• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.11.2017 | 11:10

Ի՞նչ սպասել նոյեմբերի 10 –ին կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից

Նախօրեին  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտարարեց, որ Վիետնամում կայանալիք ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության սամիթի շրջանակներում նոյեմբերի 10-ին տեղի կունենա նախագահներ Պուտինի և Թրամփի հանդիպումը: Բանակցությունները տեղի են ունենալու երկու գերտերությունների միջև առանց այն էլ, մեղմ ասած, սառը հարաբերությունների՝ էլ ավելի վատթարացման ֆոնին:

Ողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ է սպասում դրանց արդյունքներին, քանի որ քննարկվող հարցերի շրջանակները, ըստ էության, զգալիորեն դուրս են լոկ ռուս-ամերիկյան հարաբերությունների շրջանակներից:

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների կանխատեսմամբ, քննարկվող հարցերից մեկը լինելու է Հյուսիսային Կորեական ճգնաժամը: Հիշեցնենք, որ այդ պետության բավականին էքսցենտրիկ առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջերս մի քանի հավակնոտ հայտարարություններ արեց իր երկրի պատրաստականության մասին՝ ատոմային զենք կիրառել ԱՄՆ դեմ, խուճապ առաջացնելով առաջին հերթին իր անմիջական հարևանների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի մոտ: Ինչպիսի հետևանքեր կարող է ունենալ աշխարհի համար նման քայլը, կարելի է միայն ենթադրել: Պարզ է մեկ բան. Թրամփն ակնկալելու է Ռուսաստանի օժանդակությունը Հյուսիսային Կորեայի չափազանց ինքնավստահ և անհավասակշռված առաջնոդին ՛«կարգի հրավիրելու» գործում: Քննարկվող ենթադրյալ հաջորդ հարցը, որն ունի ոչ պակաս միջազգային հնչեղություն, ամենայն հավանականությամբ, կվերաբերի Սիրիային: Օրերս սիրիական կառավարական ուժերի կողմից գրավվեց այսպես կոչված Իսլամական պետության վերջին հենարանը՝ Աբու Քեմալ քաղաքը, որտեղ, ի դեպ, ժամանակին բավականաչափ հայ բնակչություն կար: Սակայն համարել, որ դրանով Սիրիայում կհաստատվի խաղաղություն, միամտություն կլիներ: Ի դեպ, նման կարծիք օրերս հայտնեց նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը: Չափից ավելի հզոր «խաղացողներ» են ներգրավված Մերձավոր Արևելքի սրտում գտնվող այս բազմաչարչար երկրում ծավալված կոնֆլիկտում. ԱՄՆ, Ռուսաստան, արաբական նավթային պետություններ, Իսրայել, Իրան:

Դրանցից յուրաքանչյուրն իր սեփական խաղն է խաղում, տարբեր ձևերով խաղարկելով ԴԱԻՇ-ի քարտը: Երկու գերտերությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կփորձեն գտնել իրավիճակը մեղմելու լուծումներ, այնուհետ դրանք ներկայացնելով (հիմա, պարտադրելո՞վ) իրենց ազդեցության ոլորտում գտնվող ուժերին:

Անկասկած, կքննարկվի նաև ԱՄՆ-ի և նրա եվրոպական գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետագա ճակատագիրը: Այստեղ իրավիճակն այնքան էլ մխիթարող չէ: Հիշեցնենք, որ դրանց հիմնական պատճառներն Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էին, որին հետագայում գումարվեց նաև արդեն հիշատակված սիրիական ճգնաժամը: Եվ եթե երկրորդ խնդիրը որոշակիորեն մոտ է հանգուցալուցմանը, ապա ուկրաինական իրադարձությունները, մասնավորապես Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին (ՌԴ տեսանկյունից) և բռնակցումը (ԱՄՆ և իր դաշնակիցների տեսանկյունից), դրական հանգուցալուծման միտումներ չի ցուցաբերում: Ավելին, գնալով կողմերի և շահագրգիռ միջնորդների դիրքորոշումներն ավելի են կարծրանում, հանգեցնելով ոչ միայն քաղաքական, այլ նաև ահռելի տնտեսական հետևանքների, ընդ որում, առաջին հերթին, բնականաբար, տուժում է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, սակայն, փորձեմ կանխատեսել. այս հարցի շուրջ տեղի կունենա որոշակի քաղաքական «առևտուր», կապված կողմերի մի շարք հետաքրքրությունների հետ: Ինչու՞ եմ այսպես կարծում: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն երեկ կտրուկ դեմ արտահայտվեց ժամանակին իր կողմից առաջարկված և Ռադայի կողմից ձեռնարկված՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման առաջարկությանը: Այդ քայլի դրդապատճառներից մեկը (սակայն ոչ միակը) կարող էր հանդիսանալ երկու նախագահների առաջիկա հանդիպման շեմին կտրուկ քայլերից զերծ մնալը:

Իհարկե, կքննարկվեն նաև այլ հարցեր, սակայն կարևորագույնները լինելու են այս երեքը:

Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում 2018 թ. Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների և ԱՄՆ նախագահի՝ բնակչության շրջանում ունեցած աննախադեպ ցածր վարկանիշի ֆոնին, համաձայն որոշ ամերիկյան լրատվամիջոցների:

Ամերիկյան փորձագետների հավաստմամբ, ավելի ցածր վարկանիշ ուներ Հարի Թրումենը 1945 թվականին՝ Ճապոնիայի դեմ օգտագործած ատոմային գրոհից հետո:

Նախագահ Պուտինը, չնայած հիմնականում վայելում է ժողովրդի վստահությունը, սակայն նույնպես իր երկրում սուր քննադատությունների է արժանանում ընդդիմադիր ուժերի կողմից:

Բնականաբար, երկու ղեկավարներն էլ հասկանում են, որ նահանջելու տեղ այլևս չկա և ձգտելու են սեփական ժողովրդներին և միջազգային հանրությանը ապացուցել, որ ունակ են գալու փոխհամաձայնեցման ու կայացնելու պոզիտիվ շրջադարձային որոշումներ:

Իսկ ի՞նչ սպասենք մենք՝ հայերս այդ հանդիպումից: Արդյո՞ք այն ինչ որ կերպ կանդրադառնա, մասնավորապես, Արցախի հիմնահարցի լուծման ուղիներին: Դժվար է կանխատեսել, քանի որ վերջին տարիներին մեզ այդքան հուզող հարցի վերաբերյալ երկու պետություններն էլ տարբեր տրամաչափերի պաշտոնյաների շուրթերով արտաբերում են զգուշավոր և բալանսավորված տոնայնություն և գոնե արտաքուստ կարծեք թե հակասություններ չունեն: Բոլոր դեպքերում և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը լուրջ հետաքրքրություններ ունեն Հարավային Կովկասում:

Հիշեցնեմ նաև, որ Պուտին-Թրամփ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել դեռևս հուլիսի 7-ին՝ Գերմանիայում կայացած G20 սամիթի շրջանակներում, որից հետո, ըստ էության, իրավիճակն ավելի շիկացավ:

Հուսանք, որ առաջիկա բանակցությունները կլինեն ավելի արդյունավետ և օգտակար:

Հետգրություն. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը դեռևս պաշտոնապես չի հաստատել նոյեմբերի 10-ի հանդիպման փաստը:

 

 

Գոռ Արմենյան


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas