• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
17.11.2017 | 20:30

Կրթական բարեփոխումները պետք է տեղի ունենան ինստիտուցիոնալ մակարդակում. Գրիգոր Չոբանյան

«Արտերկրում կրթություն ստանալն ինքնանպատակ չպետք է լինի. ուսանողը պետք է հասկանա, թե որքանով է տվյալ կրթական ծրագիրն իրեն անհրաժեշտ, ինչպես նաև ուսումնասիրի համապատասխան ոլորտը, հասկանա՝ որ երկրում է հնարավոր առավելագույնս հմտանալ նախընտրած բնագավառում»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց իրավաբան Գրիգոր Չոբանյանը՝ խոսելով արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունների, առավելությունների ու թերությունների մասին։

Գրիգորը վերջերս է Հայաստան վերդարձել ԱՄՆ-ից, որտեղ Ֆուլբրայթ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ստացել է մագիստրոսական կրթություն՝ մասնագիտանալով միջազգային գործարարական իրավունքի, միջազգային իրավունքի և վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների ոլորտներում: Այս կրթաթոշակային ծրագրի դրամաշնորհին արժանանալու համար պահանջվում է մոտ մեկ տարի՝ հաղթահարելու տարբեր փուլեր՝ օնլայն գրանցում, հարցազրույց, համապատասխան քննություններ, ապա թեկնածությունը ներկայացվում է կրթաթոշակի տրամադրման հանձնաժողովին։ Սրան հաջորդում է համալսարանների ընտրության փուլը, ինչի հաղթահարումից հետո է միայն հնարավոր դառնալ Ֆուլբրայթ կրթաթոշակառու։

«Ուսումնասիրելով իմ նախընտրած մասնագիտացումները՝ ընտրեցի ԱՄՆ-ը, այն երկրներից մեկը, որտեղ հնարավոր է առավելագույնս մասնագիտանալ իրավագիտության ոլորտում»- ասում է Գրիգորը։ Մատնանշելով հայաստանյան և արտասահմանյան (մասնավորապես՝ ամերիկյան) կրթական համակարգերի տարբերությունները՝ մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ շատ դեպքերում տարբեր պատճառներից ելնելով համեմատության ընդհանուր եզրեր շատ դժվար է գտնել: «Դժվար է համեմատել մեր բուհերն ամերիկյան բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով. կրթական համակարգերը տարբեր են, կան մշակութային տարբերություններ և այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ են ներգրավվում ակադեմիական միջավայրում, ինչն այն օբյեկտիվ պատճառներից է, որը նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Իհարկե, միայն գումարով չենք կարող պայմանավորել կրթության որակը։ Մեծ դեր ունի նաև այն մեթոդաբանությունը, որը դրված է կրթական համակարգի հենքում: Հարկ է առանձնացնել ամերիկյան բուհերում գործող կրթության սոկրատյան մեթոդը, որի շնորհիվ ուսանողները նախապես ուսումնասիրում են լսարանում քննարկվելիք թեման և հաջորդ դասին պատրաստ են լինում դրա վերաբերյալ դասախոսի հետ խորը քննարկում ծավալել։ Այս մեթոդի շնորհիվ ինֆորմացիան սինթեզվում է, և հետագայում ավելի հեշտ է դառնում այն հիշելն ու կիրառելը։ Բացի այդ, կրթությանն ունի պրակտիկ ուղղվածություն: Այս առումով մեզ մոտ մի փոքր այլ պատկեր է: Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում տեսական գիտելիքներին, ինչը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ ուսանողն, ամբողջությամբ տիրապետելով տեսությանը, գործնականում չկարողանա կիրառել իր գիտելիքները»,- նշում է մեր զրուցակիցը։

Սակայն, ըստ Գրիգորի, ամերիկյան՝ գործնական գիտելիքի վրա գերկենտրոնացումը նաև ունի իր բացասական կողմերը, քանի որ ուսանողները (մասնավորապես՝ ապագա իրավագետները) այս կամ այն երևույթի/հասկացության մասին գիտելիք ձեռք են բերում որևէ նախադեպի կամ գործի շրջանակներում՝ առանց ուշադրություն դարձնելու երևույթի/հասկացության օրինաչափություններին իրենց համալիրում: Այսինքն՝ հնարավոր է գործնականում հասկանալ խնդրի լուծման եղանակներն ու մեթոդները, բայց տեսական մակարդակում չհասկանալ խնդիրի հետ կապված որևէ երևույթի էությունը։  Այս առումով, մեր զրուցակցի դիտարկմամբ, պետք է ընտրել ոսկե միջինը՝ տեսական ու գործնական գիտելիքի ճիշտ համամասնությամբ համադրումը։ 

Գրիգորի դիտարկմամբ, մեր ուսանողները հաճախ հոգեբանորեն պատրաստ չեն արտասահմանում կրթություն ստանալուն և նոր մշակույթի ընկալմանը, քանի որ կա թյուրըմբռնում, թե արտերկրի կրթական համակարգերն ու դասավանդման մեթոդները ցանկացած պարագայում լավագույնն են։ Բայց այս հարցին, ըստ մեր զրուցակցի, հարկավոր է վերապահումով մոտենալ, փորձել տարանջատել արտասահմանյան բուհերի կողմից առաջարկվող կրթական պրոդուկտի առավելություններն ու թերությունները և վերցնել հնարավորինս դրականը: «Նոր գիտելիքներով վերադառնով Հայաստան՝ պետք է փորձենք տեղայնացնել մեր ստացած գիտելիքները ու հմտությունները, ոչ թե ամբողջությամբ փոխել եղածը»,- նշում է Գրիգորը:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանում ամբողջությամբ իրացնել արտասահմանում ստացած գիտելիքները, Գրիգորը նշում է, որ ՀՀ-ը, լինելով բավական երիտասարդ պետությունունենալով սահմանափակ ռեսուրսներ, ցավոք, չի կարող բոլոր գիտնականներին հնարավորություն ընձեռել կիրառելու իրենց գիտելիքները։ «Ուստի, կա՛մ պետք է սպասել հնարավորությունների ստեղծմանը, կա՛մ ինքնուրույն ստեղծել դրանք։ Անձամբ հակված եմ երկրորդ տարբերակին։ Ինքս ասպիրանտ եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և սեմինարների, ինչպես նաև տարբեր ծրագրերի շրջանակներում փորձում եմ հնարավորինս կիրառել ստացածս գիտելիքները, և դրանցով կիսվել մեր ուսանողների հետ»։

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե արտասահմանյան բարձրակարգ բուհերում ուսանած երիտասարդներն ընդգրկվեն ուսումնական գործընթացներում, ակտիվություն ցուցաբերեն ակադեմիական միջավայրում և իրենց ջանքերը ներդնեն մեր կրթական համակարգում արդյունավետ մեթոդների ներդրման հարցում, ապա կունենանք անհամեմատ դրական պատկեր: «Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ անհատների ջանքերը բավարար չեն կրթության որակի համալիր բարելավման համար, քանի որ բարեփոխումները պետք է տեղի ունենան ինստիտուցիոնալ մակարդակում, այսինքն՝ կատարվեն համակարգային փոփոխություններ»,- եզրափակեց Գրիգոր Չոբանյանը։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ