• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.12.2017 | 17:02

Ռուսական Матч ТВ-ն ներկայացրել է Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմի ամբողջական տարբերակը

Ռուսական «Մատչ TV» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել հայ ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Վերջինս խոսել է իր ընտանիքի, երազանքների ու պլանների մասին:

Հոր մահվան մասին

Ինձ համար շատ ցավալի է, որ հայրս հիմա կողքիս չէ: Նա ֆիզիկապես չի տեսնում՝ ինչի եմ ես հասել ու ինչի կարող եմ հասել: Ես կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար, որ իր հայրը կողքին լիներ և ուրախանար իր հաջողություններով: Տանը երբեմն մտքեր են առաջանում, որ՝ եթե նա կողքիս լիներ, ամեն ինչ այլ կլիներ: Գուցե ես չհայտնվեի «Մանչեսթեր Յունայթեդում»… Եթե չլիներ իր հիվանդությունը, մենք, գուցե, Ֆրանսիայից Հայաստան չվերադառնայինք: Չեմ կարող գուշակել՝ ինչ կլիներ: Երբ պատկերացնում եմ՝ եթե նա լիներ կողքիս և տեսներ՝ որտեղ եմ ես հիմա, ինձ մոտ միտք է առաջանում՝ իսկ եթե իմ տղան հասներ այդպիսի հաջողությունների և խաղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից, ես ուղղակի կխելագարվեի

Կյանքը՝ «Մանչեսթեր»-ում և ընթրիքը՝ Իբրահիմովիչի հետ

Ես հաճախ եմ քաղաք դուրս գալիս՝ ընթրելու: Ինձ այստեղ դուր է գալիս, ձմռանը Սուրբծննդյան տոնավաճառներ են կազմակերպում, այդ շրջանում այստեղ հրաշալի է: Մատուցում են շոկոլադե կրեմով բլիթներ, գինի, մի խոսքով՝ ամեն ինչ ամանորյա է: Հայկական ռեստորանը՝ առաջին վայրերից մեկն էր, ուր ես այցելել եմ, երբ ժամանեցի «Մանչեսթեր»: Ես ծանոթացա ռեստորանի տիրոջ հետ, մենք հիմա լավ ընկերներ ենք, և ես հուսով եմ՝ այդ ընկերությունը կշարունակվի:

Վերջին խաղացողը, ում ես այստեղ հրավիրել եմ, եղել է Զլատան Իբրահիմովիչը, հրավիրել եմ հենց Սեն-Էթյենի հետ խաղից առաջ, երբ նա երեք գոլ խփեց: Մենք նկարվեցինք շեֆ-խոհարարի հետ, իսկ հայկական համեղ ուտելիքներից հետո Զլատանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Լավ հուշեր են:

Զլատանը շատ բարդ բնավորություն ունի, նա ոչ բոլորի հետ է լեզու գտնում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և այն, ինչի մասին նա խոսում է: Գուցե պարզապես չե՞ն կարողանում հասկանալ: Մենք հենց առաջին օրից լավ հարաբերություններ ունենք: Անգամ երբ նա վերականգնվում էր «Մանչեսթեր»-ից դուրս, մենք շփվում էինք, պահում էինք կապը:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչն իրեն աստվածացնում է: Բայց երբ մենք ինքնաթիռից իջանք Ռոստովում, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես՝ հիմա ով է Աստվածը»: Կատակում եմ: Ուղղակի հայերը շատ էին, բոլորը իմ անունն էին տալիս: Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ ուրիշ Աստված էլ կա՝ ես (ծիծաղում է-հեղ.):

Մոսկվայում ապրող տատիկը

Ռուսաստանում ինձ ուժ էր տալիս այն, որ մարզադաշտում շատ հայ երկրպագուներ են լինում, այն, որ ես մոտ եմ իմ տանը, Հայաստանին: Մենք Մոսկվայում վայրէջք կատարեցինք և ավտոբուսով գնացինք հյուրանոց: Բոլորը պարզապես հիացած էին ճարտարապետությամբ, մարդկանցով, և իհարկե, աղջիկներով: Ես կարծում եմ՝ բոլորին դուր եկավ Մոսկվան: Դժգոհ մարդիկ չկային: Բոլորը պարզապես հիացած էին:

Մայրական կողմից իմ տատիկը Մոսկվայից է: Ահա ինչ կապ ունեմ ես Մոսկվայի հետ: Մանկության տարիներին ես տարվա մի քանի ամիսը՝ արձակուրդս, անցկացնում էի այստեղ: Այդ ժամանակ լինում էի «Սպարտակի» խաղերին:

«Սպարտակ» - «Սատուրն» խաղն էր: Եթե չեմ սխալվում, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Այդ ժամանակ ես «Սպարտակի» մոլի երկրպագուն էի՝ ուղղակի խենթացնող թիմ էր, շատ լավ թիմ: Նրանք հիասքանչ էին խաղում Չեմպիոնների լիգայում՝ Ռոմանցևի ժամանակ: Դա ինձ համար լրացուցիչ խթան էր՝ ֆուտբոլիստ դառնալու, Չեմպիոնների լիգային մասնակցելու, հզոր մի թիմում խաղալու: Կոնկրետ մեկին դժվար է առանձնացնել, ամբողջ թիմն ինձ դուր էր գալիս: Խաղում էին՝ միմյանց թիկունք լինելով, ջանում էին, պայքարում, խաղում էին մինչև վերջ: Դրա համար էլ արդյունք էր լինում:

«Սպարտակ»-ի և «Անժի»-ի առաջարկների մասին

Այդ տարիքում ես նայում էի ոչ միայն Ռուսաստանի չեմպիոնատը, այլև Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի: Ինձ համար, դա բոլորը գիտեն, լավագույն օրինակ էր Զիդանը: Գուցե հենց իրենից եմ վերցրել ես շատ բաներ, որ տեսել եմ հեռուստացույցով, տեսաերիզներով՝ ինչպես մարզվել, ինչպես ինձ պահել:
«Սպարտակ»-ից հրավեր եղել է: Նույն այդ շրջանում էլ առաջարկ ունեցա և «Անժի»-ից: Բայց ես չէի ցանկանում «Շախտյոր»-ից հեռանալ: Դա այդ պահին մեկ քայլ հետ էր, իսկ ես պետք է մեկ քայլ առաջ գնայի, որովհետև արդեն ժամանակն էր «Շախտյոր»-ից դուրս գալ և խաղալ ավելի ուժեղ ակումբում ու չեմպիոնատում:

Գումարի նշանակության մասին

Ես երբեք ուշադրություն չեմ դարձրել ֆինանսական պայմաններին: Եթե սկսես մտածել այդ մասին, ֆուտբոլը երկրորդ պլան կանցնի: Ես միշտ մտածում էի, որ եթե խաղամ առաջատար թիմերում և լավ խաղ ցույց տամ, ապա փողն ինքը կգա քո բանկային հաշվի վրա: Ես մինչ օրս հստակ չգիտեմ՝ որքան գումար եմ աշխատում:

Ես, իհարկե, գիտեմ պայմանագրի գումարի չափը, բայց թե ամսական որքան եմ ստանում՝ գաղափար չունեմ: Դա այնքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևոր է՝ խաղալ և հաճույք ստանալ այդ խաղից: Ես դեռ 28 տարեկան եմ, ցանկանում եմ մի քանի տարի բարձր մակարդակի խաղ ցույց տալ, հետո արդեն կմտածեմ՝ ինչպես գումար աշխատել:

Հայաստանի գլխավոր դեսպանի մասին

Ես կարծում եմ՝ Հայաստանի ամենագլխավոր դեսպանը Շարլ Ազնավուրն է: Այն, ինչ նա անում է Հայաստանի համար, շատ ավելին է, քան իմ արածը: Կան մարդիկ, ովքեր ֆուտբոլով չեն հետաքրքրվում, այլ՝ մշակույթով: Նրանց ավելի մոտ է Ազնավուրը:

Ինձ համար ամենից կարևորը որքան հնարավոր է շատ տիտղոսների արժանանալն է, որովհետև ֆուտբոլային կարիերայի ավարտին կհիշեն՝ ինչի եմ ես արժանացել: Եթե քեզ համար անուն ստեղծես, հետո այդ անունը քեզ համար կաշխատի: Ես աշխատում եմ խաղալ՝ ի նպաստ իմ անվան, որպեսզի մարդիկ իմ մասին լավ հիշեն և լավ խոսեն: Ամենակարևոր գավաթն ինձ համար Չեմպիոնների լիգայի գավաթն է: Իսկ եթե խոսենք հավաքականի մասին, կցանկանայի խաղալ Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնատում:

Ես տատիկիս հետ միշտ խոսել եմ ռուսերեն, իսկ դպրոցում այն ամրապնդել: Իմ դասվարը ռուսաց լեզվի ուսուցչուհի էր: Նա միշտ ասում էր, որ պետք է ավելի լավ սովորել, ավելի լավ խոսել և գրել ռուսերեն: Նա ինձ ստիպեց ռուսերենին գերազանց տիրապետել:

Եթե անկեղծ՝ ես մտածում եմ զբաղվել մի բանով, որ կարող է օգուտ տալ երեխաներին: Օրինակ, մարզիչ դառնալ կամ որևէ այլ ոլորտում գործել: Չեմ ուզում մտածել միայն իմ մասին և այն մասին, որ միայն ինձ կարող է օգուտ տալ: Ցանկանում եմ իմ մտքերով, իմ օգնությամբ երեխաներին սատարել: Թանկագին երեխաներ, երբեք մի բավարարվեք ձեռք բերածով: Գումարն ապագա չէ: Ապագան այն է, ինչով դուք զբաղվելու եք: Այդ պատճառով՝ հավատացեք ձեզ, հավատացեք նրան, ինչ կարող եք անել, աշխատեք և երբեք կանգ մի առեք:

Աղբյուր` Panorama.am



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ