• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
15.11.2017 | 13:33

Պուտին-Էրդողան հանդիպում. դիվանագիտական ռևերանսներ՝ փոխադարձ անվստահության ներքո

Նոյեմբերի 13-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը  այն դեպքում, երբ Անկարայում կայացած նախորդ բանակցություններից անցել է ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի: Ի դեպ, 2017 թվականի ընթացքում երկու նախագահները, կարելի է ասել, ռեկորդ են սահմանել՝ 4 անգամ շփվելով տետ ա տետ և ունենալով 12 հեռախոսազրույց: Հետաքրքիր է, որ նախագահ Պուտինը այս տարի ավելի շատ շփումներ է ունեցել միայն Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ: Նման աննախադեպ ակտիվությունը վկայում է, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հիմնահարցեր, ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ հիմնական նախաձեռնությունը գալիս է Էրդողանից:

Ինչևէ… նախատեսված երեք ժամի փոխարեն հանդիպումը տևեց գրեթե հինգ ժամ: Դրան հետևած համատեղ մամլո ասուլիսին նախագահները շեշտադրեցին երկկողմանի համագործակցությունը՝ ամեն կերպ զերծ մնալով առանձնազրույցի հիմանական թեմաները լուսաբանելուց: Իսկ դրանցից ամենակարևորն, իհարկե, քրդական հարցն է:

Փորձեմ գուշակել, որ սա է եղել ոչ միայն վերջին, այլև այս տարվա ընթացքում բարձր մակարդակով կայացած բոլոր ռուս-թուրքական բանակցությունների առանցքը: Էրդողանի՝ մոլագարության հասնող ատելությունը քրդերի նկատմամբ գաղտնիք չէ ոչ ոքի համար: Նա պատրաստ է գնալ ամեն քայլի միայն թե իրեն թույլատրվի Սիրիայում այդ հարցը լուծել սեփական սցենարով: Նա չի էլ թաքցնում, որ սիրիական իրադարձություններում Թուրքիային հետաքրքրում է ոչ թե ջիհադիստների դեմ պայքարը, այլ սիրիական քրդերի նկրտումների զսպումը: Այդ տեսանկյունից Էրդողանը շատ լավ է հասկանում, որ հանգուցալուծման բանալին գտնվում է Վլադիմիր Պուտինի մոտ: Առավել ևս, որ առաջիկայում Ռուսաստանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել Սիրիայի ժողովուրդների Կոնգրես, որի աշխատանքներին ռուսները պլանավորել են հրավիրել նաև Էրդողանի «գիշերային մղձավանջ» քրդական Դեմոկրատական միության ներկայացուցիչներին:

Էրդողանն ամեն կերպ փորձելու էր համոզել Պուտինին հրաժարվել այդ գաղափարից: Եվ երկրորդ թուրքական իղձը. ստանալ Ռուսաստանի «դոբրոն» և իրականացնել գործողություն քրդերի դեմ՝ նրանց կողմից վերահսկվող Աֆրինում:

Ավելին, Ռուսաստան թռիչքից առաջ Էրդողանն ընդգծել էր, որ այս երկու հարցերն անպայման լինելու են օրակարգում և միտք արտահայտել, որ եթե ռուսական և ամերիկական զորքերը հեռանան Սիրիայից, քաղաքական գործընթացներն այդ երկրում կկարգավորվեն առանց խոչընդոտների: Հասկացիր՝ թուրքական սցենարով:

Իսկ իրականությունն այն էր, որ ասուլիսի ընթացքում այս ամենին ընդհանրապես լուրջ անդրադարձ չեղավ: Դրա փոխարեն նախագահները խոսեցին երկու երկրների միջև առանց արտոնագրի մուտքի թուլտվության վերականգնման հնարավորության, բիզնես-շփումների աշխուժացման անհրաժեշտության, թուրքական Աքքույու քաղաքում Ռոսատոմի կողմից ատողմակայանի կառուցման (ռուսները պատրաստվում են շուրջ 22 միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնել այս նախագծի շրջանակներում), ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի տրամադրման գործարքի մասին: Անդրարդաձ չեղավ նաև Արցախի խնդրի կարգավորմանը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այցելությունը Էրդողանը հայտարարել էր, որ հարցը անպայման քննարկվելու է, և ավետել թուրք և ադրբեջանցի հանրությանը, որ եթե միայն Պուտինը ցանկանա, խնդիրը հեշտությամբ կլուծվի:

Թերևս այսքանը: Վերջում երկու անձնական դիտարկում ներկայացնեմ: Չնայած դիվանագիտական շղարշին, երբ Էրդողանը Պուտինին անվանում էր սիրելի բարեկամ, իսկ Ռուսաստանի նախագահը ընդգծում էր հանդիպման կառուցողականությունը, ամբողջ ասուլիսի ընթացքում ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նախագահները ակնհայտորեն չեն վստահում միմյանց:

Եվ երկրորդ: Դատելով հեռուստաէկրաններից մեզ նայող Էրդողանի շփոթված, նույնիսկ՝ ճնշված տեսքից՝ Ռուսաստանի նախագահը տակավին չարդարացրեց նրա սպասումները ամենակարևոր եզրույթներում: Այնպես որ Թուրքիայի նախագահին մնում էր միայն բավարարվել Պուտինին իր շնորհակալությունը հայտնելով ՝ թուրքական սմբուկի և լոլիկի ներկրման էմբարգոն վերացնելու համար, ինչն էլ նա արեց ուղիղ եթերում:

 

Գոռ Արմենյան



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ