• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
28.10.2017 | 15:26

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը հանդիպել են սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողներին

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:

Անցած հինգ տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մինչ զորամասեր մեկնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծնողների հետ միասին նախ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և մոմեր վառել:

Այնուհետ Երևանի քաղաքապետը և ՀՀ պաշտպանության նախարարը ծնողների հետ միասին այցելել են զորամասերից մեկը, որտեղ նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Հարկ է նշել, որ ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվում են հանդիսավոր արարողություններ, որը ևս դարձել է ավանդական ու այս անգամն էլ բացառություն չէր:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով զինծառայողների ծնողների այս այցերի կազմակերպումը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այն լինելու է շարունակական:

«Զորամասեր զինծառայողների ծնողների այցերը սկսել ենք կազմակերպել 2013թ-ից, և պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունն իսկապես ապացուցել է իր արդյունավետությունը` դառնալով պահանջված ու սպասված: Եվ համոզված եղեք, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ու մենք տարին երկու անգամ մեր զինվորների ծնողների համար կապահովենք այցելությունները զորամասեր, որ գան և տեղում ծանոթանան իրենց զինվոր որդիների ծառայության պայմաններին: Առիթն օգտագործելով՝ կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ պաշտպանության նախարարին, Արցախի պաշտպանության բանակին և սպայական ողջ անձնակազմին՝ մեր այս ծրագիրը պատշաճ իրականացնելուն աջակցելու համար: Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մեզ համար եղել ու շարունակելու է մնալ առաջնահերթություն, և ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ թե՛ սահմանին ծառայող մեր զինվորները և թե՛ նրանց ծնողները միշտ զգան, որ պետությունը և համայնքը մշտապես իրենց կողքին են: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ծնողներ, որ դաստիարակել եք արժանավոր զավակներ, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ են ծառայում հայրենիքին: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ իրենց օջախներ», - նշել է քաղաքապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, ողջունելով զինվորներին ու նրանց ծնողներին, առանձնակի կարևորել է ծրագրի կյանքի կոչումն ու համոզմունք հայտնել, որ այն կարևոր դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում:

«Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը, և հաճելի է արձանագրել, որ գնալով այն ընդլայնվում է և ավելի շատ ծնողներ են կարողանում, առիթն օգտագործելով, հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին, շփվելու իրենց տղաների, իսկ իրականում մեր հայրենիքի պաշտպանների հետ: Այսօր այդ ավանդույթը սկսում է կյանք առնել նաև ՀՀ մարզերում: Իրականում բանակ-հասարակություն կապը սկսում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունից: Մենք, իրոք, շնորհակալ ենք ձեր ծնողներին այն դաստիարակության համար որով դուք զորակոչվել եք հայկական բանակ», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն զինծառայողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Զինվոր որդիների հետ հանդիպումը, որքան սպասված, նույնքան էլ հուզիչ էր: Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար՝ ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին:

Հիշեցնենք, որ հերթական այս այցի շրջանակում ծրագրից օգտվել են երևանաբնակ ժամկետային զինծառայողների ավելի քան 1600 ծնողներ:



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas