• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
08.11.2017 | 11:04

Այսօր 20-րդ դարի հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

Հայտնի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ․-ի նոյեմբերի 8-ին այժմյան  Թուրքիայի տարածքում գտնվող Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում առևտրական և հողագործ Հմայակի տանը։ 1915թ․-ի հայ ժողովրդին վրա հասած արհավիրքից հետո՝ 1918թ․-ին, Իսաբեկյանի ընտանիքը գաղթում է Երևան։

Մասնագիտական կրթություն Իսաբեկյանը ստացել է «Գեղարդ» տեխնիկումում, որտեղ աշակերտել է Սեդրակ Առաքելյանին, Գոհար Ֆերմանյանին և այլոց։ Տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերում որպես նկարիչ։ Արդեն 1935թ․-ին Իսաբեկյանն ընդունվում է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է նախ գրաֆիկայի, ապա գեղանկարի բաժնում։ Այս ընտրության մասին մի առթիվ Մհեր Իսաբեկյանը՝ որդին, ասել է, որ նկարչի կյանքում նման վճռական ընտրության համար մեծ դեր է խաղացել էքսկուրսիան դեպի Լենինգրադ, որտեղ ցնցվել է Դելակրուայի «Առյուծների որսից» և Ռուբենսի նկարներից, ինչպես նաև Թիֆլիսի այցելությունները Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին։

Պատերազմի տարիներին Իսաբեկյանը Նաիրի Զարյանի, Սողոմոն Տարոնցու հետ մեկնել է ռազմաճակատ՝ հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու նպատակով, որոնց արդյունքում էլ ստեղծվել են մի քանի գլուխգործոցներ։

Իսաբեկյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում եղել է Կերպարվեստագետների միության քարտուղար, դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 22 տարի անընդմեջ զբաղեցրել է Ազգային պատկերասրահի տնօրենի պատվավոր պաշտոնը, հիմնել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր Ջերմուկում, Հրազդանում, Էջմիածնում, Ալավերդիում, Կիրովականում և այլուր։

Իր անձնվեր գործունեության համար նա արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու, ՀԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչումներին, հայ առաքելական եկեղեցու Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ շքանշանին, բազմաթիվ այլ պատվոգրերի ու շքանշանների, դոցենտի և պրոֆեսորի կոչումների Մոսկվայում։ Ունեցել է 12 անհատական և մոտ 50 խմբակային ցուցահանդեսներ աշխարհի տարբեր ծայրերում։

 

 

Ինչ վերաբերում է Իսաբեկյանի անձնական կյանքին, ապա պետք է նշել, որ վերջինս ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը եղել է Արփենիկ Նալբանդյանը, երկրորդը՝ Սիրանուշ (Ռոզա) Մուրադյանը՝ նկարիչ Սարգիս Մուրադյանի քույրը։ Իսաբեկյանն ունի 2 ժառանգ՝ Մհեր և Արամ Իսաբեկյանները։

 

 

Իսաբեկյանն, իսկապես, որ բազմաժանր նկարիչ է։ Նրա վրձնին են պատկանում այնպիսի գործեր, ինչպիսիք են «Մոր դիմանկարը», «Հորովել», «Վարդանանք», «Մխիթար Սպարապետ» կտավները։

Էդուարդ Իսաբեկյանը կյանքից հեռացավ 2007 թվականի օգոստոսի 17-ին՝ 97 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում։

 

 

 

 



    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas