• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
13.10.2017 | 14:00

Թուրքիայում նախագահի հիմնական թեկնածուն դեռևս Էրդողանն է. Թուրքագետ

«2000-ականների վերջին, երբ իրադրությունը Մերձավոր Արևելքում բավական լարվեց, Թուրքիան կամա թե ակամա ներքաշվեց մերձավորարևելյան հակամարտությունների մեջ, և Թուրքիայի՝ զրո խնդիր հարևանների հետ կոնցեպտը վերափոխվելով դարձավ հետևյալը՝ այսօր չկա այնպիսի հարևան, որի հետ Թուրքիան խնդիր չունենա»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ 


Սակայն, ըստ թուրքագետի, փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանային զարգացումները Թուրքիային թույլ չեն տա իր հարևանների հետ կարգավորել խնդիրները, քանի որ Թուրքիան իր գրեթե բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի ՝ տարածքային խնդիրներ Հունաստանի հետ, Կիպրոսի հարցը, Բուլղարիայի  հետ հարաբերությունները հարթ չեն, Հայաստանի հետ խնդիրներ և այլն։ 

«Ներկայումս Էրդողանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամբողջությամբ հսկի իշխանական լծակները՝ բոլոր ոլորտներում ձերբակալելով գյուլենականներին։ Սակայն գյուլենականներն ինչքան ձերբակալվում են, այնքան ավելի են շատանում։ Վերջին շրջանում նրանք այնքան են ամրապնդվել Թուրքիայում, որ նրանց անվանում են պետություն պետության մեջ»,- նշեց մեր զրուցակիցը։  Վերջինիս դիտարկմամբ, Թուրքիայում նախագահի հիմնական ու ամենահզոր թեկնածուն դեռևս Էրդողանն է, և թուրք ժողովրդի շրջանում չկա այլ թեկնածու, ով Էրդողանի չափ համբավ ունենա։ «Երբ 2002թ թվին Էրդողանն իշխանության եկավ, արևմտյան ֆինանսավորմամբ կարողացավ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնել, ինչի համար մինչ այժմ ժողովուրդը շնորհակալ է նրանից»։ 

 

 

Անդրադառնալով քրդական հարցին՝ թուրքագետը նշեց, որ Թուրքիան չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ Քուրդիստան անունով երկիր, որի հիմքի վրա Թուրքիայի քրդերը ևս կփորձեն ապստամբել և միանալ այդ անկախ երկրին։ «Բացի Իրաքյան Քուրդիստանից արդեն կենդանության նշաններ է ցույց տալիս նաև Սիրիայի քրդական համայնքը, որը հենց Թուրքիայի հարևանությամբ փորձում է ստեղծել ինքնավարություն, և դրա դեմ պայքարելու համար Թուրքիան ամեն օր հրետակոծում է այդ տարածքները՝ քրդական Ռոժավա և Աֆրին բնակավայրերը։ Կարող ենք ասել, որ քրդերն օգտագործվում են որպես միջոց գերտերությունների ձեռքում, որպեսզի մշտապես Թուրքիային պահեն կառավարելիության քողի տակ, այսինքն՝ քրդերի միջոցով ցանկանում են ազդել Թուրքիայի վրա ու ստիպել նրան ենթարկվել իրենց շահերին»,- ասաց Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ եթե այդ միջոցը լիարժեք աշխատի, Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ լուրջ խնդիրներ կարող են  առաջանալ, քանի որ Թուրքիայում քրդերը բավական շատ են՝ մոտ 18 մլն։


Մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիայի բոլոր քրդերը թուրքական անուն-ազգանուններով են, ազատ խոսում են թուրքերեն, հետևաբար, հաճախ շատ դժվար է թուրքին քրդից տարբերելը, ինչը լրացուցիչ խնդիր է առաջացնում թուրքական իշխանությունների համար։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ