• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
08.11.2017 | 13:01

1917 –ի նոյեմբերի լուսավոր ու մութ երանգները

Ցանկացած լուրջ իրադարձություն, առավել ևս, եթե այն խորը հետք է թողնում մարդկային էվոլյուցիոն գործընթացների վրա, չի կարող միանշանակ գնահատկան ստանալ 50, 100, նույնիսկ 1000 տարիների ընթացքում: Նորին մեծություն Պատմության համար դա չափազանց կարճ ժամանակահատված է:

Այդպիսի իրադարձությունների շարքին է դասվում 1917 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը: Ուղիղ 100 տարի առաջ Ռուսական կայսրության փլատակների վրա իշխանության եկան բոլշևիկները՝ իրենց հետ բերելով կարգախոսներ համընդհանուր հավասարության, արդարության և ժողովրդի իշխանության մասին: Նրանք համոզված էին, որ մեկ առանձին վերցված երկրում կյանքի կոչելով այդ ծրագրերը, այնուհետև համաշխարհային հեղափոխության կրակը հաջողությամբ կտարածեն ողջ աշխարհի վրա: Դա մասամբ հաջողվեց. նոյեմբերյան դեպքերին հաջորդող 5 տարիների ընթացքում ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող տարբեր ազգություններ, այդ թվում նաև  մեր հայրենակիցները, միավորվեցին մեկ պետության՝ ԽՍՀՄ – ի շրջանակներում, իսկ երկրորդ աշխարհամարտից հետո արդեն սկսվեց եվրոպական երկրների սոցիալիզացման մի իսկական շքերթ: Այս երևույթն ինքնին աննախադեպ էր նրանով, որ սոցիալիզմի և կոմունիզմի գաղափարները միավորեցին տնտեսական և մշակութային զարգացմամբ իրարից շատ տարբերվող ազգությունների և պետությունների: Ավելին, դրանց մի մասը, որը նույնիսկ ոչ միայն գիր ու գրականություն, այլ նաև  սեփական ինքնաընկալում չուներ, պարզապես զրոյից ձևավորվեց խորհրդային տարիներին: Ի դեպ, իրար հերթ չտալով, մեր օրերում առաջին հերթին այդ ազգերն են ավետում իրենց բազմադարյա արմատների մասին:

Իսկ ի՞նչը դարձավ հարյուրից ավելի ազգերին միավորող օղակը: Չմոռանանք. պատմության ողջ ընթացքում, անկախ տիրող կարգերից, հավասարության գաղափարները մարդկության համար միշտ եղել են անհասանելի երազ, տարբեր դարաշրջաններում մարմնավորվելով փիլիսոփաների աշխատություններում. հիշենք թեկուզ Թոմազո Կամպանելայի, Թոմաս Մորի և Օուենի երկերը: Նրանց հաջորդեց Մարքսի և Էնգելսի ժամանակաշրջանը, որի ընթացքում ուտոպիստական փիլիսոփայական տեսությունը, ստանալով տնտեսական և քաղաքական միս ու արյուն, հիմք հանդիսացավ գիտական կոչվող կոմունիզմի տեսության ձևավորման համար:

Հիմա անդրադառնանք մեզ՝ հայերիս: Եկեք անկեղծ լինենք. դարեր շարունակ սեփական պետություն ունենալու հնարավորությունից զրկված, Եղեռնից մազապուրծ եղած ազգը կարողացավ միավորվել մեկ պետության շրջանակներում՝ վերջապես ձեռք բերելով ապահովության զգացում, անցնելով տնտեսական վերելքի ճանապարհով, զարգացնելով գիտությունը, մշակույթը և, չնայած գաղափարական խոչընդոտներին, պահպանելով սեփական լեզուն և ավանդույթները: Ուրանալ այս ամենը չի կարելի: Ինչպես նաև մոռանալ այդ տարիների ողբերգական էջերը հայ ազգի համար. Արցախի բռնակցումը կովկասյան թաթարների նորաթուխ հանրապետությունը, ստալինյան բռնությունները և աքսորները, անձի ազատության ստորադասումը համայնավար գաղափարախոսությունը:

Բայց և այնպես, իմ անձնական կարծիքով, հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում ձևավորված համակարգը՝ ի դեմս ԽՍՀՄ–ի և հետագայում մյուս սոցիալիստական երկրների, դատապարտված էր ի սկզբանե՝ վերևում նշված և մի շարք այլ պատճառներով: Մյուս կողմից, այդպես էլ անհաղթահարելի գործոն հանդիսացավ ցանկացած նորմալ ազգին բնորոշ երազանքը՝ կերտել ամբողջովին անկախ ՍԵՓԱԿԱՆ պետություն:

Ինչևէ…ժամանակն ընթանում է առաջ: Աշխարհը, որի մի փոքր մասնիկն էլ մենք ենք, անվերադարձ փոխվել է: Մեզ մնում է քայլել ժամանակին համընթաց, իսկ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հարգել ու գնահատել անցյալը և հավատով նայել ապագային:

 

Գոռ Արմենյան


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas