• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք
06.12.2017 | 20:30

Թուրքական իշխանությունների համար անընդունելի է Բեքչյանի հայակենտրոն կերպարը. Թուրքագետ

«Ըստ շրջանառվող լուրերի՝ մինչև այս տարեվերջ պետք է տեղի ունենար  Նահանգապետարանի կողմից թույլատրված Պոլսո պատրիարքի ընտրությունը, սակայն տարին արդեն ավարտվում է, և հարցի շուրջ հստակություն չկա»,- այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Ըստ թուրքագետի՝ ընտրությունների երկարաձգման մեջ ներգրավված են ոչ միայն թուրքական պետական իշխանությունները (թույլտվությունը պետք է տա նահանգապետարանը). այս հարցի շուրջ յուրահատուկ խաղ է ձևավորվել, որի մեջ նույնիսկ հայ համայնքի տարբեր հատվածներ են ներգրավված։

Տեսանելի չէ հայկական համայնքի միասնական դիրքորոշում նոր ընտրությունների հետ կապված, ինչը, ըստ Գեղամյանի, բերում է թուրքական իշխանությունների  քաղաքականության վերահաստատման։ «Այսինքն՝ առկա է հետևյալ պատկերը՝ մենք (Թուրքիան) մեր կողմից ենք երկարաձգում, բայց խնդիրը միայն մեր մեջ չէ, դուք՝ հայերդ էլ եք դրան նպաստում։ Սա է վերջին շրջանի դիտարկումների արդյունքը, որը կարող ենք նշե» ։

Անդրադառնալով Պետրոս Շիրինօղլուի՝ իշխանության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, թուրքագետը նշեց, որ հանդիման առանցքում եղել է պատրիարքության հարցը։ Մեր զրուցակցի դիտարկմամբ, այն, ինչը մենք լսում ենք Շիրինօղլուի շուրթերով, համաձայնեցվում է պետական իշխանությունների հետ։ «Այս հանդիպումը վերահաստատեց, որ իշխանությունները և համայնքի այն մասը, որը ներկայացված է ի դեմս Շիրինօղլուի, այս պահին չի ընդունում տեղապահ Բեքչյանի կարգավիճակը, ինչն էլ խոչընդոտում է նոր ընտրությունների կազմակերպումը, քանի որ Բեքչյանն այն հոգևորականն է, ով կարող է բոլոր կողմերի համար կոմպրոմիսային լինել և կազմակերպել բավական թափանցիկ  ընտրություններ»,- նշեց Գեղամյանը՝  ընդգծելով, որ Բեքչյան սրբազանը տեղապահ ընտրվելուց հետո պարբերաբար փորձում է շփում հաստատել թուրքական իշխանությունների հետ՝ նրանց շնորհավորանքներ, օրհնանքներ, հորդորներ հղելով, որոնք, սակայն, վերջին շրջանում մնում են անպատասխան։ Դրանով նահանգային իշխանությունները ցույց են տալիս, որ չեն ճանաչում տեղապահ Բեքչյանին, և թուրքագետի խոսքով, նրանց մոտ ֆորմալ առումով դեռ Արամ Աթեշյանն է գրանցված։

«Թուրքական իշխանությունների համար անընդունելի է Բեքչյանի կերպարը, քանի որ վերջինս ոչ միայն հայակենտրոն հոգևորական է, այլև ունի որոշակի անանձնական նկրտումներ, և նրա կողմից պատրիարքական ընտրությունների կազմակերպումն, ամենայն հավանականությամբ, կլինի իսկապես արդար ու թափանցիկ։ «Սակայն հասկանալի է, որ պատրիարքի կերպարը թուրքական իշխանությունների տեսանկյունից առաջին հերթին քաղաքական կերպար է, ուստի այդ կերպարում  պետք է լինի այն մարդը, ում հավանություն է տալիս երկրի իշխանությունը։ Այս դեպքում իշխանությունը առկա թեկնածուներից դեռևս շարունակում է սատարել Աթեշյանին, չնայած համայնքի զգալի մասը՝ թե՛ մտավորականները, թե՛ սովորական համայնքային զանգվածը շատ ոգևորված է պատրիարքական տեղապահ Բեքչյանի ընտրությամբ»,- ասաց Գեղամյանը։

Վերջինիս դիտարկմամբ մինչև տարեվերջ ընտրություններ տեղի չեն ունենա, եթե կրիտիկական զարգացումներ չլինեն։ Գեղամյանի խոսքով, այս հարցով պետք է զբաղվեն  նախ թուրքական իշխանությունները, որոնք այս պահին այլ օրակարգային հարցեր ունեն: Ընտրությունների ձգձգումը թուրքական իշխանությունների կողմից մտադրված կիրառվող քաղաքականություն է՝ հուսալքելու համար համայնքը, որն արդեն իսկ հաջողությամբ ստացվում է, ինչն էլ բերում է իշխանական թեկնածուի դիրքերի ամրապնդման։ «Իշխանական թևն այս պահին ամենից շատ սատարում է Աթեշյանին։ Սակայն Բեքչայնն էլ Ամենայն հայոց հայրապետի հովանավորությունն ունի, ինչը շատ կարևոր է։ Նրան է ճանաչում Մայր Աթոռը որպես պատրիարքական տեղապահ, ինչը նշանակում է, որ Բեքչյանն իր բարձրագույն ղեկավարից օժտված է եկեղեցական կյանքը կազմակերպելու արտոնությամբ։ Իսկ այս դեպքում Աթեշյանը հակառակ ճամբարում է հայտնվել»,- եզրափակեց Վարուժան Գեղամյանը։  

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ