• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 11:01

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի

«Հիշում եմ 1988թ–ի դեկտեմբերի 7–ի Լենինականը։ Գիշերը քաղաքում խարույկներ էին վառվում, որոնց արնակարմիր լույսի տակ ուրվագծվում էին տղամարդկանց և կանանց, երեխաների և ծերերի պատկերները` ծածկոցների մեջ փաթաթված։ Յուրաքանչյուր ավերված տան մոտ խումբ–խումբ մարդիկ էին կանգնած. Նրանց դեմքին սպասում էր դրոշված։ Վիշտն ու հույսը միախառնվել էին։ Այդ պահին միակ նպատակը մարդկային կյանք փրկելն էր, իսկ եթե ճակատագիրն այլ կերպ էր տնօրինում, ապա` նախնիների ավանդույթներով հողին հանձնելը...»

Սուրեն Հարությունյան

 

 

 

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ․–ի դեկտեմբերի 7–ին առավոտյան ժամը 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը 30 վայրկյանի ընթացքում գրեթե հիմնովին ավերվել է։ Ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանի տարածքի մոտ 40%-ը։ Վայրկյանների ընթացքում ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրավոր գյուղեր ու բնակավայրեր։

Կործանիչ երկրաշարժին զոհ գնաց ավելի քան 25 հազար մարդ ( իրականում այս թիվը հասցվում է մինչև 35 հազարի ), 530 հազար մարդ հայտնվեց դրսում։ Արդյունքում դադարեցինք գործել թվով 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական կենտրոններ ավերվեցին, և Խորհրդային Հայաստանի տնտեսությանը հասցվեց 13 մլրդ ռուբլու վնաս։

 

 

Այս օրհասական պահին Հայաստանի կողքին կանգնած էր Հայկական Սփյուռքը, որն անգնահատելի օգնություն ցուցաբերելով աղետի գոտում հայտնված քաղաքացիներին՝ այսօր էլ շարունակում է բարեգործական միջոցառումների միջոցով, անհատական կամ կազմակերպված հանգանակությունների միջոցով իր աջակցությունը հայտնել երկրաշարժի արդյունքում տնակներում հայտնված անձանց։ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ՝ միտված աջակցելու աղետից մազապուրծ ժողովրդին։

«Ազնավուրը Հայաստանին» կազմակերպությունը ստեղծվեց մեծանուն  հայ Շառլ Ազնավուրի ջանքերով, ով 1988թ․-ին, հետագայում ևս, մի քանի անգամ եկավ Հայաստան, կատարեց մեծ չափի նվիրատվություններ, բարեգործական համերգներ և այլն։ Նա 1989թ․–ին հայազգի ռեժիսոր Անրի Վեռնոյի հետ միասին կոչ արեց Ֆրանսիայի արվեստի գործիչներին համատեղ վավերագրական տեսահոլովակ նկարահանել։ Ձայնագրմանը մասնակցեց 90 երգիչ ու դերասան։ Երգը կոչվեց «Քեզ համար, Հայաստան» և յուրահատուկ օրհներգ դարձավ հայ ժողովրդի համար։

 

 

Անհատական կերպով բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից ոմանք՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ երկար ժամանակ մնացին Հայաստանում և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ (Հետագայում արժանացավ Ազգային հերոսի կոչման)։ Հանձնաժողովը լծվեց աղետից տուժած ազգաբնակչությանը օգնություն հատկացնելու պատվաբեր գործին։ Այս օրերին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։ Հայաստանում էին գտնվում նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալներ Բորիս Շչերբինը, Յուրի Բատալինը, Լև Վորոնինը, Իվան Սիլաևը և այլք։ Նրանցից Բորիս Շչերբինն այդ օրերին գլխավորում էր Լենինական քաղաքի հատուկ շտաբը և անձնվեր կերպով ձեռնամուխ եղավ ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի կանոնակարգմանը Լենինականում։

-35 աստիճան սառնամանիքի պայմաններում նա անձամբ օգնեց զենքերի փլատակների տակից մարդկանց հանելու գործընթացին, շուտով հիվանդացավ, մահամերձ վիճակում տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ վախճանվեց։ Այսօր Գյումրիում կանգնեցված է Շչերբինի կիսանդրին, անվանակոչվել է նաև փողոց։

Աղետին հաջորդող օրերին Հայաստանի երկնքում ինքնաթիռների պակաս չէր նկատվում, մեկը մյուսի ետևից գալիս էին հումանիտար օգնություն բերող ինքնաթիռները։ Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ ինչպես խորհրդային, այնպես էլ ոչ խորհրդային երկրներից, երկրաշարժի առաջին ժամերից սկսվեց դեղորայքի, բուժսարքավորումների, շինարարական տեխնիկայի, վրանների ու սննդամթերքի հոսքը Սպիտակ ու հարակից շրջաններ։

 

 

Կազմակերպված աշխատանքների ու կամավորների ակտիվ աջակցության շնորհիվ փլատակների տակից ու աղետի գոտուց հանվեց շուրջ 170 հազար մարդ և հանգրվան գտավ արտասահմանում։ Հայաստանին համակողմանի օգնություն ցուցաբերեցին աշխարհի ավելի քան 111 երկրներ (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, ԳԴՀ, Շվեյցարիա, Լիբանան, Իտալիա) և 7 միջազգային կազմակերպություններ։ 1990թ․-ի հունվարի 1-ի տվյալներով Հայաստանի օգնության հիմնադրամին փոխանցվել էր 35 մլն դոլար։

Այս օրերին Հայաստան օգնություն էին բերում նաև Հարավսլավիայից, որը, սակայն, տեղ չհասավ․ հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմը զոհվեց։ Այդ օրերին օգնություն հասցնելու նպատակով Գյումրի մեկնող ինքնաթիռի 69 զինծառայող ևս զոհվեց։

Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները 1989թ․-ին «Իտալական գյուղ» բնակելի թաղամասը կառուցեցին Սպիտակում, նորվեգացի բարերարների միջոցներով կառուցվեց ժամանակակից հիվանդանոց, որը կրում է հայտնի բարերար, հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել նաև ավստրիացիները։ Գյումրիում կառուցվեց և շահագործման հանձնվեց անգլիացիների կողմից կառուցված դպրոցը, որի բացմանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

 

 

Օգնություն բերողները մեկը մյուսին հերթ չէին տալիս, աջակիցները շատ էին, կարիքավորներն՝ էլ ավելի։ Այս օրերին իրականացվում էին նաև շինարարական աշխատանքներ․ մարդիկ մնալու տեղ չունեին։ Սակայն պետք է նշել, որ այս ժամանակահատվածը բարդ էր նաև քաղաքական առումով․ Ղարաբաղյան հիմնահարցը օրակարգում էր, Ադրբեջանը խոչընդոտ էր հանդիսանում շինանյութի փոխադրման համար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները պահանջում էին արտասահմանցիներից լքել Հայաստանի տարածքը։ Այս ամենը օգնության եկածներից ինչ-որ մի հատվածի համար հիմք դարձավ Գյումրին լքելու համար։

Զոհերի հիշատակը միշտ վառ է պահվում, այս աղետը անհնար է մոռանալ։ 1988թ․-ին ԽՍՀՄ-ում թողարկվեց 3 ռուբլի արժողությամբ հուշադրամ` նվիրված Հայաստանին ցուցաբերած համաժողովրդական օգնությանը։ 2008թ․–ի դեկտեմբերի 7–ին Գյումրիի կենտրոնում բացվեց հուշակոթող` նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։ Հուշակոթողը կոչվեց «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»։ 2015թ․–ին Սպիտակում տեղադրվեց հուշարձան, կոչվեց այն «Հուշարձան խորհրդային զինվորներին»։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ