• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
07.11.2017 | 13:01

Արցախյան հիմնահարցը և դրա լուծման ուղիները

Արցախյան հարցի ծագումից ի վեր այն շարունակաբար հայ քաղաքագիտական մտքի կենտրոնում է, և դրա «լուծման» շուրջ աշխատում են ոչ միայն հայրենի, այլև արտասահմանյան մտքի «տիտանները», որոնց միացել են միջազգային տարբեր ատյաններն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս խմբի համանախագահ երեք պետությունների ներկայացուցիչները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև՝ այդ խնդրի լուծման համար ուղիներ փնտրելու նպատակով։ Այդ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով՝ փոխնախարարների, նախարարների և վերջապես նախագահների: Չնայած բազմաթիվ  հանդիպումների ու ջանքերի, առաջընթաց այդպես էլ չի արձանագրվում: Հիմնական հարցը հետևյալն է՝ ի՞նչն է հակասությունների հիմնական պատճառը, որը հնարավորություն չի տալիս կողմերին ընդհանուր հայտարարի գալ:

 

Չխորանալով հակամարտության՝ բոլորին հայտնի պատմության մեջ՝ նշեմ, որ հիմնական խնդիրը Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական նոր իրավիճակն է, որն արտահայտվում է status quo-ի պահպանմամբ, ապա դրա ընկալմամբ, որպես տարածաշրջանում խաղաղության պարտադրման մեխանիզմ։ Ժամանակի ընթացքում հայ հանրությունը status quo-ն սկսեց ընկալել նաև որպես Արցախյան պատերազմում հայկական զենքի հաղթանակի գրավական  և ապացույց ։ Այսինքն, հրաժարվել status quo-ից հավասարազոր է հրաժարվել հայկական հաղթանակի ապացույցից ու տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության սկզբունքից, իսկ դա իր հերթին նշանակում է, որ  տարածաշրջանը զրկվում է ռազմական զսպման գործուն մեխանիզմներից և արագորեն գնում է դեպի նոր պատերազմ։

 

Ադրբեջանական կողմն իր քայլերով, սահմանային մշտական լարվածությամբ, հատկապես 2016թ․ ապրիլյան պատերազմով մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայկական կողմի ընկալումները Արցախյան հարցի ու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ բավական  սթափ են, ու դրանց պահպանման շնորհիվ է, որ տարածաշրջանը չի մտնում երկարատև ու արյունալի պատերազմի ժամանակաշրջան։ Ադրբեջանական կողմն էլ թեկուզ և չցանկանալով ստիպված է  միջնորդների ճնշման պայմաններում ու ռազմաքաղաքական հավասարակշռության պատճառով  շարունակել բանակցային գործընթացը։

 

Արցախյան հիմնահարցը հայության համար շարունակաբար ընկալվում է  որպես տարածաշրջանում հայկական պետականության անվտանգության կարևորագույն գործոն. սա ոչ միայն ճիշտ է, այլև այն կողմնորոշիչն է, որը հնարավորություն է տալիս, անկախ ամեն ինչից, շարունակաբար ամրացնել հայկական 2-րդ  հանրապետությունը։ Սա նաև Արցախյան հիմնահարցում հայկական կողմի կոշտ դիրքրոշման պատճառներից մեկն է, այսինքն՝ հայության անվտանգությունը չունի այլընտրանք բացի Արցախի հզորացումից ու չկան միջազգային երաշխիքներ , որոնցով կարելի կլինի փոխարինել այդ այլընտրանքը։

 

Այլ կերպ ասած, Արցախյան հիմնահարցը վաղուց արդեն լուծված է համայն հայության համար, հարկավոր է միայն շարունակաբար ամրապնդել գործող ռազմաքաղաքական հավասարակշռությունը, պահպանել status quo-ն, անկախ նրանից, թե ով ինչ կասի դրա մասին  ու հասկանալ, որ Արցախը պետք է ընկալել որպես հայկական պետության մի մաս, դրա պահպանման ու հզորացման հիմնական գրավական։

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու


    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas