• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 17:32

Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է  Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը,  Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը,  ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ:

 

Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ  և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:

 

«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ,   հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և’ անասնաբուժությունը, և’ վերահսկողությունը, և’ որակի բարձրացումը, ինչը թույլ կտա  ապահովել  ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:  

 

«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», – հավելել է Իշխան Կարապետյանը:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:

 

Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:

 

Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:   

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել  այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝  այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:

 

Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժնից:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ