Նոյեմբերի 14-18-ը Երևանում կանցկացվի «Կին» արդեն 14-րդ փառատոնը, որի ժամանակ կցուցադրվի կին ռեժիսորների նկարահանած 60 ֆիլմ:
Կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանն այսօր լրագրողներին ասաց, որ ներկայացված է 500 ֆիլմ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Կորեայից, Մեքսիկայից, Կոսովոյից, Ավստրալիայից:
«Փառատոնի նպատակն է հարթակ տրամադրել կին ռեժիսորներին, աջակցել, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի լինի: Աշխարհը տեսնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց աչքերով: Կին ռեժիսորներն առավել հաճախ են խնդիրներ ունենում, քան տղամարդիկ, սա մի առիթ է այդ ճանապարհը հարթելու համար: Թեմաները բազմազան են, կանայք խոսում են պատերազմի մասին: Նրանք ազատ են թեմաների ընտրության հարցում, կարևորը ֆիլմի որակն է, գեղարվեստական արժեքը»,- ասել է Մարիամ Օհանյանը: