Հունվար 23, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
27.11.2017 | 12:35

Չարենցը ճանապարհի փիլիսոփա է. գրականագետ

«Չարենցը ողջ 20-րդ դարի գրականության վրա ունեցավ իր մեծագույն ազդեցությունը՝ մեր ժողովրդի հոգևոր կենսափորձը կուտակելով և փոխանցելով հետչարենցյան շրջանին.  նա, անշուշտ, ավելին է, քան գրականությունը»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց ԳԱԱ Գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Սուրեն Աբրահամյանը:

«Չարենցն ապրել է ներքին վերափոխումների տարբեր շրջաններ՝ գրականության համար սահմանելով ինքնաժխտման օրինաչափությունը: Չարենցը, համադրելով նախորդ շրջանների իր ողջ գրական փորձը, ձևավորել է մեր գրականության մեջ համադրական շրջան՝ սինթեզելով 1910-ականների քնարական շրջանը, 20-ականների էպիկականությունը, այդ ամենի համադրմամբ կազմելով իր գիրք իմացությանը՝ «Գիրք ճանապարհին», այսինքն՝ ճանապարհի փորձը»,- նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Չարենցը անցել է գրականության մի պատմափուլից մյուսը՝ հայ նոր գրականությունից մինչև նորագույն: Եվ Չարենցի մեծությունը հենց այդ պատմական առանցքում ճանապարհ ստեղծողի առանձնահատկությունն է: Նա մեծ է հենց պատմությամբ ու պատմականությամբ: ««Երեք երգից» մինչև «Գիրք ճանապարհի» Չարենցը ճանապարհի փիլիսոփա է»

Ըստ գրականագետի՝ Չարենցը մեր հոգեկերտվածքում վիթխարի վերափոխություն է կատարել: Հետտերյանական շրջանում Չարենցը մեր գրականությունը ձևավորեց համաշխարհային գրականության համատեքստում: Տերյանի նշած հոգևոր հայրենիքի գաղափարը Չարենցը պատմական քննության ենթարկեց: Նա հոգևոր կերտվածքի տեսանկյունից սահմանեց մեր ժողովրդի ներքին ինքնությունը, կարողացավ ճանաչել մեր ժողովրդի ներքին եսը, որը պատմական տեսանկյունից ձգտում էր իր ամբողջությանը, իր տիեզերական եսին: «Այն հոգևոր ժառանգությունը, որը գրապատմական առումով թողնում է Չարենցը, վիթխարի ազդեցություն ունի հետչարենցյան շրջանում առհասարակ աշխարհի պոետական պատկերման, ընկալման և պոետական մոդելի ամբողջության տեսանկյունից»,- եզրափակեց գրականագետը:

 

 

 

Այսօր հայ մեծագույն գրող Եղիշե Չրենցի հիշատակի օրն է: 80 տարի առաջ այս օրը (1937, նոյեմբերի 27) Չարենցն իր մահկանացուն կնքեց Երևանի բանտի հիվանդանոցում: Հայ գրականության նորագույն շրջափուլի սկզբնավորող  Եղիշե Չարենցը ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, հարստացրել գրական լեզուն, գրական ժանրերը:

 

 

Մահից մեկ տարի առաջ, Չարենցը մարգարեանալով էր գրել․

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

 

 

 

Գոհար Մակարյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /