• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
29.11.2017 | 11:05

1967թ․-ի նոյեմբերի 29-ին բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

Խորհրդային իշխանության օրոք բացարձակապես անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:

1965թ.-ի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը՝ ուղեկցվելով բազմահազարանոց ցույցերով։ Երևանում կազմակերպված ցույցերի մասնակիցները պահանջում էին հարգել զոհերի հիշատակը։ Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ.-ի մարտի 16-ին որոշեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել։ Այս որոշման ի կատար ածման ակունքներում կանգնած է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զուրաբյանը, ով ջանք չխնայեց պաշտոնական Մոսկվային համոզելու գործում։

 

 

1965թ.-ի ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` հուշարձանի լավագույն նախագծի համար, որտեղ մասնավորապես նշվում էր․

«Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ-ի. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:

 

Մրցույթին ներկայացվեց 69 նախագիծ՝ «Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ անվանումներով: Ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրում ստացավ՝ 100-ական ռուբլի: Կառույցի վայրն ընտրվեց հեղինակների կողմից։ Այսպիսով սկսվեց շինարարությունը, որի ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի, կառուցող ընկերությունը «Երքիմշինտրեստ»-ն էր, ղեկավարն էր շինարար Արտավազդ Օրդուխանյանը:

 

 

Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը: Հազարավոր մարդիկ շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը հավուր պատշաճի մատուցելու համար։ Նրանց շարքերում էին նաև Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները` Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը:

1967թ.-ից սկսած` ամեն տարի ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից, ազգային ու կրոնական պատկանելությունից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկ դնում անմար կրակի շուրջը։ Սկսած 2010 թ․-ից այդ ծաղիկները հավաքում են։ Ցողուններից պատրաստվում է պարարտանյութ Հուշահամալիրի տարածքի հողի համար, իսկ թերթիկներից՝ վերամշակված թուղթ, որը օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։

 

1995 թ․-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա թանգարան, որտեղ տեղ են գտել ոչ հանրամատչելի տեղեկություններ 1915 թ․-ի իրադարձությունների վերաբերյալ։ Թանգարանի  մոտակայքում գտնվում է  պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին ծառեր են տնկում։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար՝ ի հիշատակ 1988 թ․-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի։

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ