• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
30.10.2017 | 14:00

Քրդերն այս անգամ կփորձեն աշխատել առավել լայն դիվանագիտական խողովակներով. Փորձագետ

«Իրաքի Քուրդիստանի իշխանությունները ներկայում հայտարարել են անկախացման գործընթացի սառեցման մասին, ինչի  արդյունքում Իրաքյան Քուրդիստանի անկախացման շուրջ ծավալվող տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, որոնք հղի էին որոշակի լարվածությամբ և  պայթյունավտանգ հակամարտային ռիսկերով ու մարտահրավերներով, որոշ չափով մեղմվել են»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի ներկա իրավիճակին։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ քայլով փորձ է արվում զսպել հնարավոր ռազմական գործողությունների տեղայնացման ընդլայնումը։ «Իհարկե, խոսքը չի վերաբերում այն հնարավորությանը, որ լոկալ ռազմական հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սա քայլ է՝ ռազմական հակամարտությունը որոշակիորեն զսպելու, կանխելու իմաստով։ Կարծում եմ՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակման գործընթացի սառեցումը ժամանակավոր բնույթ է կրում, և այն ինչ-որ առումով շահավետ է հե՛նց Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության համար։ Քանի որ սառեցման գործընթացը հնարավորություն է տալիս այս անցումային փուլում, երբ կրքերը որոշակիորեն հանդարտվում են, առավել հավասարակշիռ դիրքերից գնահատել հակամարտող կողմերի միջև ուժային, դիրքային հարաբերակցությունը»,- նշեց Վերանյանը՝ հավելելով, որ այս անցումային փուլում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը կարող է հնարավորինս կշռադատված գնահատել ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները, քայլերն ու հակաքայլերը։

Վերանյանի խոսքերի համաձայն՝ Իրաքի կենտրոնական իշխանությունների ռազմական գործողություններում մեծ էր իրանական գործոնի դերը, այսինքն՝  կարող ենք ասել, որ իրանական կողմն ուղղակիորեն միջամտեց Իրաքյան Քուրդիստանի վերջին զարգացումներին՝ հատկապես ռազմական գործողությունների վարման տեսանկյունից: Ըստ վերլուծաբանի՝ այս փուլը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, ամենայն հավանականությամբ անցումային կլինի, քանզի եթե առհասարակ չխոսվի անկախացման գործընթացի հետագա շարունակման մասին, ապա այն կվերածվի Իրաքի Քուրդիստանի կողմից  չտրամաբանված քայլի: Հասկանալի է, որ քրդերը և տվյալ դեպքում՝ իրաքյան քրդերը տանսամյակներ ի վեր պայքար են մղել անկախացման համար և ի վերջո կարողացել են հաջողել՝ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի անցկացման հնարավորությամբ։ «Այս ամենից հետո զուտ ռազմական գործողությունների կանխման, տարածաշրջանային ապակայունացման ևս մեկ օջախ չստեղծելու պատճառաբանությամբ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության դիրքորոշումը՝ հետ կանգնել անկախությունից, կարծում եմ, առնվազն հակասական է։ Այնուամենայնիվ, կարևոր է հստակեցնել, որ խոսքը չի վերաբերում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության՝ անկախության վերաբերյալ դիրքորոշման արմատական փոփոխությանը, այլ ինչպես արդեն նշեցի, սա ինչ-որ առումով նաև ստեղծված անցումային փուլում ժամանակ շահելու լավ հնարավորություն է: Եվ եթե հարցին մոտենանք այս տրամաբանությամբ, ապա որոշ ժամանակ անց քրդերը ամենայն հավանականությամբ կփորձեն նորովի, առավել կշռադատված աշխատել, այս անգամ գուցե՝ առավել լայն դիվանագիտական խողովակներով՝ նույն Իսրայելի, Իրաքի կենտրոնական իշխանությունների, ինչու չէ՝ նաև Իրանի, կամ միջազգային դերակատարների՝ ԱՄՆ-ի ու ՌԴ ուղղությամբ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վերջինիս դիտարկմամբ, Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացն ինքնին և այդ գործընթացի շուրջ ծավալվող իրադարձությունները իրենց մեջ պարունակում են մերձավորարևելյան տարածաշրջանում որոշակի լարվածության, ապակայունացման ռիսկեր, քանի որ այդ զարգացումներում ներգրավված են մի շարք տարածաշրջանային հիմնական դերակատարներ՝ տարբեր քաղաքական, ռազմական, տնտեսական և տարածաշրջանային նշանակության մասամբ կամ լիովին հակադիր շահերով հանդերձ: Իրաքյան քրդերի շուրջ ընթացիկ իրադարձությունները նշյալ տարածաշրջանային հիմնական շահագրգիռ պետությունների համար հնարավորություն են Մերձավոր Արևելքում, կամ տարածաշրջանի այս կամ այն ազդեցության գոտիներում իրենց դիրքերը ամրապնդելու նպատակով։ Այն հարցադրումը, թե առաջիկայում Իրաքյան Քուրդիստանի շուրջ և ողջ տարածաշրջանում ինչպիսի ուժային ու դիրքային հարաբերակցություն կունենանք, կհաջողվի կողմերին պահպանել ուժային հավասարակշռության նոր կարգավիճակ, թե ոչ, ըստ մեր զրուցակցի, զգալիորեն կախված է նա՛և նրանից, թե Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները որքանով են պատրաստ առավել հեռանկարային մոտեցումներ ցուցաբերել ստեղծված անցումային փուլից հետո։

«Կարելի է ակնկալել, որ առաջիկայում է՛լ ավելի կուժեղանան արտաքին ճնշումները Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների ուղղությամբ, և դիրքային պայքարը կարող է մասամբ տեղափոխվել Իրաքյան քրդերի ներիշխանական հարթություն: Առավել ևս, որ ներկայում մասնավորաբար իրանական կողմը ակտիվորեն աշխատում է առաջնորդ Բարզանիի հեղինակության և դիրքերի թուլացման ուղղությամբ: Հարցի առնչությամբ կարևոր նշանակություն ունի նաև իսրայելական գործոնը, որը մեծ աջակցություն է ցուցաբերում իրաքյան քրդերին»,- եզրափակեց Կարեն Վերանյանը:

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas