• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ
10.11.2017 | 18:33

Կայացան «Արմինյն Միրոր-Սփեքթեյթըր»ի 85-ամյակի ձեռնարկները

Ինչպես ծանուցել էինք նախապես, նոյեմբերի 2-ին եւ 3-ին Բոստոնում բարձր մակարդակով կայացան Մ. Նահանգներում հայկական առաջին թերթիՙ Ռամկավար Ազատական կուսակցության անգլիատառ պաշտոնաթերթ The Armenian Mirror-Spectator շաբաթահանդեսի 85-ամյակի ձեռնարկները, որոնց առաջին օրը հատկանշվեց միջազգային եւ ամերիկյան մամուլի օտարերկրացի եւ հայ ներկայացուցիչների սիմպոզիումով, Բոստոնի Ուելզի քոլեջի «Դայան Չափմեն» սրահում, իսկ հաջորդ օրըՙ Նյութոնի «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր դահլիճում կայացած հանդիսությամբ:

 

Սիմպոզիումի թեման էր, ինչպես գրել էինք նախորդ համարում, «Լրագրություն եւ կեղծ լուրեր- Հայոց ցեղասպանությունը եւ Արցախը»: Խիստ արդիական նյութՙ որին առնչվում ենք գրեթե ամեն օր թուրքական եւ ադրբեջանական մամուլում ու միջազգային վարձկան որոշ լրատվամիջոցներում: Թեմայի շուրջ շատ բան ունեին ասելու քննարկմանը մասնակցող լրագրողներից Ռոբերտ Ֆիսքըՙ Լոնդոնից, Ամբերին Զամանըՙ Վաշինգտոնից, Ֆիլիպ Թիզյանըՙ Բոլդըրից (Կոլորադո), Դեյվիդ Բարսամյանըՙ Վաշինգտոնից եւ ուրիշներ: Նիստավարն էր Արամ Արքունըՙ Բոստոնից: Շատ ակտիվ էր ունկնդիրների լսարանը, որտեղից բազմաթիվ հարցեր ուղղվեցին քննարկման մասնակիցներին:

 

Հաջորդ օրը տեղի ունեցած պաշտոնական հանդիսությանը, որին ներկա էին մեծ թվով հրավիրյալներ ոչ միայն Բոստոնից, ողջույնի խոսքով հանդես եկավ Նիկոլ Պապիկյան-Հաժժարը, գալա-հանդիսության հանձնախմբի նախագահը, իսկ ողջ հանդիսությունը վարեց Անետ Նահիկյանը: «Միրորի» խմբագիր Ալին Գրիգորյանը ներկայացրեց օրվա մրցանակակիր լրագրողներիցՙ Ամբերին Զամանին, օգնական խմբագիր Արամ Արքունըՙ Դեյվիդ Պարսամյանին, Անահիտ Նահիկյանըՙ Ֆիլիպ Թիզյանին, իսկ ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանըՙ Ռոբերտ Ֆիսքին: Իրենց հերթին, պարգեւատրվող մրցանակակիրներն հայ ժողովրդի նկատմամբ իրենց ջերմ վերաբերումը արտահայտելուց հետո, արդարության դիրքերից շեշտեցին իրենց հավատարմությունը հայության եւ արդարասեր ողջ մարդկության հետ շարունակելու տեղեկատվական-քարոզչական պայքարը ժխտողականության դեմ:

 

Հանդիսության ավարտին շնորհակալության խոսքով հանդես եկավ ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության ատենապետ Գեւորգ Մարաշլյանը:

 

Մի ձախավեր թղթակցություն

 

Այս անգամ Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը արագաշարժ էր. «Միրորի» 85-ամյակի հանդիսության հաջորդ օրն իսկ, նոյեմբերի 4-ի երեկոյան, հեռուստաընկերության Մ. Նահանգների թղթակից Հայկարամ Նահապետյանն իր ռոբոտային ձայնով հաղորդեց երկօրյա միջոցառումների մասինՙ ինչ-որ պարտականություն կատարելու պես, առանց հոգ տանելու, անգամ մտածելու, թե իր հաղորդած սուղ բառերից եւ արտահայտություններից ի՞նչ կարող է հասկանալ հայաստանցի եւ ընդհանրապես ոչ ամերիկահայ հեռուստադիտողը, որ այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ թերթ է «Միրորը», ի՞նչ դերակատարություն ունի հայկական սփյուռքում, ո՞ւմ պաշտոնաթերթն է եւ ընդհանրապեսՙ հայկակա՞ն թերթ է: Նմանապես, նույն թղթակիցը, որ մեզ սովորեցրել է պետական այրերի հարյուր անգամ կրկնվող խոսքերն ու ելույթները երկար-բարակ մեջբերել, ժամանակ չունեցավ մոտենալու եւ հարց տալու համաշխարհային համբավ վայելող հետաքննող-լրագրող Ռոբերտ Ֆիսքին, որ ահա 30 տարի արդեն ի նպաստ հայության եւ ի դատապարտումն թուրքական ժխտողականության արտահայտվելու աշխարհի ամենալուրջ թերթերում:

 

Ի դեպ, առ ի տեղեկություն մեր ընթերցողներին հայտնենք, որ ամերիկյան կողմը, որ բոլոր պատճառներն ունի Ֆիսքի հրապարակումներից դժգոհ լինելու, սկզբում մերժել էր նրան մուտքի վիզա շնորհել, քանի որ նա անցնող տարիներին մուտք էր գործել... Սիրիա: Միայն հետագա միջամտություններից ու միջնորդություններից հետո նրան թույլատրվեց մուտք գործել երկիր եւ մասնակցել «Միրորի» 85-ամյակի ձեռնարկին:

 

 

 

Ազգ


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas