• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.12.2017 | 14:32

Խաղաղության բանալին գտնվում է Ստեփանակերտում

2016 թվականի ապրիլյան պատերազն հրահրված էր ոչ միայն Արցախի կամ Հայաստանի դեմ, այլև բաց մարտահրավեր էր միջազգային հանրությանը: Եվ այդ պատերազմում Ադրբեջանը ծանր պարտություն կրեց:

Կարելի է ռազմագործողությունների ընթացքում կորցրածը հետ բերել, բայց ինդուլգենցիայի նոր հնարավորություն ստանալը բարդ խնդիր է: Ադրբեջանը կորցրեց ինդուլգենցիայի իրավունքը, որը նրան տրվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Նրան այլևս ոչ ոք նման շանս չի տա իր երկրի «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

Անշուշտ, ապրիլյան բլիցկրիգի մոդերատորը Ռուսաստանն էր, ով երևի համոզված էր, որ ռազմական սպառազինությամբ գերբեռնված Ադրբեջանը, միևնույն է, չի կարողանա բեկումնային հաջողության հասնել երկօրյա պատերազմի ընթացքում: Այո, երկօրյա պատերազմի, որովհետև Բաքվին ապրիլ ամսվա առաջին շաբաթ-կիրակի օրերին էր արտոնված հին հաշիվներ մաքրել: Ըստ էության, դա «հսկվող պատերազմ» էր, որի արդյունքում պետք է ճշտվեր ստատուս-քվոյի հետագա նպատակահարմարությունը: Հիմա արդեն միջնորդ երկրներին, այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորմամբ խիստ շահագրգիռ Թուրքիային, միանգամայն պարզ է, որ տեսանելի ապագայում բացառելի է ռազմական ուժի կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությունում: Ավելին, նույն տարվա մայիսի 16-ին Վիեննայում ընդունված մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման համաձայնությունը նույնիսկ կարելի է վերջնագրային համարել: Եվ թեպետ Ադրբեջանը շարունակում է ընդդիմանալ, բայց հենց դա է այսօր կազմում վերականգնված բանակցությունների առանցքը:

Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները Ղարաբաղի հասցեին ինչ-որ տեղ «վախեցած արջի գոռոց» են հիշեցնում: Անգամ ադրբեջանական բանակի զորավարժություններն ընկալվում են ընդամենը որպես մկանների ցուցադրում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն-հարձակողական գործողությունները սովորաբար իրականացնում է ոչ թե ժամկետային զինծառայողների, այլ վարձկանների միջոցով: Ասվածի լավագույն վկայությունը ապրիլյան պատերազմի ժամանակ «Յաշմա»-ի ներգրավումն էր, որի կազմում հիմնականում թուրք և այլազգի հատուկջոկատայիններն էին: Իսկ թե ինչ ճակատագիր է բաժին ընկել «Յաշմա»-ի զինյալներին, պատմությանը հայտնի փաստ է արդեն: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող ռիսկի դիմել և պլանային զորավարժություններին ներգրավել վարձկաններին, որովհետև բլիցկրիգյան օրերին և դրանից հետո, մինչև էսկալացիայի լրիվ մարումը, զինված վարձկանները իսկական պատուհաս էին դարձել սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի համար: Պաշտպանելու փոխարեն նրանք զբաղվում էին բռնություններով ու թալանով` հարուցելով տեղի բնակիչների ընդվզումը: Ադրբեջանը փորձում էր այդ ամենը քողարկել արցախյան բանակի հրթիռահրետակածումներով, որոնցով իբր հայ հրետանավորները ահաբեկում էին խաղաղ ադրբեջանցիներին, բայց Ադրբեջանի գիտակից հանրությունը հո գիտի՞, թե « իրականում որտեղ է թաղված շան գլուխը»:

Օրերս Բաքվից հեռարձակվող Karabakh.tv ինտերնետային հեռուստաալիքը հարցազրույց էր կազմակեպել ղարաբաղյան պատերազմի վետերան-հաշմանդամների ՀԿ նախագահ Էթիմադ Ասադովի հետ, ով փորձում էր պնդել, որ Ադրբեջանին ընդամենը պետք է պատերազմ սկսելու թույլտություն տալ, իսկ հաղթանակն ազերի «գահրամաններն» իրենք կապահովեն: Իսկ ռևանշի հասնելու առհավատչյան, ըստ Ասադովի, Ադրբեջանի լավ սպառազինությունն է: Վառոդի իսկական հոտ առած և առավելս` մարտադաշտում հայ ազատամարտիկի սխրանքների ականատեսը հազիվ թե այդպես կարոտաբաղձ խոսեր նոր պատերազմի մասին, և եթե անգամ դա արվում է ներքին լսարանի համար, այդուհանդերձ, հարևան երկրում պիտի իմանան, որ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2017» վարկանիշում: Հավելենք` զենքը քաջի ձեռքում է միայն հաղթական գործիք դառնում, մնացյալ դեպքերում, այն սոսկ մետաղ է, կամ էլ սեփական գրպանները ուռճացնելու միջոց, որպիսին փաստացի արվում է Ադրբեջանում:

Մեկ այլ ինտերնետային հարթակ` aze.az-ը, հռետորական հարց է բարձրացնում` ի՞նչ դիրքորոշում կընդունի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն ինքը լուծի Ղարաբաղի հիմնախնդիրը: Սա նույն քարոզչամեքենայի տարփողումներից է, որի նպատակը դարձյալ սեփական ժողովրդին բուն խնդիրներից ապակողմնորոշելն է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ եթե բանակցությունները չհանգեցնեն «օկուպացված հողերի վերադարձին», ապա ինքը ռազմական ճանապարհով ետ կբերի դրանք: Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, սակայն, միջնորդական պահանջադրություններում ոչ միայն անթույլատրելի է, այլև անհնարին…ուժի սակավության պատճառով: Կոչեր հնչեցնելով չեն հաղթանակ տոնում, հաղթանակի հասնում են բազում զրկանքերի ու զոհերի միջոցով, բայց Ադրբեջանը պատրա՞ստ է հազարավոր նոր զոհերի ու հերթական տարածքային կորուստների: Թե ղարաբաղյան մեծ պատերազմը, և թե ապրիլյան ռազմական էսկալացիան դրա ուղղորդիչ պատասխանը տվել են, որից Ադրբեջանը պարտավոր է դասեր քաղել հանուն սեփական ժողովրդի անվտանգության: Իսկ ամենաճիշտ դասը Արցախի Հանապետության հետ կառուցողական օրակարգով բանակցությունների սեղանին նստելն է, քանզի խաղաղության բանալին իրականում Մոսկվայում կամ Բրյուսելում չի գտնվում: Այն գտնվում է Ստեփանակերտում, ավելի ստույգ` Վերածննդի հրապարակում:

 

 

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /