Հունվար 22, 2018
Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
27.11.2017 | 20:02

«Գրքի առաջին փառատոնն» ավարտվեց. կհրատարակվեն հաղթող մասնակիցների ստեղծագործությունները

Նոյեմբերի 24-26-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Միհր» ստեղծագործողների միության կողմից անցկացվեց «Գրքի առաջին փառատոնը»:

Փառատոնի շրջանակում անցկացվել են գրքերի ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, ընթերցանություններ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր: Փառատոնի հիմնական մասը կազմում էր անտիպ գործերի մրցույթը: Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն էին՝  «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն»:

Մրցութային 4 անվանակարգերում հաղթող են ճանչվել՝

Համբարձում Համբարձումյան. Արձակ (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։

Ներսես Աթաբեկյան. Չափածո (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա (2-րդ մրցանակ)։

Գուրգեն Խանջյան. Դրամատուրգիա (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան (2-րդ մրցանակ)։

Սիլվա Հովհաննիսյան. Մանկապատանեկան գրականություն (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։

1-ին հորիզոնականում հաղթողների դրամական պարգևը 500 հազարական դրամ է, 2-ինը՝ 300 հազարական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։

Հաղթողներին ձայների 60 և 40 հարաբերակցությամբ որոշել են մասնագիտական և հանրային հանձնախմբերը։ Մասնագիտական հանձնախմբի նախագահը ԵՊՀ պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է, անդամները՝ գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Քրիստինե Հովհաննիսյանը։

Իրականացվեց նաև փառատոնի օրերին ծնված գաղափարը. 19 հայտատուների, որոնք գնահատող հանձնախմբերից ստացել են 30 և ավելի միավոր, հավաստագրեր շնորհվեցին։ Եթե 2018 թվականի ընթացքում նրանք կարողանան գտնել հրատարակիչների, որոնք պատրաստ են սեփական ներդրումով հրապարակել այդ հեղինակների գործերը, Գրքի երևանյան փառատոնը կաջակցի այդ գործընթացին՝ գրքի հանրահռչակման և գովազի համար փոխանցելով 100 հազարական դրամ։

Հավաստագրեր շնորհվեցին Արմեն Հայաստանցուն (դրամատուրգիա անվանակարգում), Կարինե Խոդիկյանին (դրամատուրգիա), Էլֆիք Զոհրաբյանին (դրամատուրգիա), Անուշ Մարգարյանին (մանկապատանեկան գրականություն), Մանուշակ Հովհաննիսյանին (մանկապ.գր.), Սոնա Պողոսյանին (մանկապ.գր), Արփի Ոսկանյանին (արձակ), Ռոբերտ Միրզոյանին (արձակ), Լևոն Շահնուրին (արձակ), Նարեկ Թոփուզյանին (արձակ), Լուսինե Խառատյանին (արձակ), Անուշ Սարգսյանին (արձակ), Արամ Թարվերդյանին (չափածո), Ռուզաննա Ոսկանյանին (չափածո), Վահե Արսենին (չափածո), Արփի Ոսկանյանին (չափածո), Գևորգ Համբարձումյանին (չափածո), Մանե Գրիգորյանին (չափածո), Սուսաննա Ղազոյանին (չափածո)։

Մրցութային 133 հայտերի մեջ իր մրցանակակիրներին էր ընտրել նաև «1 դրամ» կայքը, որն իր սահմանած 100 հազարական դրամի պարգևները հանձնեց Արամ Թարվերդյանին (չափածո) և Արփի Ոսկանյանին (արձակ)։

«Գրքի և հրատարակչության եռօրյա հրաշալի երևանյան հրավառություն, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք-կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գիրքը»,- այսպես բնորոշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

 

Արմեն Ամիրյանը վստահ է, որ հաջորդ տարի արդեն գրքի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու՝ մոտ ապագայում միջազգայինի վերաճելու ակնկալիքով. «Վստահ եմ նաև, որ հրատարակիչներն ու գրքերն այնքան ավելի շատ են լինելու, որ այս մեծ սրահում նեղվածքը շատ ավելի խիտ է լինելու»։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /