• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
16.11.2017 | 11:35

Այսօր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

«Ամեն մի ծննդյան օր ինչ-որ հատվածի սկիզբ է․․․ Ոչ թե ինչ-որ բանի վերջ։ Ես կարծում եմ, որ մեր կյանքի բոլոր պատմությունները դեռ առջևում են։ Ինչպես վարդը ձեռքին բռնած մարդը լավ չգիտի իր բռնած վարդի արժեքը, այնպես էլ մեր ապրած կյանքի արժեքը չգիտենք, թե ինչ է»:

Ռոբերտ Ամիրխանյան

 

 

 

Հայաստանում և Սփյուռքում մեծ հեղինակություն և համբավ վայելող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939թ․-ի նոյեմբերի 16-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել և 1964-1969թթ․-ին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այնտեղ նրան դասավանդել է Էդվարդ Միրզոյանը։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ամիրխանյանն աշխատանքի է անցնում հարազատ բուհում և սկսում դասավանդել։ Արդեն 1981թ․-ին ստանում է պրոֆեսորի աստիճան և շարունակում դասավանդել տեսական առարկաներ երաժշտության տեսության ամբիոնում՝ լինելով վերջինիս ղեկավարը։

1969-1972թթ․-ին Ամիրխանյանը եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիր, մեծ ներդրում ունեցել ազգային ռադիոյի կայացման գործում։ Իր անձնվեր գործունեության համար 1984թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1986թ․-ին ՝ ժողովրդական արտիստի կոչումների։

 

Սրանով Ամիրխանյանի նվաճումները չեն ավարտվում․ 1969թ․-ին Ամիրխանյանն Բեյրութում Թեքեյան Մշակութային միության հայտարարած «Կոմիտաս-100» երգի մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, 1973 թ.-ին նրա «Ո՞ւր եք, տղաներ» երգն արժանացել է Բեռլինի համաշխարհային երիտասարդական փառատոնի քաղաքային երգի մրցույթի «Լավագույն երգ» մրցանակին:

Երկու տարի անց Սոպոտի միջազգային մրցույթում Ամիրխանյանի «Աշնան մեղեդի» ստեղծագործությունն արժանացել է երրորդ մրցանակի: 1978 թ.-ին Մոսկվայի ռադիոյի հայտարարած միութենական հարցման արդյունքում «Քո աչերի հետ» երգը ճանաչվել է Տարվա լավագույն երգ: Դրանից տասը տարի անց Բելգրադում կայացած UNISEF 88 համաշխարհային երգի մրցույթում «Երգն էլ ունի հոգի» ստեղծագործությունն արժանացել է երրորդ մրցանակի: 1983 թ.-ին Սոչիի` «Ալ Մեխակ» երգի համամիութենական մրցույթում «Ելեք» գործն արժանացել է պատվավոր առաջին մրցանակի:

 

Ամիրխանյանն իր գործունեության ընթացքում անձնապես արժանացել է նաև բազմաթիվ մրցանակների ու շքանշանների։ Ստացել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան: 2010 թ.-ին Ռուսաստանի կառավարության կողմից արժանացել է «Դաշնության Աստղ» շքանշանին: 2011 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Պետական մրցանակով: 2012թ.-ին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար հերթական անգամ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

 

 

Ամիրխանյանը 1991-2013թթ.-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորներ միության նախագահ, իսկ 1999-2003թթ․-ին՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ Պատգամավորական մանդատի շրջանակներում աշխատել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ռոբերտ Ամիրխանյան կոմպոզիտորը ավելի քան 300 երգերի ու վոկալային շարքերի հեղինակ է, նա երաժշտություն է գրել 16 խաղարկային և մոտ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար, հեղինակն է այնպիսի գլուխգործոցների, ինչպիսիք են «Հայի աչեր», «Այնպես ուզում եմ», «Հայրենի երկիր» և այլն։

Նրա դուստրը՝ Մարիա Ամիրխանյանը պատվով կատարում է հոր հեղինակած գրեթե բոլոր երգերը։

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ