• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
07.11.2017 | 20:30

Մերձավոր Արևելքն այժմ ապրում է ոչ լավագույն ժամանակներ. Փորձագետ

«Իրաքյան Քուրդիստանի անկախացումը դժվար թե ճգնաժամային իրավիճակ ստեղծի այլ ռազմաքաղաքական զարգացումների և տարածարջանային գործընթացների ուղղությամբ»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

Վերջինիս դիտարկմամբ, սա, իհարկե, ուղղակի և անուղղակի կապ ունի տարբեր ռազմաքաղաքական գործընթացների հետ, որոնք իրականանում են թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային հարաբերություններում առհասարակ։ Բայց, մեր զրուցակցի կարծիքով, դժվար է թե  Իրաքյան Քուրդիստանի շուրջ կայունության  խախտման  դրսևորումները կամ այդ հետևանքով ստեղծված անկայուն ընդհանուր իրադրությունը՝ դոմինոյի էֆեկտով տեղափոխվի այլ տարածաշրջանային հակամարտությունների վրա, ինչպիսին, օրինակ, Արցախյան  հակամարտությունն է: Իհարկե, բացասական ապակայունացնող ազդեցություն այն, ըստ էության, ընդհանրական առումով ունի և առաջիկայում ևս կարող է ունենալ տարածաշրջանի տարբեր կնճռոտ խնդիրների վրա, այդ թվում և արցախյան հիմնախնդրի համատեքստում, սակայն դա կրում է անուղղակի արտահայտվածություն և չի կարող ընդունել խորքային բնույթ։ Ըստ Վերանյանի՝ այս դեպքում անուղղակի  կամ մասնակի ազդեցության մասին կարելի է խոսել։

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ տարածաշրջանի տարբեր երկրներ Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված իրավիճակը օգտագործում են իրենց ազգային-պետական շահերից ելնելով։ Իրանը, ինչպես, օրինակ, անուղղակիորեն ներգրավված լինելով Իրաքյան Քուրդիստանի հարցում, մերձտարածաշրջանային զարգացումներում իր շահերն է թելադրում։ Որոշակի շահեր, խնդիրներ ունենալով Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացքում՝ վերջինիս այս կամ այն  դրսևորումները, վերլուծաբանի խոսքով, որոշակիորեն պայմանավորում են նաև Իրանի  մոտեցումները տարածաշրջանային այլ հարթություններում: Տրամաբանական է կարծել, որ Իրաքյան Քուրդիստանի հարցում իրանական կողմի մոտեցումները այս կամ այն կերպ կարտացոլվեն նաև տարբեր հիմնահարցերում Թեհրանի քաղաքականությունում։ «Այս տեսանկյունից Իրանը կամ նույն Իսրայելը իրենց դիրքորոշումները կարող են որոշակիորեն վերաձևակերպել Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող գործընթացների, անցումային զարգացումների տրամաբանությունից ելնելով: Սակայն ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե Իրաքյան Քուրդիստանի անկախացման ֆոնին կունենանք սիրիական երկրորդ  ճգնաժամ կամ Արցախյան հակամարտության սրացում, որը կարող է վերահսկողության  սահմաններից դուրս գալ: Գուցե անկախ գործընթացներ լինեն, որոշակի անուղղակի ազդեցություն ևս դրսևորվի, բայց այն կարծիքը, թե  Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած գործողությունները կարող են մեխանիկորեն տեղայնացվել տարածաշրջանի այլ հատվածներում, այնքան էլ իրատեսական չէ»,- նշեց Վերանյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումները՝ ի դեմս Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող իրադարձությունների, քիչ հավանական է, որ այսքանով կամփոփվեն կամ կսահմանափակվեն։ «Հատկապես Մերձավոր Արևելքում մենք անընդհատ ականատես կլինենք տարածաշրջանային նշանակության ամենաակտուալ, խնդրահարույց հարցերի ու երևույթների ակտիվացմանը, սակայն գլխավորապես հարցի բացասական ենթատեսքտի առումով, քանի որ այժմ Մերձավոր Արևելքն ապրում է իր համար ոչ այնքան լավ ժամանակներ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միջազգային հարաբերություններում չկան փոխհամաձայնեցված մոտեցումներ, միջազգային հանրության տարբեր կողմերի միջև բացակայում է խնդիրների նկատմամբ առավել կառուցողական դիրքորոշումը:

«Տարածաշրջանային մասշտաբով չեն կարող լինեն կայունացման միտումներ, և այս տեսանկյունից տարածաշրջանային նշանակության հիմնական խնդիրները և հակամարտային օջախները կլինեն միջազգային հարաբերությունների կարևորագույն, անբաժանելի մասը»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Վերանյանը:   

 

 

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas