Հունվար 23, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
08.12.2017 | 13:48

Երուսաղեմում այսօրվա աղոթքից հետո բախումներն անխուսափելի կլինեն

Այսօր՝ ուրբաթօրյա աղոթից հետո, պարզ կդառնա Երուսաղեմում տիրող իրավիճակը. եթե իրավիճակը խաղաղ լինի, այդպես էլ կշարունակվի, և հակառակը. մինչև հիմա անորոշ է։ «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում Երուսաղեմից հայտնեց Երուսաղեմի ՌԱԿ Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Շոհմելյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ երեկ բախումներ տեղի են ունեցել, բայց բախումների արդյունքում մարդկային զոհեր չեն եղել, մարդիկ միայն վիրավորվել են կամ վնասվածքներ են ստացել։ «Հրեաները շատ զգուշավոր են, որպեսզի  զոհեր չլինեն։ Եթե այսպես շարունակվի, աստիճանաբար իրավիճակը կհանդարտվի։ Բայց դեպքերի վրա լույս կսփռվի այսօր՝ աղոթքից հետո»,- նշեց Շոհմելյանը և ընդգծեց, որ արաբները դժգոհ են Թրամփի կայացրած որոշումից, բայց նրանք այժմ ի վիճակի չեն խնդիրներ առաջացնել, քանի որ չունեն այդ ուժը և զբաղված են իրենց ներքին խնդիրներով.  ճիշտ ժամանակ ընտրվեց նման հայտարարություն անելու համար, 30 տարի է՝ որոշված էր, սակայն Թրամփը հիմա հայտարարեց դրա մասին։

Երուսաղեմաբնակ մեր հայրենակցի դիտարկմամբ,   վաղ թե ուշ 2 կողմերն էլ պետք է միասին որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ, և հավանական է, որ քաղաքը բաժանվի, ու մեծ մասն էլ հրեաների տիրապետության տակ անցնի. ուժը հրեաների ձեռքում է։ «Թրամփի որոշմամբ ոչինչ չփոխվեց, Երուսաղեմն արդեն տարիներ շարունակ հրեաների տիրապետության տակ է։ Ժամանակը ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը, բայց ինչ էլ լինի, ի նպաստ հրեաների կլինի»։

«Այսօրվա աղոթքից հետո բախումներ անպայման կլինեն, բայց հստակ չէ՝ արդյո՞ք այդ բախումները շարունակական բնույթ կկրեն։ Ինչպես արդեն նշեցի, արաբները պատրաստ չեն շարունակության, քանի որ զորություն չունեն։ Բայց հրեաներն իրենց զինվորներին տեղակայել են քաղաքի սահմանի երկայնքով, որպեսզի հավելյալ խնդիրներ չլինեն»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Խոսելով տեղի հայ համայնքի վրա դեպքի թողած հնարավոր ազդեցության մասին՝ Շոհմելյանն ասաց, որ հայերը չեն խառնվում քաղաքականությանը և որտեղ էլ բնակվեն, հետևում են տեղի իշխանությանը։ «Հայերը որտեղ էլ գտնվեն, չեն դավաճանում իրենց կառավարությանը։ Իսրայելական կողմի հայերը չեն խառնվում պաղեստինյան հարցերին, արաբական կողմի հայերն էլ իսրայելականին չեն խառնվում։ Քաղաքականությունից հեռու լինելու, քաղաքական հարցերին չմիջամտելու պատճառով էլ հարգանք են վայելում։ Այնուամենայնիվ, եթե իրավիճակը շարունակվի, թերևս հայության համար միայն սոցիալական խնդիրներ առաջ գան», եզրափակեց Հակոբ Շոհմելյանը։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /