Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
11.12.2017 | 20:19

Համլետ Պետրոսյանը պարզաբանել է Դադիվանքի պեղումների շուրջ ծագած թնջուկը

Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու 2017 թվականի հնագիտական հետազոտության ժամանակ որեւէ զմռսված գաղտնարան չի հայտնաբերվել: Տեղեկացնում է Արցախպրեսը:

Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրատվամիջոցներում զետեղված թյուր հրապարակումներին, պարզաբանեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ հետազոտության ընթացքում ստորգետնյա կառույց է բացվել: «Այն հիմնականում դատարկ էր: Մենք գործ ունենք 50 սանտիմետր լայնությամբ եւ 6.5 մետր երկարությամբ պլանավորված կառուցված ստորգետնյա մի անցքի հետ, որը որևէ իր չի պարունակում, այսինքն՝ թաքստարան չէ, որևէ տեղ չի տանում, թվում է մուտք ու ելք չունի»,-ասաց նա:

 

Համլետ Պետրոսյանը նշեց, որ տասնօրյա պեղումների ընթացքում բացվել են գետնուղու ներքին ծավալը, դրան հյուսիսից հարող աղոթասրահի հատվածը, եկեղեցու հարավ-արևմտյան անկյունը դրսից, հյուսիսային պատի միջնամասին կից հատվածը ներսից: Բոլոր այս միջոցառումներն ուղղված էին գետնուղու ծավալատարածական լուծումները, չափերը, կառուցման տեխնիկան և գործառույթը պարզելուն: «Պեղումները ցույց տվեցին, որ եկեղեցին կառուցվել է արհեստականորեն ստեղծված ընդարձակ հարթակի վրա, որը բաղկացած է սովորական հողի և քարերի խառնուրդից, և տոփանման կամ ամրացման որևէ հետք չի կրում: Եկեղեցու հյուսիսային պատը, հարավ-արևմտյան պատկից սյունը նստած են անմիջապես հարթակի վրա և հիմքեր չունեն: Սա խիստ արտառոց է, երբ պատն ու կոնստրուկտիվ կարևորություն ունեցող սյունն ուղղակի հիմքեր չունեն: Հնարավոր է, որ այդպես է ողջ եկեղեցին՝ բացի հարավային պատից: Հարավային պատը, ինչպես պարզվեցին պեղումների արդյունքում, դրված է բուն պատի համեմատ ավելի լայն քարուկրե հիմքի վրա, ընդ որում հիմքը շատ ավելի կանոնավոր շարված ու սվաղված է, քան բուն պատը»,-հավելեց բանախոսը:

 

Հնագետի խոսքով` Դադիվանքի պեղումը մեծ ծրագիր է, եւ հույս կա, որ այդ ծրագիրը ֆինանսավորում կգտնի: «Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մենք մեծ ֆինանսական հնարավորություններ ունենանք, փոքր քայլերով հազիվ թե կարողանանք առաջ գնալ»,-պարզաբանեց Համլետ Պետրոսյանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /