• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
06.12.2017 | 13:00

76 կողմ ձայն՝ ի պաշտպանություն կայունության

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի քննարկման շրջանակներում  76 դեմ, 6 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց Եվրասիական տնտեսական  միությունից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը:

Կարծեք թե վերջակետ դրվեց շուրջ մի քանի ամիս տևած պատմությանը, որը լայն արձագանք էր գտնում ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունում: Իմ դիտարկումներով, ի տարբերություն նրան, արևմտյան մամուլին այս թեման առանձնապես շատ չէր հետաքրքրում: Փորձենք վերլուծել՝ ինչ տվեցին այս ամիսներ տևած քննարկումները, ինչպես նաև՝ որոնք էին ԵԱՏՄ–ին հրաժեշտ տալու վերաբերյալ որոշման փաստարկներն ու հակափաստարկները:

Սկսեմ նրանից, որ այն, ինչ արձանագրվեց քվեարկության արդյունքում, միանգամայն սպասելի էր: Կողմ դնելով քաղաքական շահարկումները՝ դժվար թե Հայաստանում այսօր գտնվի մի բանական մարդ, որը կարողանա հիմնավորել և համոզել հասարակությանը, որ մեր երկրի ոչ այնքան բարվոք տնտեսական վիճակի մեղավորը ԵԱՏՄ –ն է: Նույնիսկ իրենք՝ հայտարարության տեքստի նախաձեռնողները, որոնք բոլորն էլ գրագետ և խելացի անձնավորություններ են:

Ես ինքս հարցին նայում եմ մեկ այլ տեսանկյունից. արդեն վաղուց ենք վարժվել, որ մեկ բան է հավակնոտ հայտարարություն անել՝ ելնելով քաղաքական ներկապնակում տվյալ կուսակցության զբաղեցրած դիրքից և, ինչու չէ, ընտրազանգվածի կողմից նրանից սպասվող քայլերից, և մեկ այլ բան՝ նույն այդ կուսակցության կողմից այնպիսի հիմնավորումներ բերելը, որոնք կբավարարեն թեկուզ և այդ նույն ընտրազանգվածին, էլ չեմ խոսում ընդդիմադիրների մասին:

Կասեք, պարադոքսա՞լ էր արտահայտությունս: Ամենևին ոչ: Դատեք ինքներդ՝ ընթերցելով մի փոքր հատված խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից. «Ես ձեզ առաջարկում եմ մարզեր այցելել եւ մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն այսքան թանկանում եւ հուվարի 1-ից ինչու են թանկանալու։ Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, բացատրեք, որ ապրանքները չեն թանկանում»: Այստեղ ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե սա լիներ պարզապես քաղաքական հայտարարություն այսօրվա ոչ այնքան բարենպաստ տնտեսական վիճակի մասին: Բայց այս հայտարարությունը արվել էր ի պատասխան հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթի այն դրույթի (իմ կարծիքով՝ շատ արդարացի), թե չի կարելի հակադարձել իրար ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն:

Ըստ էության, պարոն Մարուքյանի ասածից ստացվում է, որ մեր տնտեսական խնդիրների և որպես հետևանք՝ թանկացումների հիմնական մեղավորը ԵԱՏՄ-ն է: Այստեղ արդեն հարց է առաջանում. լավ, ենթադրենք, մենք իրոք հրաժարվում ենք այս կառույցից, որը լավ թե վատ, բայց սպառման շուկա կարող է դառնալ հայկական ապրանքների, մասնավորապես՝ գյուղմթերքի, ֆարմակոլոգիական և քիմիական արտադրանքի համար, գրավիչ դառնալ իր տուրիստական հեռանկարներով: Պատահական չէ, որ նույն ռուսական հովեկների համար Հայաստանը գտնվում է նախապատվելի հնգյակում:

Իսկ ի՞նչ են առաջարկում մեզ դրա փոխարեն: Ինչպիսի՞ մրցունակ ապրանքներով ենք մտնում ԵՄ տիրույթ, խաչ քաշելով ԵԱՏՄ վրա: Մի՞թե դաս չեղավ մեզ համար նույն մերձբալթյան երկրների օրինակը, որոնք միակողմանի կտրեցին սեփական տնտեսական պորտալարը և ներկայումս խարխափում են լրջագույն ճգնաժամի մեջ: Իսկ չէ որ նրանք այսօր հանդիսանում են եվրոպական ընտանիքի լիարժեք անդամներ, ինչի մասին մենք կարող ենք միայն երազել, գտնվում են Հայաստանից շատ ավելի բարենպաստ պայմաններում, ներառյալ նաև՝ աշխարհաքաղաքական, չունեն փակ ճանապարհներ, չգիտեն, ինչ ասել է շրջափակում, չունեն ակնհայտ թշնամական հարևանություն:

Կարող ենք հայացք նետել նաև հակասություններով տառապող Մոլդովային, էլ չեմ խոսում Ուկրաինայի մասին, որտեղ լրջագույն ճգնաժամի վերջը նույնիսկ չի երևում: Այդքանից հետո ո՞ր ռեսուրսներով են մեզ առաջարկում ընտրել միակողմանի ճանապարհ դեպի մի աշխարհ, որտեղ, եկեք անկեղծ լինենք, մենք այնքան էլ սպասված հյուր չենք:

Ինչպես արդեն նշեցի, Արևմուտքն առանձնապես մեծ ուշադրության չարժանացրեց ոչ այս քննարկումները, ոչ էլ ԵՄ հետ մեր համաձանագրի ստորագրման փաստը: Փոխարենը կսմիթներ եղան մյուս կողմից, ընդհուպ մինչև բավականին սանձարձակ արտահայտություններ ԶԼՄ-րում, որոնց, ի դեպ, կարելի էր ավելի քաղաքակիրթ և ադեկվատ պատասխանել, քան սոցիալական ցանցերում հայհոյախառն վեճերի մեջ մտնելը: Իհարկե, այս ամենը պատահական չէր:

Մեծ քաղաքականության մեջ ընդհանրապես պատահականություններ չեն լինում, ժամանակն է, որ բոլորս այս աքսիոմը հասկանանք և անենք համապատասխան հետևություններ: Կարծում եմ՝ այս ամենը շատ լավ են հասկանում նաև մեր ընդդամիդիր խորհրդարանականները, որոնք, ի դեպ, կիևյան՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հանդես եկան միանգամայն պետականամետ դիրքերից՝ ի պատիվ իրենց:

Իսկ որն է ե՞լքը: Առիթ ունեցել եմ ասելու, և հիմա էլ ցանկանում եմ ընդգծել: Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ և առաջ ընթանալ միայն մեկ ճանապարհով՝ վարելով հավասարակշռված քաղաքականություն թե՛ Եվրոպայի և ողջ Արևմտյան աշխարհի, թե՛ Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ մեր գործընկերների հետ՝ օգտագործելով և զարգացնելով մեր ներուժը, որը նույնպես փոքր չէ: Մենք պետք է կարողանանք իսկապես գրավիչ դառնալ աշխարհի համար, ոչ թե մի ծայրահեղությունից մյուսն ընկնենք առանց լրջորեն ծանր ու թեթև անելու հետևանքները:  Նման շռայլություն մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու:

 

Գոռ Արմենյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ