• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
06.11.2017 | 13:01

«Ինձ շրջապատող մարդիկ լի էին մեր երկրի ապագան կերտելու եռանդով ու վճռականությամբ». Հայ գործարար

«Տնտեսական մտքի ամենաբարձր ձեռքբերումները ի հայտ են գալիս տնտեսական անկման ժամանակաշրջաններում»:
                                                                                                            

Բուխվալի օրենքը

 

Գաղտնիք չէ, որ ժամանակակից տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ, կայուն տնտեսություն: Եվ դրանում ոչ պակաս կարևոր դեր է խաղում մասնավոր հատվածը` հայ ձեռնարկատերերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել աղքատությունը և հասնել տնտեսական բարգավաճման տնտեսական ճգնաժամերի, քաղաքական և հումանիտար ցնցումների դարում:

Նրանցից մեկը, ով պատրաստ է դիմակայել այս բոլոր մարտահրավերներին, իր անձնվեր աշխատանքով հաղթահարել ցանկացած խոչընդոտ և խիզախորեն հաղթահարել դժվարությունները՝ հաջողության հասնելու համար, անհատ ձեռնարկատեր, Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ի  տնօրեն Նորիկ Հակոբջանյանն է, ում իրավացիորեն կարելի է համարել մեր ժամանակի հերոս:

«Առհասարակ սիրում եմ ճարտարագետի իմ մասնագիտությունը, որովհետև դրանում ես տեսնում եմ մեծ ստեղծագործական ներուժ: Իմ կյանքում միշտ փորձել եմ ոչ թե ուրիշի արածը կրկնել, այլ ինչ-որ նոր բան անել», - «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց  Նորիկ Հակոբջանյանը` հավելելով, որ հաջողության տանող ճանապարհը դժվար է եղել, դրան նախորդել են բազմաթիվ բարդ ու ծանր աշխատանքով լի տարիներ:

 «Նախ` սկսել եմ լավ սովորելուց, ի սկզբանե միշտ եղել եմ առաջինը, թե դպրոցում, թե ինստիտուտում, միշտ ավագ եմ եղել և՛ դպրոցում, և՛ կուրսում: Հիմա էլ ավագի կարգավիճակով գործարանում եմ», - ժպտում է պարոն Հակոբջանյանը:

Սակայն սիրելի գործով զբաղվելու անխոնջ ցանկությունը, մտերիմ մարդկանց աջակցությունն ու խանդավառությունը բերեցին իրենց սպասված պտուղները` ձեռնարկության ղեկավարը բազմիցս պարգևատրվել է մի շարք մրցանակներով և պարգևներով, ինչպիսիք են «Ոսկե Յագուար»-ը, «Փառքի դափնեկիրներ»-ը և «Ոսկե մրցանակ»-ը: Վերջերս Կիպրոսում պարոն Հակոբջանյանը մասնակցել է «Մետաղների տարածաշրջանային առևտրի զարգացում 2017» խորագրով կոնֆերանսին, որտեղ պագևատրվել է  պատվավոր դիպլոմով:

«1985 թ. Աղավնաձոր գյուղում մենք զրոյից կառուցեցինք նոր գործարան, որը «ԵրԱԶ» գործարանի մասնաճյուղն էր և կատարում էր այդ գործարանի պատվերները: Բացի այդ պատվերներից, մենք շատ այլ սպեցիֆիկ արտադրանքներ ենք թողարկել: Երբ սկսվեցին Սումգայիթյան դեպքերը,  «ԵրԱԶ» գործարանը կաթվածահար եղավ, քանի որ «ԵրԱԶ» ջերմամեկուսացված բեռնատար ավտոմեքենաների ապակիները և փրփրապլաստը, որն անհրաժեշտ է ջերմամեկուսացման համար, ստանում էինք Սումգայիթից: Ինձ համար շատ կարևոր խնդիր էր օգնել  «ԵրԱԶ» գործարանին ոչ միայն աշխատանքով, այլ նաև իմ գիտելիքներով: Մենք զրոյից հիմնադրեցինք փրփրապլաստի արտադրություն և միաժամանակ սկսեցինք աշխատել «ԵրԱԶ» մեքենաների համար նախատեսված ապակիների ջերմամշակմամբ: Զուգահեռ բանակցություններ էի տանում հումքի ձեռքբերման համար և տեղում կազմակերպում էինք անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների արտադրություն», - հայտնեց մասնավոր ձեռնարկատերը:

Նրա խոսքով` ձեռնարկության անձնակազմի հայրենասիրության շնորհիվ «ԵրԱԶ» գործարանը հաջողությամբ դուրս եկավ այդ ճգնաժամային իրավիճակից.
 «Մենք մատակարարեցինք գործարանը և՛ ապակիներով, և՛ 
փրփրապլաստով: Հետո անհրաժեշտություն առաջացավ ավելացնել փրփրապլաստի ծավալները, որովհետև գոյություն ուներ աղետի գոտի, ու արտասահմանյան ընկերությունները, որոնք եկել էին վերականգնելու այդ աղետի գոտին, հստակ խնդիր ունեին շենքերի պատերը կառուցելու թեթև կոնստրուկցիաներից, որոնք պատրաստվում էին հետևյալ սխեմայով` բետոն-արմատուրա-փրփրապլաստ-բետոն: Մենք ստացանք մեծ պատվերներ, և մեր հրաշալի կոլեկտիվը, որը բաղկացած էր 70 մարդուց, սկսեց ակտիվ աշխատել այդ ուղղությամբ` եռահերթ ռեժիմով, այսինքն՝ օրը 24 ժամ», - տեղեկացրեց պրն. Հակոբջանյանը` ավելացնելով, որ երկիրը շրջափակման մեջ էր, և Հայաստանում տարբեր ապրանքների պակաս կար:

«Ինձ համար միշտ խնդիր է եղել որսալ պահը` ինչն է տվյալ պահին հանրապետությունում դեֆիցիտ: Ասեմ, որ զուգահեռ աշխատում էինք ռազմաճակատի համար, համագործակցում էինք երևանյան գործարանների հետ՝ որոշ զենքերի տեսակների համար դետալներ պատրաստելով: Դրա հետ մեկտեղ հանրապետությունում  տարբեր տեսակի գյուղատնտեսական գործիքների պակաս կար, մենք բոլոր տեսակներից էլ կարողացանք արտադրել: Աղավնաձորի գործարանը, որպես իմ կենսագրության սկիզբ և ծննդավայր, աշխատելու է միշտ, դա միակ բանն է, որը մնացել է «ԵրԱԶ» գործարանից», - հավելեց տնօրենը:

Հետո Եղեգնաձորում հիմնվեց Աղավնաձորի գործարանի փոքր մասնաճյուղը, որը հիմնականում որոշակի ծառայություններ էր մատուցում տեղի բնակչությանը, ընդունվում էին մետաղյա տարբեր իրերի ու գործիքների արտադրության անհատական պատվերներ` դռների, դարպասների, ցանցերի և այլն: Կատարվում էր նաև ավտոտեխսպասարկում, որը միակն էր այդ տարածքում. Երևանից մինչև Ղարաբաղ այդպիսի ծառայություն մատուցող չկար:

«Հետո պարզվեց, որ իմ ցանկություններն ավելին են, իսկ հնարավորությունները գյուղում` քիչ: Ես որոշեցի զուգահեռ նաև հիմնել առևտրի կետ Երևանում. կար այսպիսի խնդիր` մեր արտադրանքը մեծամասամբ իրացնում էին մայրաքաղաքի խանութներում, բավական  բարդ էր աշխատել 20-30 խանութների հետ: Ստիպված հիմնեցի մի փոքր առևտրի կետ, որում հիմնականում վաճառվում էր Աղավնաձորի գործարանի արտադրանքը: Ուսումնասիրելով նաև հաճախորդների պահանջարկը` մենք 2000 թ.-ից սկսեցինք պատրաստի արտադրանքի` անկյունակների, խողովակների, թիթեղների և այլնի ներմուծումներ կատարել Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից: Երբ ապրանքների ծավալները մեծացան, ուսումնասիրվեց պահանջարկը, պարզվեց, որ դրա մեջ մեծ տոկոս են կազմում կլոր և քառանկյուն խողովակները: Ես կատարեցի բիզնես հաշվարկ և որոշեցի գնալ ռիսկի ու Երևանում կառուցել պողպատյա խողովակների գործարան», - հավելեց պարոն Հակոբջանյանը:  

Այսպես 2007 թ. Չարբախում սկսվեց Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ»-ի կառուցումը:

«Այս տարածքում գնել ենք բազմիցս բզկտված, քայքայված շենքեր, շինություններ, որոնք սեփականաշնորհվել էին, ձեռքից ձեռք անցել, թալանվել: Մասնաշենքերը ձեռք բերելուց հետո սկսեցինք և՛  շինարարական աշխատանքները, և՛ հոսքագծերի հիմքերի պատրաստումը: Այն ժամանակ ոչ միայն ինձ մոտ, այլ նաև իմ կողքին կանգնած բոլոր մարդկանց մոտ կար կառուցելու, մի բան ստեղծելու եռանդը: Ես կարողացա իմ շուրջ հավաքել մարդկանց, ում հետ կարող էի աշխատել հանուն երկրի ապագայի: Եվ փառք Աստծո, ստացվեց` 2009 թվականի օգոստոսին արդեն տվեցինք առաջին արտադրանքը: Այդ գործում ինձ օգնել են նաև իմ ուկրաինացի, իրանցի գործընկերները: Բացի դա, ես համագործակցում էի այն ժամանակ շատ հայտնի Դնեպրոպետրովսկի խողովակների ինստիտուտի հետ: Հրավիրելով լավագույն մասնագետների`ուսուցանելով մեզ մոտ հավաքագրված բանվորական անձնակազմին, կազմակերպելով դասընթացներ, ձևավորեցինք փայլուն կոլեկտիվ», - հպարտությամբ նշեց պարոն Հակոբջանյանը:

Ներկայումս գործարանում աշխատում է շուրջ 65 մարդ, խանութների և պահեստների ցանցում, ինչպես նաև Եղեգնաձորի մասնաճյուղում կա մոտ 180 աշխատող: Այժմ ձեռնարկությունը հանրապետության խոշոր հարկատոներից մեկն է: Ըստ Հակոբջանյանի՝ բացառիկ դեպք է, երբ խոշոր հարկատուների ցանկում հայտնվում է անհատ ձեռնարկություն:

«Թերթը ընթերցեցի, երբ գյուղում էի: Ասեմ, որ շատ հուզված էի: Այդ ժամանակ բոլոր պլանները զուգահեռ էին զարգանում, և ես խոշոր վարկերի տակ էի մտնում: Քանի որ կար խանութ, որտեղ կատարվում էր մանրամեծածախ առևտուր և դրա հիման վրա ստեղծվեց գործարան, իրացման ճակատ բացելու անհրաժեշտություն առաջացավ: Ես ձեռք բերեցի նաև երկու առևտրի կետ` Աշտարակի և Թբիլիսյան խճուղիների վրա: Այդպես մենք պատրաստվեցինք գործարանի ապրանքը վաճառելուն: Այժմ գործարանի արտադրանքի մոտ 30 տոկոսը վաճառվում է մեր խանութների ցանցում, իսկ 70 տոկոսը գնում են ուղղակի գնորդները», - հպարտությամբ եզրափակեց անհատ ձեռնարկատերը:

 

2007 թ. հիմնադրված Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ն տարածաշրջանում առաջատար ձեռնարկություններից մեկն է հանդիսանում պողպատյա խողովակների լայն տեսականու արտադրության ոլորտում`մոտ 250 միավոր:

Ընկերությունն ունի հիմնական և օժանդակ արտադրական համալիրներ, մասնաճյուղեր, պատրաստի արտադրանքի պահեստներ, տրանսպորտային պարկ ՀՀ տարբեր շրջաններում, ինչպես նաև փորձառու մասնագետներից կազմված բարձրակարգ անձնակազմ:

Ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում: Հումքը գործարանը ստանում է Ուկրաինայից, Ռուսաստանից, մասամբ` նաև Թուրքիայից:

Գործարանի գործունեության հիմնական առաջնահերթություններից են արտադրանքի տեսականու մշակումն ու ընդլայնումը, արդիական շուկայական գաղափարների իրականացումը, ինչպես նաև նոր մրցունակ արտադրատեսակների արտադրությունը:

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Իսախանյանի

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas