• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
02.11.2017 | 20:30

Դեռ վաղ է խոսել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հնարավոր ազդեցությունների մասին. Թուրքագետ

«Նախօրեին պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, սակայն, դեռ վաղ է խոսել դրա հնարավոր ազդեցությունների մասին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ Վահրամ  Տեր-Մաթևոսյանը՝ խոսելով երկաթծի տարածաշրջանային նշանակության մասին։

Թուրքագետի դիտարկմամբ, ադրբեջանական քարոզչամեքենան ցանկանում էր երկաթգիծը ներկայացնել որպես բացառապես ադրբեջանական, երկրի կշիռն ու դերը մեծացնելուն ուղղված ծրագիր, սակայն դեռ շատ զարգացումներ են տեղի ունենալու, որպեսզի երկաթգիծն այդպիսին դառնա և արդարացնի Ադրբեջանի սպասելիքները, որոնք կապված են դրա հետ։

Խոսելով Հայաստանի համար երկաթգծի ունեցած նշանակության մասին՝ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանը 2007թ.-ին իրավացիորեն դեմ էր այս նախագծին, բայց այժմ ժամանակն է, որպեսզի վերանայենք մեր դիրքորոշումը: «Անհրաժեշտ է հասարակությանը տեղյակ պահել, թե ինչ աշխատանքներ են տարվել ու տարվում, որպեսզի Հայաստանը կամ ջավախահայերը կարողանան ներգրավվել երկաթգծի շահագորշման գործընթացին եթե ոչ ակտիվորեն, ապա առնվազն անմասն չմնան դրա շահագործման հնարավորություններից։ Հատկապես ջավախահայության համար է խնդիրը շատ կարևոր, քանի որ եթե անգամ մեկ օրինակ կամ ապացույց լինի, որ ջավախահայությանը կամ վիրահայությանն առհասարակ միտումնավոր կերպով օտարում են այդ ծրագրին մասնակցելուց կամ զրկում են դրանով տեղափոխվելու հնարավորությունից, ապա լուրջ հետևություններ անելու կարիք կլինի։ Նման պարագայում Վրաստանի իշխանությունները պետք է կարողանան բացատրել Հայաստանի իշխանություններին, թե ինչպես է հնարավոր ինքնիշխան Վրաստանում նման անթույլատրելի դեպքերի կատարումը։ Կամ ինչպիսի քայլեր են ձեռնարկում Վրաստանի իշխանությունները՝ բացառելու համար նման քայլերը կամ դրանց կրկնությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

 

Ըստ թուրքագետի՝ այն հանգամանքը, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հանձնվել է շահագործման, դեռ չի նշանակում, որ այն իր ամբողջ ծավալով է աշխատելու։ «Հետևաբար, պետք է սպասել։ Բայց սպասումը պետք է ակտիվ լինի, մենք պետք է կարողանանք Վրաստանի հետ ակտիվորեն բանակցել, հասկացնել Թուրքիայի իշխանություններին, որ Հայաստանին շարունակ մեկուսացնելը չի բխում նրա շահերից։ Դա կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանում անվտանգության, կայունության, փոխվստահության ստեղծման առումով»,- ասաց Տեր-Մաթևոսյանը՝ շեշտելով, որ Էրդողանի՝ իր պաշտոնական հայտարարության մեջ   երկաթգիծը տարածաշրջանում կայունության ու անվտանգության երաշխիք համարելը միայն իրերն իրենց անուններով կոչելուց հերթական  անգամ խուսափելու քայլ է։ «Թվում է՝ նման հայտարարություններով, ընդհանրական ձևակերպումներով Էրդողանը կարող է միջազգային հանրությանը ներկայացնել իրերի այնպիսի ընթացք, որն իրեն է ձեռնտու։ Սակայն բոլորիս համար հասկանալի է, որ դա այդպես չէ: Բոլորը հասկանում են, թե Հայաստանի համար Թուրքիան ինչպիսի դժվար պայմաններ է ստեղծել և ինչպիսի միջազգային պայմանագրեր է խախտում՝ Հայաստանի նկատմամբ նման շրջափակում պարտադրելով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas