• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը
08.11.2017 | 13:02

Այսօր լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի ծննդյան օրն է

Այսօր լեգենդար Ֆրանսիացի կինոդերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ալեն Դելոնի ծննդյան օրն է, նա դարձավ 82 տարեկան:

 

 

Դերասաը միլիարդների կարողության և հսկայական անշարժ գույքի տեր է, շամպայնի, ակնոցների, տղամարդու հագուստի, օծանելիքի և դիմահարդարման պարագաների արտադրության հիմնադիր և սեփականատեր, էլիտար ձիերի բուծարանի հիմնադիԱրդեն 23 տարեկան հասակում Դելոնն հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:

 

 

Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին Փարիզի հարավում գտնվող Սո արվարձանային քաղաքում, դեպարտամենտ Օ դե Սեն (Վերին Սենա)։ Դելոնի մանկությունն անցել է Բուր լա Ռեն ոչ մեծ քաղաքում, ուր Դելոնի ծնողները տեղափոխվել էին տղայի ծնունդից մի քանի տարի առաջ:

 

 

Դելոնը տասնյոթ տարեկան էր, երբ փարիզյան մետրոյում պաստառ տեսավ. «Դուք կդառնաք փորձարկող օդաչու և կանցնեք վերապատրաստում Կանադայում»:

Ալենը ոգևորվեց փորձարկող օդաչու դառնալու մտքից։ Սակայն դիմելով Օդային ուժերի նախարարություն, նա իմանում է, որ այդ տարի օդաչվական դպրոցի ընդունելությունը վերջացել է։ Սակայն ֆրանսիական բանակը նորակոչիկների կարիք ուներ։ 200 հազար ֆրանկ առաջարկվող աշխատավարձը երիտասարդ Ալենին թվաց բավականին մեծ գումար։

 

 

Այսպես, 1953 թվականին՝ թողնելով Փարիզի աշխատանքը, ապագա դերասանը հայտնվում է պարաշյուտա-դեսանտային զորքերի ծովային հետևակի կորպուսի շարքերում և մասնակցում է Հնդկաչինի պատերազմին:

 

 

1956 թվականին զորացրումից հետո, Ալենը բանակային ընկերոջ հետ ուղևորվում է սկզբում Մարսել, որտեղ ծախսում է բանակում աշխատած գումարի կեսը, այնուհետև ուղևորվում Փարիզ: Երիտասարդները Պլյաս Պիգալում էժան հյուրանոցում համար են վարձում։

 

 

Դելոնը Ելիսեյան դաշտի մոտակայքում գտնվող գարեջրատանը աշխատանքի է ընդունվում որպես մատուցող։ Սակայն այդ պաշտոնը ապագա դերասանի սրտով չէր. «Ադմինիստրատոր, մետրդոտել, ավագ մատուցող՝ նրանք բոլորը բղավում էին իմ՝ շարքային մատուցողի վրա: Իմ բնավորությամբ մարդու համար հեշտ չէր ընդունել այդ ստորաքարշ պաշտոնը»:

 

 

Հազիվ աշխատել սկսած փառասեր երիտասարդը դուրս է գալիս գարեջրատնից և Փարիզում մնում է առանց աշխատանքի։ Ուսման համար նա փող չուներ, բայց հարազատ Բուր լա Ռեն վերադառնալ ևս նա չէր ցանկանում։

 

 

Փարիզյան իր նոր ընկերների խորհրդով Ալենը որոշում է իր լուսանկարները ցույց տալ պրոդյուսերներին։ Սակայն մեկը մյուսի ետևից մերժվում էր. «Դուք չափից շատ գեղեցիկ եք, Ձեր մոտ կարիերան չի ստացվի», ― Ալենին բացատրում էին պրոդյուսերները: Սակայն ապագա դերասանը չէր վհատվում և շարունակում էր մասնակցել տարբեր քասթինգների և կինոփորձերի։ Այդպիսի քասթինգներից մեկի ժամանակ Դելոնը ծանոթանում է սկսնակ դերասան Ժան Կլոդ Բրիալի հետ։ Երիտասարդներն ընկերներ են դառնում և 1956 թվականին նրանք ուղևորվում են Կաննի փառատոնին՝ հույս ունենալով, որ այնտեղ նրանց կնկատեն:

 

 

Այնտեղ երիտասարդ Ալեն Դելոնին նկատեց ամերիկացի «տաղանդների որսորդ» իմպրեսարիո Հարրի Ուիլսոնը: Նա փոխարինող էր փնտրում վերջերս կյանքից հեռացած Ջեյմս Դինին: Ուիլսոնը Դելոնին ուղարկում է Հռոմ՝ կինոփորձերին մասնակցելու համար։ Դրանք հաջող են անցել։ Ուիլսոնը Ալեն Դելոնին յոթամյա պայմանագրով աշխատանք առաջարկեց Հոլիվուդում: Պայմանագրի պարտադիր պայման էր համարվում անգլերենի իմացությունը, որն ապագա դերասանը պետք է սովորեր երեք տարվա ընթացքում։ Փարիզ վերադառնալուն պես Դելոնը սկսում է անգլերեն սովորել և պատրաստվում էր գնալ ԱՄՆ:

 

 

Սակայն Ժան Կլոդ Բրիալին ընկերոջը ծանոթացնում է հայտնի կինոռեժիսոր Իվ Ալլեգրեի հետ, և Ալլեգրեն Դելոնին համոզում է դերասանական կարիերան սկսել հայրենիքում և նրան ոչ մեծ դեր է առաջարկում իր նոր կինոնկարում:

 

 

Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»: 1960 հուլիսի 1-ին «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը հայտնիություն է ձեռք բերում հարազատ Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև ստանում է նոր դեր, այս անգամ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի մոտ։ Վիսկոնտին Պարոնդի ընտանիքի մասին «Ռոկկոն և նրա եղբայրները» կինովեպն էր նկարահանում, ովքեր Բազիլիկատա գյուղից տեղափոխվել են Միլան ավելի լավ կյանքի որոնումներում: Ռոկկոն ստիպված էր բռնցքամարտիկ դառնալ մորն ու եղբայրներին պահելու համար։ Ալեն Դելոնի կատարմամբ Ռոկկոն՝ գեղեցիկ և առաքինիչ երիտասարդ, ով չի կորցնում իր ազնվությունը, անկախ ճակատագրի կողմից տրված բոլոր դժվարություններից և փորձություններից։ Այդ դերը Թոմ Ռիփլիի հակադիր դերն էր, որը Դելոնը խաղաց Ռենե Կլեմանի մոտ։ Կինոնկարի փարիզյան շնորհանդեսից հետո, որը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 10-ին, քննադատները խոստովանում են, որ կինոնկարում առաջին երկու լուրջ դերերը բացահայտել են Դելոնին որպես նուրբ և բարդ դրամատիկական դերասան:

 

 

Երիտասարդ Ալեն Դելոնին, դերասան-ինքնուսին, կարիերայի հենց սկզբում հաջողվել է ստեղծել բարդ կերպարներ, որոնք ավելի ուշ ներառվել են կինոարվեստի բոլոր դասագրքերում:

1965 թվականին դերասանը կնոջ՝ Նատալիի և որդու՝ Էնթոնիի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Հոլիվուդում Մետրո Գոլդվին Մայերի հետ պայմանագրով աշխատելու համար։ ԱՄՆ-ում Դելոնը նկարահանվում է Ռալֆ Նելսոնի «Գող ծնվածը» քրեական դրամայում (1965), 1966 թվականին դերասանը նկարահանվել է Մարկ Ռոբսոնի «Կորած ջոկատը» ռազմական դրամայում, որը պատմում էր ֆրանսիական զինծառայողների մասին, ովքեր վերապրել են Ֆրանսիայի՝ Հարավ-Արևելյան Ասիայում կրած ամոթալի պարտությունը։ Նույն թվականին Դելոնը խաղացել է Ռենե Կլեմանի «Այրվու՞մ է արդյոք Փարիզը» ֆրանկո-ամերիկյան կինոնկարի գլխավոր դերերից մեկը։

 

 

Դերասանը ևս նկարահանվել է «Տեխասը գետից այն կողմ», «Արկածներ որոնողները», «Երեք քայլ մոլեգնության մեջ», «Սամուրայ», «Լողավազան», «Սիցիլիական կլան», «Ձանձրացնող տատիկի վերադարձը», «Կուդերի այրին», «Հանգստի առաջին գիշերը», «Երկուսը քաղաքում» և այլ բազմաթիվ ֆիլմերում: 1979 թվականին Դելոնը համաձայնում է մասնակցել ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» ֆիլմում։

 

 

Տաղանդն ու գումարների անսահմանափակությունը թույլ տվեցին Ալեն Դելոնին զբաղվել նաև բիզնեսով: Նրա կյանքի այդ կողմի մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա չի սիրում խոսել իր ձեռնարկատիրական գործունեության մասին: Սակայն այն, որ նա համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Սուր և արագ միտքը թույլ են տալիս Դելոնին շահ տեսնել այնտեղ, որտեղ մյուսները դա չեն տեսնում: Շատերի կարծիքով, Դելոնի հաջողության գրավականը նրա աստվածային գեղեցկությունն է:

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas