• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
31.10.2017 | 15:00

Էներգիա եմ ստանում հայկականություն ունեցող յուրաքանչյուր իրից. «Պիաֆչիկ» ձեռագործ զարդերի հեղինակ

«Իմ պատրաստած զարդերի հումքը մետաղն է. այն բնական նյութը, որը մեծ էներգիա, շունչ ու հարստություն է պարունակում»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց «Պիաֆչիկ» զարդերի ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Լինա Գագիկյանը:

 

 Մետաղի տարատեսակների վրա ասեղնագործող մեր զրուցակիցը նշում է, որ մետաղի հետ աշխատելը՝ այն ձևափոխելը, կտրելը, փոփոխելը, բավական բարդ է։ Հեշտ չէ նաև այն տեխնիկան, որը կիրառվում է զարդերի պատրաստման պարագայում. մինչև մետաղը դառնում է որոշակի ձևով կամ նկարազարդմամբ զարդ, այն բազմաթիվ փուլեր է անցնում, իսկ այդ փուլերը, ինչպես մոդելավորողն է նշում, հաջողվում են միայն տարիների աշխատանքի շնորհիվ։

 «Ուսանողական տարիներին, երբ սովորում էի Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, ուսումնասիրել եմ մետաղի վրա նկարելու արվեստը, ինչն ինձ միշտ գրավել ու հետաքրքրել է, և ուսումնառության ավարտից երկար տարիներ անց որոշեցի ինձ համար զարդ պատրաստել մետաղից: Գեղեցիկ կապտականաչավուն երանգով աչքի ընկնող արույրի և պղնձի վրա նկարելով զարդ ստացա ու արդեն գրեթե 8 տարի զբաղվում եմ այս ճանապարհով զարդեր պատրաստելու արվեստով»։

Լինայի համար ներշնչանքի աղբյուր է իր հայ լինելը, նրան ոգևորում է հայկական մշակութային ժառանգությունը, այն ամենը, ինչը կա, գոյություն ունի մեր հարազատ հողի վրա։ «Էներգիա եմ ստանում հայկականություն ունեցող յուրաքանչյուր իրից, կառույցից,  կոթողից։ Հին հայկական եկեղեցին, թեկուզ խոնարհված, ինձ անսպառ էներգիա է փոխանցում, ինչն էլ իմ հերթին փոխանցում եմ մետաղին՝ նրան հաղորդելով հայկական մանրանկարչության, արվեստի զարդանախշերը։ Իմ զարդերի միջոցով փորձում եմ վերակենդանացնել  մոռացված, չկիրառվող հայկական զարդանախշերը, սիմվոլները, քանի որ իմ սկզբունքն է օգտվել հին հայկական նախշերից ու թեմաներից, զարդամոտիվներից, հայկական մշակութային մեծություններից»,- անկեղծանում է մեր զրուցակիցն ու հավելում, որ ստեղծագործական կյանքի ընթացքում ինքն էլ ստեղծել է իր սեփական սիմվոլային համակարգը, որի հիմքում, այնուամենայնիվ, առկա է հայկականությունը, քանի որ դրանք հարուստ նշանակություն ու խորը ենթատեքստ են պարունակում։

 

 Խոսելով իր զարդերի ապրանքանիշի անվան՝ «Պիաֆչիկ»-ի ծագումնաբանության ու նշանակության մասին, Լինան նշեց հետևյալը. «Մանկության տարիներին ինձ հաճախ էին նմանեցնում ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիտ Պիաֆին ու Պիաֆչիկ անվանում: Հետագայում պարզեցի, որ «պիաֆ» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է թռչնակ։ Երբ սկսեցի զարդեր պատրաստել ու առաջացավ դրանք մի անվան ներքո ներկայացնելու անհրաժեշտությունը, հենց մանկությանս կեղծանունն էլ դարձավ իմ ապրանքանիշի անունը»։

 

 Մեր զրույցում անդրադարձանք նաև «Պիաֆչիկ»-ի՝ Հայաստանից ու հայկական շուկայից դուրս ճանաչվածության հարցին, ինչի առիթով մեր զրուցակիցը նշեց, որ վերջերս մասնակցել է Մոսկվայում կայացած «Ոսկե նուռ» փառատոնին (փառատոնի շրջանակներում ներկայացվում է հայկական մշակույթը),  որի ժամանակ ցուցադրվել են նաև իր զարդերը։ Լինայի գործերը փառատոնի ընթացքում մեծ ուշադրության են արժանացել իրենց ինքնատիպ ձեռագրի, անհատական ու յուրահատուկ լինելու շնորհիվ։ Այլ երկրում ևս ներկայացվել է ապրանքանիշը՝ կրկին արժանանալով ուշադրության ։

 «Զարդերը ձեռքի աշխատանք են, ուստի բոլորն էլ մեկ օրինակով են ստեղծվում, եզակի են։ Սիմվոլները, նախշերը գուցե կրկնվեն, օրինակ, նուռը, կենաց ծառը, թռչունը, բայց զարդն ամբողջությամբ երբեք չի կրկնվում, քանի որ նկարելիս, զարդը նախագծելիս դետալները, պատկերները միշտ նախորդներից տարբեր են ստացվում։ Սա չի հանգեցնում մտքերի կամ գաղափարի պակասի, քանի որ  ստեղծագործողը կդադարի լինել ստեղծագործող,  եթե գաղափարի կամ մտքի պակաս ունենա»,- ասում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ զարդերը չեն ձուլվում, այլ պատրաստվում են մետաղը  անհրաժեշտ ձևով կտրելու, մշակելու, ձևափոխելու միջոցով։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 

Լուսանկարները՝ Իննա Շիմալյանի 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas