ Գաբրիելյանն այն կարծիքին է, որ գոյություն ունի հայրենասիրության երկու տեսակ՝ գիտակցված եւ չգիտակցված. «Մարդիկ ծնվում են հայ, ապրում են հայկական միջավայրում, եւ բնական են համարում իրենց հայրենասիրությունը, որի մասին չեն էլ խոսում: Բայց կա նաեւ գիտակցված հայրենասիրություն, երբ ուսումնասիրում ես ազգիդ պատմությունը եւ վստահ ես, որ մենք, իբրեւ ազգ, մեզնից ինչ-որ բան ներկայացնում ենք, արժանի ենք լավագույնին: Բայց, որպես ազգ, մենք անելիքներ ունենք մեր ապագան կարգի բերելու համար, որը չի արվում: Դա է ցավալին»,-մեր զրույցի ընթացքում ասաց Արեւիկ Գաբրիելյանը: Նա նաեւ այն կարծիքին է, որ հայրենիքի հանդեպ կարոտը նախ պետք է սրտացավությամբ արտահայտել, այլ ոչ թե կարոտել հայրենիքի բերքն ու բարիքը եւ անընդհատ խոսել այդ մասին:

Լինելով հայրենիքում, մեր զրուցակիցը, որ ԱՄՆ է գնացել 22 տարեկանում, որոշ վայրերում նկատում է ազգային արժեքների հանդեպ հետաքրքրություն, ինչը ողջունելի է. «Մի փոքրիկ սրճարան ես մտնում, տեսնում ես, որ հայկական ճարտարապետությունից, ազգագրությունից ինչ-որ դետալներով ձեւավորել են, ուրախանում ես,

նշանակում է մղումը կա ազգայինը վերադարձնելու, արժեքները կրկնելու: Ես առհասարակ լավատես մարդ եմ»,-ասում է «Հայ Ձայն»-ի զրուցակիցը: Նա նշում է, որ այդ լավատեսությունն իրեն պահում է նաեւ ապրելու այնպիսի մի քաղաքում, ինչպիսին Նյու Յորքն է, որը հակասական եւ բազմաշերտ քաղաք է.

«Նյու Յորքը մեծ աշխարհ է, մի քաղաք է, որ քեզ հնարավորություն է տալիս ապրելու այն միջավայրում, այն շրջապատում, որ դու ես ընտրում: Ընտրելու հնարավորություն կա: Ճիշտ է՝ գռեհկության հետ շփվելու ես մետրոյում, ամեն տեղ, անհնար է չշփվել, այլապես հետաքրքրիր քաղաք է, ապրող, էներգիայով լի, տրոփող երակով…»,-իր բնակավայրի մասին նշեց նա, ավելացնելով, որ քաղաքը հնարավորություն է տվել դրսեւորվելու նաեւ բազմաթիվ հայերի, որոնք իրենց բնակավայրն են ընտրել Նյու Յորքը:

 

Հարցազրույցը՝ Սագօ Արեանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas