• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
25.10.2017 | 20:30

Գրքի տոնավաճառը Ադրբեջանի համար քաղաքական քարոզարշավ կատարելու վայր է. Արթուր Մեսրոպյան

«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցում ենք արդեն 17 տարի, տարեցտարի ավելանում է մեր ներկայացրած գրքերի քանակը, ավելանում են քննարկումները, հանդիպումները, որոնց թիվն այս տարի հասել է 45-ի»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց  «Զանգակ» հրատարակչության Թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր  Մեսրոպյանը, ով նաև գրքի տոնավաճառում ՀՀ պատվիրակության անդամներից է:

 

Աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառը՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը,  ամենամյա բնույթ ունեցող միջոցառում է, որտեղ հավաքվում են աշխարհի  գրեթե բոլոր հրատարակչությունները, գրական ոլորտի ներկայացուցիչները և  ներկայացնում են իրենց գործունեությունը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր տաղավարը, որտեղ ցուցադրվում են այդ երկրի գրական ոլորտի ձեռքբերումները։ Գրքի տոնավաճառը գլխավորապես մասնագիտական բնույթ ունի, այսինքն՝ նախատեսված է ոչ թե ընթերցողների լայն շրջանակի, այլ գրահրատարակչական ոլորտի աշխատողների համար։ Տոնավաճառի ընթացքում հանդիպում են հրատարակչությունները, գրական գործակալներըպայմանավորվածություններ են ձեռք բերում, առաջարկներ անում միմյանց, մասնակցում քննարկումներին և այլն։

 

Հայաստանն այս տոնավաճառում ներկայացնում են Մշակույթի նախարարությունը (մեր տաղավարի կազմակերպիչն ու պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է), պետության առաջատար հրատարակչությունները, գրախանութները։ Մեր երկիրն այս միջոցառմանը մասնակցում է գրքերի բավական հարուստ ու կշռելի ցանկով՝ ցուցադրելով մանկական գրականությունից մինչև գիտական աշխատություններ։

 

Մեզ հետ զրույցում Մեսրոպյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր տարի տոնավաճառի ընթացքում ներկայացվում է ընթացիկ տարում հրատարակչության կատարած աշխատանքը, և «Զանգակը» ներկայացնում է գլխավորապես նոր գրքեր, կրկնություններ գրեթե չեն լինում։

 

«Այս տարի տոնավաճառի ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել ենք տարբեր ժանրերի ու ոճերի բազմաթիվ գրքեր, առաջարկներ ենք ստացել Հայաստանում հրատարակելու մի շարք անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի գրողների վեպեր, և այդ առաջարկներից շուտով ընտրվելու են ամենաձեռնտու, ամենահետաքրքիր տարբերակներն ու ներկայացվելու են ընթերցողներին։ Բացի այդ, «Զանգակը» նաև համագործակցության հետաքրքիր առաջարկներ է ստացել լեհական, ճապոնական հրատարակչությունների կողմից, որոնք ևս այժմ քննարկման ու մշակման փուլում են»։

 

Ըստ Մեսրոպյանի՝ տարեցտարի հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրությունը նկատելիորեն մեծանում է, իսկ հետաքրքրվողների թվում են ինչպես երեխայի համար գիրք փնտրող ծնողները, այնպես էլ գիտաշխատողներ, որոնք, օրինակ, զբաղվում են ցեղասպանագիտությամբ կամ տարածաշրջանային հարցերի քննությամբ։ Մեսրոպյանը ուրախությամբ նշեց, որ այս տարի մեր երկրի տաղավարը ներկայացել էր դիզայներական նոր լուծումներով. այն դարձել էր ավելի մեծ, ընդարձակ, գեղեցիկ ու գրավիչ, ինչը շատ կարևոր հանգամանք է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում։

 

 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև գրքի տոնավաճառի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության հետ հարաբերությունների և գրանցված միջադեպերի մասին։ Մեսրոպյանն այդ առիթով նշեց, որ ամեն տարի մեր հարևանների հետ որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, ծագում են, քանի որ վերջիններս կողմնապահ ու խանդոտ վերաբերմունք ունեն հայկական տաղավարում ներկայացվող այն գրքերի, քարտեզների հանդեպ, որոնք, ըստ նրանց, կարող են ոտնահարել իրենց իրավունքները։ «Նախ այս առիթով պետք է նշել, որ ոչ միայն այս տարի, այլև առհասարակ ադրբեջանցիները դրսևորում են ոչ քողարկված կամ դժվար քողարկելի ատելություն մեր ու ցանկացած բանի հանդեպ, որը հայկականություն ունի, լինեն դրանք գրքեր, քարտեզներ, թե պարզապես մեր տաղավարում կազմակերպված միջոցառում: Ակնհայտ է, որ նրանց մեջ սիստեմատիկ կերպով ատելություն է սերմանվում, ինչը դրսևորվում է նրանց ամեն քայլում: Այս տարի ադրբեջանական պատվիրակությունը չէր հավանել Հայաստանի քարտեզը, որտեղ պատկերված էր նաև Արցախի Հանրապետությունը։ Եվ առանց թույլտվության նրանք վերցրել են նշված քարտեզներն ու տարել՝ պատճառաբանելով, որ դրանք իրենց տարածքներն են, Արցախն ադրբեջանական է։ Մեր պատվիրակությունը նրանց ձեռքից վերցրել է քարտեզները: Տեղի ունեցածի պատճառով իրարանցում է առաջացել, հայկական կողմը դիմել է ոստիկանություն, հրավիրել ենք տոնավաճառի տնօրենին ու մանրամասն տեղեկացրել դեպքի մասին՝ պահանջելով, որպեսզի ադրբեջանական կողմը պատժվի, իրազեկել ենք նաև Գերմանիայում ՀՀ դեսպանին, ով նույնպես այդ առթիվ կապ է հաստատել տոնավաճառի ղեկավարության հետ։ Այսինքն՝ մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ պետական ու ներկայացուցչական, բարձրաձայնել ենք հարցը, քանի որ սա առաջին դեպքը չէ, և ամեն տարի ադրբեջանական պատվիրակությունը փորձում է խառնաշփոթ առաջացնել»,-նշեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ ադրբեջանական տաղավարում տարիներ շարունակ ներկայացվում են միևնույն գրքերը, այդ թվում այնպիսիք, որտեղ և՛ Արցախը, և՛ Հայաստանը մատուցվում են որպես պատմական Ադրբեջանի մաս։ «Գառնին, Գեղարդը, Անինհայկական տեսարժան այն վայրեր ներկայացված են որպես ադրբեջանական պատմական ժառանգություն։ Այդպես էլ մանկուց ուսուցանվում է նրանց դպրոցներում: Չի ներկայացվում ոչ մի ժամանակակից երիտասարդ ադրբեջանցի գրողի գիրք: Այսինքն՝ նրանք գրքի տոնավաճառին մասնակցելու են գալիս հստակորեն քաղաքականացված։ Մեր հարևանները շեշտը դրում են ոչ թե գրքի, գրականության վրա, այլ քաղաքականության, քաղաքական հարցեր լուծելու վրա, գրքի տոնավաճառը Ադրբեջանի համար քաղաքական քարոզարշավ կատարելու վայր է»,- ընդգծեց Արթուր Մեսրոպյանը։

 

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

Նկարը՝  Հասմիկ Բարխուդարյանի

 


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas