• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Եվրոպա
20.11.2017 | 14:55

Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած Խաչքար-Յուշարձան Գերմանիայի Քէօլն քաղաքում

18 Նոյեմբեր 2017-ին Քէօլնի քաղաքային գերեզմանատան հայկական բաժնում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան բիւրաւոր սուրբ նահատակների յիշատակին կանգնեցուած Խաչքար-Յուշարձանի բացումն ու օրհնութիւնը` ձեռամբ Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանի եւ մասնակցութեամբ Թեմի այլ հոգեւորականների եւ քոյր եկեղեցիների ներկայացուցիչների:

 

Բացման արարողութեանը ներկայ էին նաեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Սմբատեանը եւ նահանգային ու քաղաքային իշխանութեան մի շարք ներկայացուցիչներ: Դեռեւս երկու տարի առաջ Քէօլն քաղաքում Հայոց Ցեղասպանութեան նուիրուած հայկական խաչքար տեղադրելու նախաձեռնութեամբ հանդէս էր եկել Հայ Եկեղեցու Քէօլնի Համայնքը եւ հայց ներկայացրել քաղաքապետարան: Հայցի ներկայացումից յետոյ քաղաքի թուրքական կազմակերպութիւնները` իրենց կողքին ունենալով գերմանաթուրք այլ կազմակերպութիւնների եւ նաեւ թուրքական իշխանութիւնների ու իրենց դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութիւնը ամէն բանի ձեռնարկեցին` խափանելու նախաձեռնութեան իրականացումը:

 

Խաչքարի տեղադրումը խափանելու հարցում յաջողութեան չհասնելուց յետոյ թուրքական դիւանագիտական ներկայացուցչութիւնները եւ համայնքային կազմակերպութիւնները արշաւ սկսեցին, որպէսզի տեղադրուելիք խաչքարի արձանագրութեան մէջ չյիշատակուի «Ցեղասպանութիւն» բառը: Այստեղ եւս թուրքական կողմը չկարողացաւ հասնել զգալի յաջողութեան եւ հայ համայնքի շուրջ երկու տարուայ յամառ պայքարի շնորհիւ ի վերջոյ տեղադրուեց խաչքարը` գերմաներէն եւ հայերէն հետեւեալ արձանագրութեամբ. «Խաչքարս կանգնեցուած է ի յիշատակ 1915/16 Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակին»:

 

Խաչքարի բացումից եւ օրհնութիւնից յետոյ առաջնորդանիստ «Սուրբ Սահակ- Մեսրոպ» եկեղեցում այս առթիւ տեղի ունեցաւ հանդիսութիւն, որի բացումը կատարեց Քէօլնի Հայ Համայնքի ատենապետուհի տիկին Մինու Նիքբայ: Հանդիսութեան ընթացքում ողջոյնի խօսքերով հանդէս եկան ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատեան, նահանգային եւ քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս օրինակ` Քէօլնի քաղաքապետ տիկին Էլիֆէ Շո- Անտվերպես, նահանգային Խորհրդարանի անդամ տիկին Բերիվան Այմազ, քաղաքային խորհրդի քրիստոնեայ-դեմոկրատական խմբակցութեան ղեկավար պարոն Բերնդ Պետելքաու, Քէօլնի Հայ Համայնքի երիտասարդների անունից օրիորդ Մադլէն Կալդիրիմ եւ այլոք: Ելոյթները ընդմիջւում էին Քէօլնի Համայնքի «Կոմիտաս» երգչախմբի երաժշտական կատարումներով:

 

Հանդիսութեան հուսկ բանքը արտասանեց Առաջնորդական Փոխանորդ Հայր Սերովբէ Վարդապետ, ով իր գոհունակութիւնը յայտնեց խաչքարի տեղադրման փաստի առնչութեամբ եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարեցին Խաչքարի տեղադրման իրականացմանը: Հայր Սուրբը իր սրտաբուխ երախտագիտութիւնը յայտնեց ի մասնաւորի Խաչքարի բարերար, Հայ Եկեղեցու նուիրեալ զաւակ, սանկ-պետերբուրգցի Հրաչեայ Պօղոսեանին, որ անձնապէս ներկայ էր Խաչքարի բացման հանդիսութեանը: Պարոն Պօղոսեանը յուզմունքը զսպելով տեղեկացրեց, որ իր համար նման խաչքարերի կամ յուշարձանների տեղադրումը հոգու պարտք է նաեւ իր մեծ հօր յիշատակին, ով 1915-ին մազապուրծ ազատուել էր ցեղասպանութիւնից եւ ապա իր ողջ կեանքը ապրել այդ մահասարսուռ օրերի ծանր տպաւորութիւնների տակ:

 

Հանդիսութիւնը աւարտուեց միասնական երգուած «Տէր ողորմեա»ով եւ Տէրունական աղօթքով, որից յետոյ համայնքային սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ հիւրասիրութիւն:

 

Քէօլն, 20.11.2017

 

Դիւան Առաջնորդարանի

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ