• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
11.12.2017 | 12:06

Էպոտաժային լուծում… Արցախի համար

Այն, որ Դոնալդ Թրամփը որոշ առումով էպոտաժային գործիչ է, նկատելի էր դեռևս նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ: Անսպասելի հայտարարություններով հանդես գալը, իհարկե, այնքան  էլ հարիր չէ գերտերության ղեկավարին, բայց դա Թրամփի ոճն է՝ ընդունելի լինի, թե` ոչ: Թրամփի արած հայտարարությունը  ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին, լուրջ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանում:

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը եղել է ԱՄՆ 45-րդ նախագահի  նախընտրական խոստումներից մեկը, բայց արդյո՞ք Երուսաղեմին նոր կարգավիճակ շնորհելը ԱՄՆ-ի մենաշնորհն է հանդիսանում: Թվում է` ամերիկյան Կոնգրեսը չի պաշտպանի նման վիճահարույց գաղափարը, թեպետ Նահանգների ստորին պալատը դեռևս 1980 թվականին էր ընդունել համապատասխան որոշում: Հարցը խորքային է տարածաշրջանի երկրների հատվածական շահերի համատեքստում, իսկ գլոբալ առումով` նաև ողջ Եվրոպայի համար: Անգամ Հայաստանն այդտեղ մտահոգություններ ունի` թեկուզև այն օրինական հիմքով, որ սուրբ քաղաքում է գտնվում Հայ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:

Արդեն իսկ հիմա, ինչպես եվրոպական, անպես էլ մերձավորարևելյան երկրների տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հնչում են կոշտ գնահատականներ թրամփյան հայտարարության վերաբերյալ: Մենք, սակայն, փորձենք խնդրին նայել ղարաբաղյան կարգավորման հեռանկարի տեսանկյունից:

Անհերքելի է, որ Միացյալ Նահանգներն առհասարակ կաշկանդված չէ որևէ երկրի կամ տարածքի կարգավիճակի ճանաչման հարցում, և Կոսովոն դրա վառ ապացույցն է: Ընդ որում, եթե Ռուսաստանը ևս «մենաշնորհային անկանխատեսելիություն» դրսևորելով` իրեն նույնպես թույլ է տալիս նորաստեղծ պետական կազմավորումներ  ճանաչել /Աբխազիա, Հարավային Օսիա/, այդուհանդերձ, նրա գործողությունները միջազգային հանրության կողմից աջակցություն չեն ստանում: Մինչդեռ, ԱՄՆ-ի նմանատիպ մոտեցումներին Եվրոպան բացահայտորեն սատարում է, անկախ այն բանից, թե ով է տվյալ պահին կանգնած անդրօվկիանոսյան գերտերության իշխանության գլուխ: Չենք կարող պնդել, անշուշտ, որ Երուսաղեմը հրեական մայրաքաղաք ճանաչելու որոշումն ի վերջո ճարահատյալ աջակցություն կստանա Եվրոպայում, բայց դա տեղի ունենալու պարագայում` նախադեպը կարող է հուշարար դառնալ արցախյան կարգավորման համար:

Ուշագրավ էր  այս առումով  ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում 2016 թվականի ապրիլին իրավիճակի սրման կապակցությամբ ԱՄՆ-ի դրսևորած դիրքորոշումը: Սպիտակ տան վերահսկողության տակ գտնվող հեռաուստաալիքներից մեկը նույնիսկ ուղիղ եթերում հարցազրույցներ էր կազմակերպել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի և Արցախի  արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: Ավելին, եթե Մամեդյարովին ուղղված հարցերը վերաբերում էին առավելապես Իլհամ Ալիևի օֆշորային արկածներին, ապա Կարեն Միրզոյանը խոսեց հիմնականում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական տվյալներով,  Հայաստանում ԱՄՆ դեսպանը սպառնացել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի պատերազմական գործողությունները, ապա Միացյալ Նահանգները կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Սա ԼՂՀ-ն ճանաչելու ուղղակի զգուշացում էր, և Ադրբեջանի ղեկավարությունը թերևս նաև այս մտավախությամբ դիմեց ՌԴ միջնորդությանը` ռազմական էսկալացիան Ղարաբաղում դադարեցնելու խնդրանքով: Իսկ ինչպես ցույց է տվել 1994-ի մայիսի փորձը, հայկական ռազմական մեքենան կանգնեցնելու «քարտ բլանշ» ունի միայն Ռուսաստանը:

Այս համապատկերում կարևոր ենք համարում նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների անվտանգությունն ապահովելու ԱՄՆ հանձնառությունը, որը խիստ կարևոր ուղերձ է պարունակում: Դեռևս անցյալ տարվա փետրվարին կոնգրեսականները  պետքարտուղար Ջոն Քերրիին հիշեցրել էին, որ Իրաքից և Սիրիայից փախչող քրիստոնյաների, այդ թվում հայերի համար, անհրաժեշտ է ընդունման հատուկ կարգ հաստատել, որովհետև  նրանք են գտնվում կոտորածի ամենամեծ վտանգի տակ: Ջոն Քերրին, ընդունելով նկատառումը, պարզաբանել էր, որ հարցը պետք է կարգավորվի իրավական և փաստահավաք աշխատանքների ավարտից հետո:

Կարելի է, ուրեմն, այս ամենից եզրակացնել, որ Արցախի համար էական չէ «թրամփյան էպոտաժությունը», որովհետև նույն տրամաբանությամբ Դոնալդ Թրամփը մի գեղեցիկ օր կարող է հայտարարել Արցախի Հանրապետության ճանաչման մասին: Նկատենք` իրանա-թուրքական տարածաշրջանում Ղարաբաղը յուրօրինակ Երուսաղեմ է, և եթե Ռուսաստանում դա առայժմ հաշվի չեն առնում, ապա օվկիանոսից այն կողմ կարծեք սկսել են իրողություններն այլ կերպ գնահատել:  Իսկ դա Վիեննայից առաջ էր սկսվել, թե հետո` բնավ կարևոր չէ:

 

 

ԿԻՄ   ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Ստեփանակերտ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /