• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
01.11.2017 | 13:04

Բաթումի պայմանագիրը

Բաթումի պայմանագիրը Հաշտության և բարեկամության պայմանագիր է Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, որ կնքվել է հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի հանրապետության անկախությունից վեց օր հետո: Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից դաշնակցական Հովհաննես Քաջազնունին, իսկ Ժողովրդական կուսակցության անունից՝ Մ. Պապաջանյանը:

Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմանների բերումով: Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»: Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնալուծարման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց:

 

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։

Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։

2-րդ հոդվածով որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։

4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»: Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթ օգտագործել՝ Հայաստանը զավթելու համար։

5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։

6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։

11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրիին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում էին 14-րդ հոդվածով։

Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, հայկական ռազմական ուժերի անհապաղ զորացրման վերաբերյալ։

Թուրքական կառավարությունն ինք իրեն իրավունք էր վերապահում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։

Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։

Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Բաթումի պայմանագիրը, սակայն, երկար կյանք չունեցավ. Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը՝ հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

 

 

 

Աղբյուրը՝ Հ. Վարդիվառյանի աշխատություններ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas