• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.11.2017 | 16:01

Հայ ժողովրդական կուսակցություն. Թիֆլիս, Մարտի 16, 1917 (Մաս Ա)

Գրիգոր Արծրունու հիմնած «Մշակ» թերթը Թիֆլիսում հայ քաղաքական մտածողության մեջ ստեղծել էր մի հոսանք, ոչ արհամարհելի եւ նույնքան հարգված, որի քաղաքական հավասարակշռված ուղղությանը հետեւում էր օրվա գիտակից, զարգացած եւ օտար համալսարաններ ավարտած սերունդը: Այդ հոսանքի, որ շուտով պիտի վերածվեր քաղաքական շարժման, ապա՝ կուսակցության ոգին, ներշնչողն ու ղեկավարն, անկասկած, Համբարձում Առաքելյանն էր: Նրա սիրալիր հարաբերությունները թերթի խմբագրի՝ Գրիգոր Արծրունու հետ, է՛լ ավելի խթանեցին շարժումը: Այս երկու պատմական դեմքերին որքան ճանաչում էր Կովկասի հայությունն ու

արեւմտահայությունը, նույնքան էլ Պոլսո հայությունն ու արեւելահայությունն էր ճանաչում:

«Մշակի» քաղաքական ուղղվածությունը ռուսական այն տեսակետն էր, թե Հայ Դատի լուծումը տեղի պիտի ունենար ռուսական ուժերի ներթափանցմամբ ու անմիջական հսկողությամբ: Ռուսաստանի ամբողջ ներկայությունը Կովկասում պատճառ պիտի դառնար, որ հայությունը կարողանար ապրել խաղաղ, ապահով եւ բարգավաճ: Այս ձեւով, ողջ հայության ճակատագիրը կապված պիտի լիներ ռուս ժողովրդի՝ ապագայում որդեգրած ընկերային (սոցիալական) եւ տնտեսական քաղաքականությունից: Սրանից ելնելով էլ այդ ուղղության համակիր էր «Մշակի» լայն շրջանակը, որոնց մեջ էին նաեւ Խորհրդային Հայաստանի կերտիչներից Ալեքսանդր Մյասնիկյանն ու ուրիշներ:

Մինչեւ 1917 թվականի Ռուսական Փետրվարյան հեղափոխությունը, Համբարձում Առաքելյանն այնքան էլ անհրաժեշտ չէր համարում «Մշակի» շուրջ հավաքված հոսանքին կազմակերպված ձեւ տալը, որպես կուսակցություն: Միայն Ռուսական Փետրվարյան հեղափոխության ժամանակ էր, որ մշակականները կուսակցություն կազմել մտածեցին՝ մասնակցելու Համառուսական Սահմանադիր ժողովի ընտրություններին:

Սակայն, ծրագրի մշակումը տեղի էր ունեցել դեռեւս 1905 թվականի հոկտեմբերի 12-18-ը, եւ կարճ ձեւով սկսել էր կոչվել կադետ, որի անվանումն առաջացել էր ռուսերեն конституционалист демократ (կոնստիտուցիոնալիստ դեմոկրատ- սահմանադրական ռամկավար) բառերի սկզբնատառերից: Նրանք հիմնականում կազմված էին մտավորականներից, հողատերերից ու քաղքենիներից (քաղաքական իմաստով՝ մանր սեփականատիրական հայացքներով եւ ձգտումներով մարդ) եւ դեմ էին բռնատիրությանը:

1906-ի սկզբին նրանք հատուկ հայտարարությամբ հանդես եկան, «Դեմոկրացիա Հայկական Դեմոկրատիական կուսակցություն» վերնագրով, որը հայտնում էր այդ կուսակցության կազմավորումը, ներկայացնում էր իր հիմնական նպատակների մի ուրվագիծը եւ վճռական կերպով կոչ էր անում ժողովրդին՝ իր կողքին մասնակցելու 1906-ի գարնանն առաջին անգամ տեղի ունենալիք ժողովրդական ընտրությանը՝ Ռուսական Պետական Դումայում կամ Խորհրդարանում հայ պատգամավորներ ունենալու համար:

Հայ Դեմոկրատիական կուսակցությունը մասնակցեց նաեւ պետական երկրորդ Դումայի ընտրություններին՝ 1907-ին, առաջին խորհրդարանի լուծարումից հետո, եւ այնուհետեւ՝ երրորդ եւ չորրորդ Դումաների ընտրություններին: Հայ Դեմոկրատիական կուսակցության թեկնածուները բոլոր ընտրություններին էլ հաջողություն ունեցան կամ վերընտրվեցին: Երբ ցարական հակաժողովրդական հակազդեցությունը եւ համաշխարհային առաջին պատերազմի պայմանները պատճառ դարձան, որ բոլոր կուսակցությունների գործունեությունները սահմանափակվեն եւ փակվեն նրանց հրատարակած թերթերից շատերը, բացառություն չկազմեց նաեւ Հայ Դեմոկրատիական կուսակցությունը:

Հայ Ժողովրդական կուսակցությունը պաշտոնապես հիմնադրվեց 1917 թվականի մարտի 16-ին, Թիֆլիսում գործող հայ կադետների կողմից: ՀԺԿ-ն իր գոյությունը հռչակեց նույն տարվա ապրիլի 11-ին: Այսպիսով, Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթի շուրջ համախմբված ռուսահայ կադետների (Սահմանադրական ռամկավարներ) շնորհիվ, իրականում ծնվեց ՀԺԿ-ն՝ Համբարձում Առաքելյանի գլխավորությամբ: Կուսակցությունը որդեգրել էր ապադասակարգային եւ չափավոր ուղեգիծ:

1917-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Հայ Ժողովրդական կուսակցության Ա համագումարը, որ ընդունեց ծրագիր, կանոնադրություն եւ ընտրեց Կենտրոնական կոմիտեի (վարչության) կազմը: Կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ընտրվեց Միքայել Պապաջանյանը, փոխնախագահներ՝ Համբարձում Առաքելյանը, Կ. Ստեփանյանը, Իսահակ Ամիրյանը, քարտուղարներ՝ Ս. Մալխասյանցը եւ Լ. Դանիելյանը։ Աչքի ընկնող գործիչներ էին իրավաբաններ Սամսոն Հարությունյանը, Լ. Ղուլյանը, Գ.Մելիք-Ղարագյոզյանը եւ ուրիշներ, ինչպես՝ Արշալույս Մխիթարյան, Ռուսաստանի պետական դումայի անդամներ դոկտոր Հարություն Այվազյան, Հովսեփ Աթաբեկյանց, տնտեսագետ Մինաս Բերբերյան, իրավագետ, տնտեսագետ, «Ժողովրդի ձայնի» խմբագիր Տիգրան Հախումյան, Տիգրան Նազարյան, Մ. Աթաբեկյան, Քրիստափոր Վերմիշյան, Արտաշես Էնֆիաջյան:

Բացի ազգային-քաղաքական նշված ականավոր գործիչներից Հայ Ժողովրդական կուսակցության անդամ էին նաեւ ժամանակի արեւելահայ մտավորականներից պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը), լեզվաբան, բանասեր եւ բառարանագետ Ստեփան Մալխասյանցը, լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, բանասեր, փիլիսոփայության դոկտոր Երվանդ Տեր-Մինասյանը, պատմաբան, հրապարակիր Հովհաննես Ստեփանյանը, ողջ Ռուսաստանի մասշտաբով մեծագույն տնտեսագետներից, պրոֆեսոր Մենտոր Բունիաթյանը եւ ուրիշներ:

Կովկասի մեր գաղափարակիցները, մի շատ բանավոր վկայություններով, անպատեհ էին համարում այդ օրերին Ռուսաստանի եւ Թուրքիայի հայերի շրջանում նույն անվամբ մեկ կուսակցություն ստեղծելու ծրագիրը, բայց հետագայում պատրաստ էին համախորհուրդ եւ միաբան գործելու Հայ Սահմանադիր Ռամկավար կուսակցության հետ եւ այդ նպատակով հիմնեցին Հայ Ժողովրդական կուսակցությունը:

Նույն 1917 թվականին Թիֆլիսում գումարվեց Ռուսահայոց Ազգային համագումարը, որին մասնակցում էր նաեւ Հայ Ժողովրդական կուսակցությունը, որն իր ներկայացուցիչներն ունեցավ համագումարի ժամանակ ընտրված Ազգային Խորհրդում, որտեղ, սակայն, դաշնակցականները, մեծամասնություն լինելով, տնօրինում էին ամեն ինչ:

 

(Շարունակելի)

 

 

Աղբյուրը՝ Հ. Վարդիվառյանի աշխատություններ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas