• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
22.11.2017 | 20:30

Եթե Թուրքիան դադարի ՆԱՏՕ-ի անդամ լինելուց, կհայտնվի ՌԴ-ից կախվածության մեջ. Թուրքագետ

«Դժվար է ասել, թե որն է եղել նոյեմբերի 8-17-ին Նորվեգիայում անցկացված Trident Javelin զորավարժության ժամանակ գրանցված միջադեպի պատճառը, երբ ախոյանների ցուցակում ընդգրկվել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, իսկ թշնամիների թվում՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի դիմանկարները»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի, գործ ունենք թյուրիմացության հետ։

Գաբրիելյանի դիտարկմամբ, թեպետ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Ենսենն արդեն ներողություն է խնդրել միջադեպի համար, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դա արել է կրկնակի, Թուրքիայի իշխանությունները փորձում են օգտագործել միջադեպը և հակաարևմտյան տրամադրություններ բորբոքել երկրում՝ ՆԱՏՕ-ից որոշ զիջումներ կորզելու, միջադեպը ՆԱՏՕ-ի վրա հնարավորինս թանկ «ծախելու» համար։ «Էրդողանը տեղի ունեցածը թերևս որակում է որպես անձնական վիրավորանք։ Բացի այդ, թուրքական իշխանությունները միջադեպն օգտագործեցին նաև իրենց ներքին խնդիրների համար՝ հայտարարելով, թե տեղի ունեցածի մեղավորը «գյուլենականներն» են։ ՆԱՏՕ-ն արդեն ասել է իր խոսքը, ներողություն է խնդրել և նրա կողմից հարցը փակված կարելի է համարել։ Թուրքական իշխանությունները, սակայն, ձգտում են մեծապես ուռճացնել միջադեպը, շարունակ թարմ պահել թեման և չեն բավարարվում միայն 40 թուրք զինվորականներին հետ կանչելով»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն միջադեպից հետո կոչ արեց վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, դա տեղի չի ունենա, և Թուրքիան կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ դա չափազանց կարևոր է այդ երկրի համար։

Այս համատեքստում Գաբրիելյանը հիշեցրեց հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը Թուրքիան քանիցս փորձում էր կիրառել Սիրիական հակամարտության ժամանակ՝ ՆԱՏՕ-ի միջոցով Բաշար Ասադի պաշտոնանկությանը հասնելու համար։ Այդ հոդվածը Թուրքիայի համար փրկօղակ դարձավ 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական Su-24M ինքնաթիռի ոչնչացումից հետո (թուրքական կողմը նախապես (Su-24M-ի ոչնչացումից առաջ) հաշվի էր առել այդ հոդվածի առկայությունը)։

 

«Եթե Թուրքիան դադարի ՆԱՏՕ-ի անդամ լինելուց, ապա նա արագորեն շատ հարցերում կհայտնվի  ՌԴ-ից զգալի կախվածության մեջ, նրա ազդեցության գոտում և կզրկվի իր այլընտրանք ունենալը ցուցադրելու, մանևրելու հնարավորությունից։ Այնպես որ, չեմ կարծում, թե Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում ծագած ներկայիս սկանդալը մեծ զարգացում կունենա հետագայում և կհանգեցնի Թուրքիայի կողմից դաշինքը լքելուն»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյան։

 

Հացազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ