• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
17.11.2017 | 13:00

Էդվարդ Նալբանդյանի՝ Թել Ավիվ կատարած այցի արդյունքները շարունակում են մնալ անհայտ. Հայկ Մարտիրոսյան

«Հայ Ձայնի» հարցերին է պատասխանում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

 

 

 

 

- Ինչպե՞ս էք գնահատում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թել Ավիվ կատարած այցը:

-Արդյունքներն իհարկե մեծապես մնում են անհայտ: Թեև չեմ կարող ասել, որ երբևէ դրանք հայտնի կդառնան, կամ որ ընդհանրապես որևէ արդյունքներ կարձանագրվեն: Իսրայելը տարածաշրջանային կարևոր պետություն է, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս առումով Հայաստանի համար կարևոր է չդրսևորել իրեն որպես հակաիսրայելական երկիր և կարծում եմ, որ այս այցը նախևառաջ դրան է միտված: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը՝ մոտեցող հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի նախօրեին փորձում է գոնե մի քիչ, գոնե ինչ-որ մի տեղ ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ գոնե արտաքին ուժերի կողմից Ադրբեջանին ցուցաբերվելիք այս կամ այն հնարավոր օժանդակությունը զսպելու կամ սահմանափակելու առումով: Արդյունավետ թե անարդյունավետ, բայց սա, թերևս, այդ քայլերից մեկը կարող է լինել: Իսրայելը նաև հզորագույն ռազմա-արդյունաբերական համալիր ունեցող պետություններից մեկն է, որից Հայաստանը, որպես պոտենցիալ գնորդ, անհեռատեսորեն, գրեթե բացարձակապես չի օգտվել: Չեմ կարծում թե հիմա կսկսի օգտվել, բայց եթե անգամ իսրայելական զենքի գնման սերմեր նետվեն՝ ապա դա արդեն մեծ առաջընթաց կարելի կլինի համարել: Մյուս կողմից՝ դժվար է ենթադրել թե Իսրայելը Հայաստանին լուրջ է վերաբերվում: Նամանավանդ, որ բավական մեծ արշավ է իրականացվել Ադրբեջանի կողմից Իսրայելում՝ Հայաստանը որպես հակասեմիտական պետություն ներկայացնելու ուղղությամբ:

Եվ դրան նպաստել է նաև հայ հասարակությունում առկա ոչ մեծ, բայց բավական վոկալ, կոնսպիրոլոգիաներով վարակված ու մտովի` միջնադարից դուրս չեկող հայաստանցի հակասեմիտների մի խումբ: Եվ դրանով ոչ միայն այլ օրակարգերի գործիք են դարձել, այլև՝ ակամայից և առանց հասկանալու՝ ջուր են լցրել ադրբեջանական ջրաղացին: Այնպես որ ենթադրություններ անել թե ստեղծված նման տխուր ֆոնին ինչ արդյունքներ կարձանագրվեն Հայաստանի նախարարի մեկ այցից հետո՝ անչափ դժվար է:

 

 

- Նախատեսու՞մ եք, որ նման այցելությունը հիմք կդնի երկու երկրների միջեւ կապերի հավելյալ զարգացմանը: Եթե այո՝ ի՞նչ ոլորտներում:

 

-Չեմ կարծում, թե մի նախարարի մեկ այցը նման խնդիր կարող է լուծել, բայց որևէ կարևոր և Հայաստանի համար ոչ թշնամական պետության հետ կապեր զարգացնելը միայն օգտակար կարող է լինել: Իսկ համագործակցությունը կարող է զարգանալ նախևառաջ Իսրայելից առաջնակարգ զինատեսակներ և բարձրտեխնոլոգիական արտադրանք գնելու առումով: Նաև Հայաստանը անսահմանափակ ոլորտներում անսահմանափակ քանակությամբ գիտելիքներ կարող է փոխառել և սովորել Իսրայելից՝ սկսած գյուղատնտեսությունից՝ վերջացրած քաղաքաշինությամբ և հնագիտությամբ, հակակոռուպցիոն պայքարով և սեփական ազգային գաղափարախոսությունն ամենից վեր դասելու առումով, բայց այդ ամենը նույնպես այսօր ֆանտաստիկայի ոլորտից է թվում:

 

 

-Ձեր կանխատեսմամբ, այցի ժամանակ ձեռք բերվե՞լ է նախնական համաձայնություն Բաքվի սպառազինումը դադարեցնելու  կամ առնվազն այն վերահսկելու վերաբերյալ:

 

-Ո՛չ: Հայաստանն ինչպիսի՞ երկիր է, որ կարողանա Իսրայելին ստիպել կամ անգամ աղաչելով համոզել դադարեցնել զենք վաճառել Իսրայելին: Նման ազդեցություն ունենալու համար պետք է դրսևորվել որպես լուրջ պետություն, որ սուվերեն քաղաքական գիծ ունի, իսկ դա Հայաստանի պարագան չէ ցավոք: Իսրայելի համար Ադրբեջանը այս և իհարկե մեկ այլ՝ տարածաշրջանային առումով շատ ավելի լուրջ և հեռանկարային պետություն է և Հայաստանն այս հարցում Ադրբեջանի հետ մրցակցել՝ սուբյեկտիվ և նաև օբյեկտիվ պատճառներով չի կարող:

 

 

-Ինչու՞ Իսրայելը հենց այս փուլում ընդունեց ՀՀ ԱԳ նախարարին:

 

-Որովհետև հավանաբար ՀՀ ԱԳ նախարարն այս փուլում խնդրեց իրեն ընդունել: Բացի այդ՝ իսրայելական անօդաչու սարքերի՝ իսրայելցի ինստրուկտորենրի կողմից ապրիլին կիրառման կապակցությամբ ներիսրայելական հետաքննությունը ծավալներ է հավաքում և սա կարող է նաև թերևս Իսրայելի կողմից Հայաստանին մեկնվող բարեկամության ձեռք լինել՝ հավաստիացնելու և ցույց տալու համար, որ դրանում իշխանությունը մասնակցություն չի ունեցել, այլ Հայաստանի և հայկական մարզ Արցախի դեմ հանցագործությանը՝ հանուն Ադրբեջանի, մասնավոր ընկերություն է մասնակցել: Եվ դատելով նրանից, որ Իսրայելը լուրջ հետաքննություն է վարում և պատժամիջոցներ է կիրառում այդ ընկերության և անձնակազմի դեմ՝ հենց այդպես էլ եղել է:

 

 

- Իսրայելը  Իրանի Իսլամական Հանրապետության ոխերիմ թշնամին է: Ձեր կարծիքով այս այցը կազդի՞ Երեւան – Թեհրան ռազմավարական հարաբերությունների ընդհանուր հոլովույթի վրա՝ նկատի ունենալով, որ  Իրանը Հայաստանի համար ոչ միայն գործընկեր ու բարեկամական հարեւան է, այլեւ  որոշ ժամանակ փրկության լաստ է եղել  :

 

-Վստահ եմ, որ չի ազդի: Հայաստանն իր հարավային հարևանի դեմ որևէ քայլ չի կատարում և չի կատարի: Հայաստանը չի կարող իր հանդեպ բարեկամաբար տրամադրված Իրանի դեմ ոչ բարեկամական քայլեր կատարել: Բայց Հայաստանը կարող է և պարտավոր է զարգացնել նորմալ, բարեկամական հարաբերություններ այն կարևոր պետությունների հետ, որոնք լուրջ խաղացողներ են միջազգային ասպարեզում և որոնց հետ ոչ-բարեկամությունից ինքը հաստատ չի շահելու: Բացի այդ՝ ինչ-որ մի օր Իրան-Իսրայել հարաբերություններն անպայմանորեն մտնելու են նորմալացման փուլ և դրանում Հայաստանը, որպես Իրանի հետ բարիդրացիական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկիր՝ տեսականորեն ինչ-որ մի օր կարող է միջնորդական, դրական դերակատարում ունենալ: Հայ-իսրայելական հարաբերությունները չպետք է և չի կարելի դիտարկել հակաիրանական ուղեծրում, այլ առանձին՝ երկկողմանի նորմալ միջպետական հարաբերությունների, որոնք փոխադարձաբար օգտակար կարող են լինել, բայց երբեք չեն կարող ուղղված լինել երրորդ երկրների դեմ: Վստահ եմ, որ Իրանը դա շատ լավ է հասկանում և իրանցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները գալիս են փաստելու այս հանգամանքը: Վստահ եմ, որ դա հասկանում են նաև Իսրայելում և Հայաստանից չեն էլ ակնկալում քայլեր մի հարևանի հանդեպ, որից Հայաստանն իր հանդեպ որևէ դավադիր վարքագիծ չի տեսել և որի հետ սահմանը կենսական և ամենավստահելի ցամաքային ուղին է թերևս: Ե՛վ Թեհրանում, և՛ Երուսաղեմում և՛ իհարկե նաև Վաշինգտոնում բազում պրագմատիկ գործիչներ կան, որոնք հրաշալի ըմբռնում են իրականությունն ու իրերի դրվածքը և չեն փնտրում դավադրություններ այնտեղ՝ որտեղ դրանք չկան ու չեն կարող լինել:

 

 

 

 

Հարցազրույցը ՝ Ս. Ա.ի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ