• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
01.12.2017 | 11:01

Թիֆլիսահայ մտավորականության դարբնոցը. Ներսիսյան դպրոց

«Ներսիսյան դպրոցը մշակույթի մեծ օջախ է եղել հայ ժողովրդի համար և իր արժանավոր տեղն ունի նրա հոգևոր մշակույթի պատմության մեջ»

Անատոլի Լունաչարսկի

 

 

Հայ դպրությանը ծառայելու իր առաքելությունից դրդված՝ հայ կաթողիկոս Ներսես Աշտարակեցին 1824թ․-ին Թիֆլիս քաղաքում հիմնեց Ներսիսյան դպրոցը, որը սկզբնական շրջանում կոչվում էր Թիֆլիսի հայոց ուսումնարան։

Սկզբնական շրջանում կրթօջախը նախատեսված էր հոգևոր կրթություն տալու համար։ Իր գործունեության առաջին տարում ուներ 3 դասարան, հետագայում դրանց թիվը հասավ 5-ի՝ մոտավորապես 360 աշակերտով։ Ճեմարանի առաջին շունչը կրող շրջանավարտներից են Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը և այլք։ Ճեմարանի տեսուչն է եղել պատմության էջերից մեզ հայտնի Հարություն քահանա Ալամդարյանը, ում տեսչության շրջանը պատմության մեծ հայտնի է «դար Ալամդարյան» անունով։ Նրան հաջորդել են Գաբրիել Պատկանյանը, Պետրոս Շանշյանը, Ստեփանոս Նազարյանը, Սեդրակ Մանդինյանը և այլք։

Դպրոցը մեծ փառք ու պատիվ էր վայելում ոչ միայն թիֆլիսահայ, այլև ողջ հայության շրջանում, վերջինիս գոյության ու անունի մասին խոսում էին ամենուր, ինչը, բնականաբար, չէր կարող հակառակ թևի մոտ չառաջացնել մեծ մտահոգություն։ Ինչպես մեզ է հայտնում Մաղաքիա Օրմանյանը, այդպիսի մի քայլի դիմել է Հովհաննես Կարպեցի Եպիսկոպոսը, ով անգամ մտադիր է եղել փոխել ճեմարանի անունը, սակայն վախեցել է Աշտարակեցու կողմնակիցների հետ անխոսափելի բախումից և չի դիմել այդ քայլին։

Ինչևէ, 1836թ․-ի Պոլոժենիայի հրամանագիրը Կարպեցու համար հարմար առիթ հանդիսացավ Ներսիսյան վարժարանը անշուք մի դպրանոցի վերածելու համար, որին պետք է հետևեր փակումը, և 1843թ․-ին, երբ Ներսես Աշտարակեցին կաթողիկոս ընտրվեց, Ներսիսյան վարժարանը լրիվ կորցրել էր նախկին մակարդակը:

Այսպիսով, Աշտարակեցին լծվեց իր հիմնադրած կրթօջախի վերակազմությանը։ 1846-1848թթ.-ին մեծ աշխատանք տարվեց ճեմարանի շենքի վերակառուցման համար, Աշտարակեցին անձամբ դիմեց հարուստ ազգայիններին, որպեսզի օգնեն վարժարանի վերակենդանացմանը, և նրանց հանգանակությունների ու Ներսես Աշտարակեցու անձնվեր աշխատանքի արդյունքում 1848թ.-ի սեպտեմբերի 17-ին տրվեց Ներսիսյան վարժարանի ուսումնական տարվա մեկնարկը։

Ներսիսյան դպրոցը նոր վերելք ապրեց 1850-ական թվականներից, դարձավ կրթական-լուսավորչական շարժման դրոշակակիրը արևելահայ իրականության մեջ: Ժամանակի ընթացքում դպրոցական կրթական ծրագրում ավելացվեցին բնագիտական առարկաներ, հիմք դրվեց աշխարհաբար ուսուցմանը, արգելվեցին մարմնական պատիժները և այլն։ 1877 թ-ին դպրոցը դարձավ լրիվ միջնակարգ, որից հետո այստեղ սովորել ցանկացողների թիվը մեծացավ, հարկավոր եղավ նոր շինություն կառուցել։ Շինությունը սկսեցին կառուցել 1909թ․-ին, սակայն ոչ այնտեղ, որտեղ նախկին շինությունն էր, այլ Արսենալի լեռան վրա։ Ի դեպ, այդ շինությունն այդպես էլ իր ավարտուն տեսքը չստացավ։

1857թ․-ին վախճանվեց կաթողիկոսը, սակայն ճեմարանը շարունակեց ապրել իր բնականոն զարգացումը։ Հետագայում ևս ճեմարանը շարունակում էր մնալ անփոխարինելի դարբնոց հայ մտավորականության համար։ Այստեղի սաներից են եղել հայ անվանի գրողներ, հրապարակախոսներ, մշակույթի գործիչներ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Զորյանը և բազում այլ արժանավոր դեմքեր, որոնք աշակերտեցին և ուսուցիչ դարձան Ներսիսյան վարժարանում։ 1924 թ․-ին Ներսիսյան դպրոցն ավարտել են նրա վերջին՝ 25 շրջանավարտները, արդեն 1925 թ․-ին Ներսիսյան դպրոցը վերածվել է աշխատանքային դպրոցի:

 

 

 

1951 թ․-ին դպրոցի մի խումբ սաների նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց ներսիսյանցիների ընկերությունը, որը կազմակերպում էր շրջանավարտների հավաքներ, 1965 թ․-ին հրատարակվեց «Անմոռաց դեմքեր. Ներսիսյան դպրոցի սաներ» գիրքը: Ներսիսյան դպրոցի մասին գրվել են բազմաթիվ գործեր, որոնք արժևորել են վերջինիս դերն ու նշանակությունը դպրության ոլորտում:

Այսօր ևս պլանավորվում է Ներսիսյան ճեմարանի շենքի վերանորոգում։ Աշխատանքներն արդեն սկսվել են, շենքի վերականգնման համար հատկացվել է 8 մլն դոլար։ Ծրագիրն ամբողջությամբ ավարտելուց հետո վերջինս օգտագործվելու է Թիֆլիսի Կովկասյան ճեմարանի կողմից։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ