• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.11.2017 | 20:13

Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: 

Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:

Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին և վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:

Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը: 

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ: 
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ

Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,սերժանտներ, վարժարանի սիրելի սաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ: Խորհրդանշական է, որ բացման այս արարողությունը նվիրել ենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին: Ինչպես գիտեք, նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:

Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ:


Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, և դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում: 

Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս:

Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ: 
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր: 

Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը:

Ինչպես մի առիթով նշել եմ, ես իմ կյանքում չեմ հանդիպել մեկ ուրիշին, որն այդքան նվիրված լիներ իր գաղափարին: Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի:

Հարգելի՛ բարեկամներ,

Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին: 

Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության և կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարևորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով: 

Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար: 

Մնում է, որ դուք, սիրելի՛ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սիրելի՛ սաներ, 

Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի իրադարձության առթիվ և մաղթում, որ այս հաստատությունը ձեզ համար դառնա հարազատ օջախ: Վստահ եմ, որ այն կլինի իսկական ռազմիկներ կռելու դարբնոց:
Մաղթում եմ, որ այստեղից կյանք մտնեք Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նկարագրին և վաստակին արժանի քաղաքացիներ և զինվորականներ:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Բարի երթ: 
 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ