Հունվար 22, 2018
Լրահոս
14.12.2017 | 15:45

Ականավոր ժողովրդականներ. Համբարձում Առաքելյան

Շուշի, ապրիլի 29, 1855 - Թիֆլիս, հուլիսի 11, 1918

 

 

«Եթե մի հրապարակախոս, մի հասարակական գործիչ աշխատում է դուր գալ ամենքին, ժողովրդական լինել ամենքի համար, չունենալ հակառակորդներ, երկու եւ երեք աթոռների վրա նստել, պարզ է, որ նա չունի անսասան հավատ՝ անդրդվելի համոզումն իր վրա վերցրած միսիայի, իր գաղափարների համար: Անկասկած, անաչառ պատմությունը կգնահատե ըստ արժանվույն նրան, ով վախկոտությամբ, թուլամորթությամբ խույս չի տար կռվի դաշտից»: Համբարձում Առաքելյան

 

 

 

Կյանքի առաջին շրջանը

Ծնվել է 1865 թվականի ապրիլի 29-ին՝ Շուշիում:

Նրա հոր անունը եղել է Աստվածատուր: Իր նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո Համբարձում Առաքելյանը տասը տարեկանում Թավրիզ՝ հոր մոտ է անցնում՝ Թավրիզի Արամյան վարժարանում շարունակելու իր ուսումը: Այնուհետեւ հետեւում է հայտնի հայկաբան Սամվել Գյուլզադյանի դասերին եւ ի վերջո այն շարունակում է դարձյալ Շուշիում՝ ինքնաշխատությամբ:

1872-ին սկսում է աշխատակցել «Մեղու Հայաստանի» եւ «Մշակ» պարբերականներին՝ թղթակցություններ ուղարկելով պարսկահայոց կյանքից: Թավրիզում հիմնում է առաջին ազգային ընթերցարան-գրատունը, որ երկար ժամանակ ծառայում է տեղի հասարակությանը:

 

1878-ին Համբարձում Առաքելյանն անցնում է Բաքու, որտեղ Ռեալական ուսումնարանը՝ գիմնազիան 1879-ին ավարտելով ընդունվում է Մոսկվայի «Պետրովսկի-Ռազումովսկի» երկրագործական ուսումնարանը, եւ այն, իր հոր սպանության պատճառով (թուրքերի ձեռքով), կիսատ է թողնում եւ 1881-ին վերադառնում Կովկաս:

 

 

 

 

 

 

Դերակատարում ազգային-հասարակական կյանքում

 

 

 

1892-ին Համբարձում Առաքելյանը տեսուչ է նշանակվում Ղարաբաղի հայոց երկսեռ դպրոցներում: Նույն տարվա ընթացքում Շուշիում հիմնում է «Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության» (Կ.Հ.Բ.Ը.) անդրանիկ մասնաճյուղն ու ընթերցարանը եւ վեց տարի շարունակ (1892-98 թթ.) վարում նոյն Ընկերության ընդհանուր քարտուղարի պաշտոնը: Երկու անգամ նա եղել է Պետական դումաների անդամ` 1906 եւ 1907 թվականներին՝ ներկայանալով «Կադետ» կուսակցության կողմից:

Թիֆլիսում Գաբրիել Միրզայանցի եւ Օր. Ն. Տեր-Մարկոսյանի հետ հիմնում է Թիֆլիսի Հայոց Հրատարակչական Ընկերությունը եւ այդ ընկերության բեղմնավոր գործունեության մեծագույն աջակիցն է դառնում:

Առաքելյանը բազմաթիվ անգամ որպես պատգամավոր մասնակցում է Մայր Աթոռի կաթողիկոսական ընտրություններին: 1892-98-ին Կ.Հ.Բ.Ընկերության քարտուղարն է նշանակվում եւ նաեւ՝ մատենադարանի վարիչը: Նրա ազգային ծառայությունը տարածվում է նաեւ թիֆլիսահայ կրթական կյանքում, երբ նա դառնում է քաղաքի Գայինյան եւ Հովնանյան դպրոցների հոգաբարձու, նաեւ` Կովկասյան Ժողովրդական համալսարանի Հայկական ակումբի նախագահ, Թիֆլիսի քաղաքապետության եւ հայ նպաստամատույց ընկերությունների անդամ:

 

Պատանեկան տարիքից սկսած աշխատակցել է կովկասահայ եւ պոլսահայ մամուլին, գրել է նաեւ օտար մամուլի համար:

 

 

 

Հայ Դատի նվիրյալ գործիչը

 

 

Համբարձում Առաքելյանը կովկասահայ գործիչներից առաջինն էր, որ մտածել է հայկական հարցը քննարկության առարկա դարձնել Խաղաղության Համաժողովի ժամանակ: 1902-ին Փարիզում, իսկ 1901-ին Գլազկոյում գումարված նույն համաժողովների ժամանակ նա ներկայացնում է La question armenienne au point de vue de la paix universelle վերնագրով ընդարձակ տեղեկագրեր` որոնց հիման վրա խիստ կարեւոր որոշումներ, քվեարկվելով՝ հաղորդվում են մեծ պետություններին:

Նա մասնակցել է եւրոպական եւ Միջազգային գիտական ժողովների, այնտեղ ներկայացնելով մեր եկեղեցու, պատմության, գրականության եւ այլ թեմաների մասին զեկուցագրեր, որոնք, տարբեր լեզուներով թարգմանվելով, տպագրվել են գրական եւ պարբերական մամուլում: 1905-ին Հռոմում հրատարակված Dictionaire internationales Ecrivains-ում իր յուրահատուկ տեղն է գրավել Համբարձում Առաքելյանի անունը:

1915-ին նա հիմնել ու գլխավորել է հայ գաղթականներին օժանդակող հանձնաժողովը: Գաղթականներ, որոնք սովորաբար գալիս էին Վանից ու Արեւմտյան Հայաստանից՝ համագործակցելով Արմենական եւ Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցության հայտնի անունների՝ Դարբինյանի, Գույումճյանի եւ այլոց հետ: 1917-ին հիմնում է Հայ ազգաբնակչության շրջանում գրագիտություն տարածելու ընկերությունը:

 

Առաքելյանի աշխատանքը զուգահեռաբար ընթանում էր Արփիարյանի հետ, նրանք հայոց իրավունքները ներկայացնում էին միջազգային ատյաններում:

 

 

 

 

 

Հայ Ժողովրդական Կուսակցության հիմնադիրներից

 

 

Առաքելյանի հասարակական գործունեության մի լրացուցիչ մասը, պսակումը (զարդարումը) պետք է համարել կովկասահայ Ժողովրդական Կուսակցությունը: 1917-ին Առաքելյանը դառնում է Հայ Ժողովրդական Կուսակցության հիմնադիրներից մեկը: Նա է հանդիսանում կովկասահայության շրջանում ազգայնական-ռամկավարության սկզբունքներ տարածելու աջակիցը: Այդ սկզբունքների կորովի եւ խիզախ, անվարան եւ հավատարիմ քարոզիչն է եղել, որպես միջոց օգտագործելով իր այնքան սիրած ու սիրված «Մշակ»-ը, որի շուրջ համախմբվում էր ժողովրդական դասակարգերի համակրանքը, հմայված նրա հզոր եւ անհուսահատ հրապարակագրությունից: Նրա գլխաւոր հատկանիշներն են եղել ողջամտությունը, հեռատեսությունն ու անաչառ անկեղծությունը:

Առանց փոքր-ինչ վարանման եւ առանց ամենափոքր շեղման, բարձրաձայն եւ խստորեն քննադատել ու գնահատման է ենթարկել մեր ազգային կյանքի բոլոր իրադարձությունները, ինչպես վայել է հզոր նկարագրի տեր անհատականությանը, երբեք տեղի չի տվել իր խիզախումների մեջ, երբ համոզված է եղել, որ ազգային շա՛հն է, որ պահանջում է հարվածել, եւ անխնա կերպով, ամեն զեղծված իշխանություն կամ թյուր ըմբռնում:

 

 

Իր այս խիզախ գնացքը երբեք չի ազդվել եւ ո՛չ էլ ընկճվել է իր մեծացող տարիքի ծանրությունից: Ու նա` իր ալեհեր տարիքում նույնիսկ, ինչպես երիտասարդության ժամանակ, դարձել է «անպարտելի» պատուհասը պահպանողական հավատալիքների, եւ հատկապես՝ Հ.Յ.Դաշնակցության, որին ուղղած թունավոր սլաքները դատապարտված էին անզոր եւ ապարդյուն մնալու՝ Առաքելյանի գրանիտե նկարագրի եւ անհաղթ կորովի առջեւ:

 

 

 

Հակառակորդների կուսակցամոլ ատելությունից արձակված եղբայրասպան ու դավաճան գնդա՛կը միայն կարողացավ լռեցնել այդ մեծ Ձայնը:

 

Երբ 1905-ի ռուսական հեղափոխության ընթացքում Արեւելահայ ազատական հոսանքն առաջին անգամ կազմակերպվում էր իբրեւ համառուսական Սահմանադրական Դեմոկրատ կուսակցություն, հայկական թեւն ինքնիրեն «Ժողովրդական Ազատության Կուսակցություն» էր անվանում, իսկ այնուհետեւ հայտնի դարձավ նաեւ «Կադետ» անունով: Այս կուսակցությունը դավանում էր ցարական կայսրության բոլոր ժողովրդների ազգային անկաշկանդ զարգացման իրավունքը:

 

Սրա հիման վրա, գլխավորապես «Մշակ»-ի հիմնադիրներն ու համակիրները կազմեցին ինքնուրույն հայկական մի կուսակցություն, որ կոչվեց «Հայկական Դեմոկրատական Կուսակցություն», որ անմիջապես սկսեց եռուն գործունեություն ծավալել Կովկասի եւ Ռուսաստանի հայաշատ կենտրոններում՝ կազմակերպելով մասնաճյուղեր եւ հրատարակելով մամուլի մոտ մեկ տասնյակ օրգաններ: Սակայն, 1917-ի փետրվարյան ռուսական հեղափոխությունից անմիջապես հետո, մարտ ամսին իսկ վերակենդանացած հայ կադետներն այս անգամ վերստին պաշտոնապես հրապարակ եկան հայկական անունով` Հայ Դեմոկրատական Կուսակցություն անվան փոխարեն որդեգրելով Հայ Ժողովրդական Կուսակցություն անունը, եւ որպես կենտրոն ունենալով Թիֆլիսը:

Այսպես` Համբարձում Առաքելյան, Իսահակ Ամիրյան, Արշալույս Մխիթարյան, Ռուսիայի պետական դումայի կամ խորհրդարանի անդամներ դոկտոր Հարություն Այվազյան, Միքայել Պապաջանյան, Հովսեփ Աթաբեկյան եւ այլք, ստանձնեցին կուսակցական կարեւոր պաշտոններ:

 

Հայաստանի Հանրապետության շրջանում նրանք մասնակցեցին կառավարության կազմմանը եւ լուրջ բախումներ ունեցան ժամանակի իշխանությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավարների՝ Խատիսյանի, Օհանջանյանի եւ Վրացյանի հետ:

 

1911-ից սկսած, սերտ կապեր ստեղծվեցին Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցության հետ: Համբարձում Առաքելյանը գաղտնի կերպով ներկա գտնվեց ՀՍՌԿ Ա. Ընդհանուր Պատգամավորական Ժողովին, որի ժամանակ քննարկվեց Վան զենք հասցնելու հարցը: Իսկ 1919-ին արդեն Վասպուրականից Կովկաս գաղթած ռամկավարների եւ կովկասահայ ժողովրդականների միջեւ ստեղծվել էր գործակցական միասնականություն:

 

 

Ըստ Հակոբ Վարդիվառյանի աշխատությունների



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /