Հունվար 23, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
14.12.2017 | 17:14

Քրդերը մկրտվում, քրիստոնյա են դառնում. Նոր շարժում Սիրիայի հյուսիսում

Սիրիայի հյուսիսում գտնվում Քոբանի (Այն-էլ-Արաբ) քաղաքը հայության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ սիրիական պատերազմի թեժ օրերին այնտեղից գաղթեցին հայ ընտանիքների գրեթե վերջին անդամներն ու ապաստանեցին տարբեր վայրերում, այդ թվում՝ Հայաստանում: Քոբանիի հայերը նույնիսկ զոհ են ունեցել:

Այսօր քրդական ուժերի տիրապետության տակ գտնվող Քոբանիում հինգ հայ է ապրում: Այդ մասին «Հայ Ձայն»-ին ասաց Քոբանիի հայերից մեկը՝ բժիշկ Աբիկ Կարագյուլայանը: Նա եւ Քոբանիում ապրող եւ աշխատող մեկ այլ բժիշկ՝ Հակոբ Հարությունյանը, բնիկ քոբանցի չեն, Սիրիայի այլ վայրերից են գնացել այնտեղ, իսկ մնացած երեք հայերը տեղացի են եւ շարունակում են ապրել իրենց ծննդավայրում: «Հայ Ձայն»-ի հետ զրույցում Աբիկ Կարագյուլյանը հետաքրքիր մանրամասներ հայտնեց ժամանակ առ ժամանակ աշխարհի ուշադրության ներքո հայտնվող Քոբանիի մասին, մասնավորապես նշելով, որ քաղաքում եւ նրա մերձակա բնակավայրերում՝ Թել-Աբյադում եւ այլուր, մի նոր շարժում է թափ առել՝ քրդերը մկրտվում եւ քրիստոնյա են դառնում: «Նոր սերունդը, հատկապես, ուզում է քրիստոնյա դառնալ: Հալեպ են գնում, այնտեղ մկրտվում եւ գալիս իբրեւ քրիստոնյա: Ծանոթ քուրդ բժիշկ ունենք, իր բոլոր այցելուներուն ասում է, որ ինքն այլեւս քրիստոնյա է»,-«Հայ Ձայն»-ին հայտնեց Քոբանիում բնակվող մեր հայրենակիցը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կաթոլիկների Սուրբ Ծննդյան տոնին այնտեղ մեծ արարողություն է սպասվում՝ քրիստոնյաները եւ վերջերս քրիստոնյա դարձածները պատրաստվում են նշել համաքրիստոնեական տոնը:

Ինչ վերաբերվում է հայերին, ապա Աբիկ Կարագյուլյանն ասաց, որ Սիրիայի պատերազմից առաջ էլ Քոբանիում մեծ թվով հայեր չէին ապրում, ընդամենը 15 հայ ընտանիք կար, որոնք, ըստ նրա, ետ չեն վերադառնա եւ կմնան այն վայրերում, ուր գնացել են: Նույնը վերաբերում է նաեւ Թել Աբյադին, որտեղ մինչեւ պատերազմը 25 հայ ընտանիք կար, այսօր նրանցից 6-ն է մնացել: Հայերն այդ վայրերում հիմնականում մնում են իրենց հողերին տեր կանգնելու համար, զբաղվում են արհեստներով, նաեւ հսկում եւ մշակում են հեռացած ծանոթների հողերը, որոնք վստահվել են մնացողներին:

Քոբանիից մեր զրուցակիցը հայտնեց, որ քաղաքում կյանքը լավանում է: «Իսլամական պետություն»-ից ազատագրվելուց հետո, ինչպես հայտնի է՝ քրդական ուժերն են իշխում այնտեղ, կազմել են ժամանակավոր տեղական իշխանություն եւ օժանդակում են բնակիչներին: Ըստ Աբիկ Կարագյուլյանի, այդ ամենը, բնականաբար, տեղի է ունենում Սիրիայի կառավարության գիտությամբ, չնայած, ինչպես, ինչպես նշեց մեր զրուցակիցը, քրդական ուժերը գործակցում են նաեւ ամերիկյան ռազմական ուժերի հետ, որոնք նույնպես իշխանություն ունեն տարածքում: «Մեզնից մոտ 30 կմ հեռավորության վրա ամերիկյան զորք կա՝ մոտ 2000 զինվորով, օդանավակայան են սարքել, ամերիկյան օդանավեր են գալիս-գնում»,-ասաց Աբիկ Կարագյուլյանը:

Քոբանիում վերականգնել է նաեւ էլեկտրականությունը, քաղաքում 18-20 ժամ էլեկտրականություն են ունենում, ինչն առաջխաղացում է համարվում՝ նախորդ տարիների համեմատ: Ըստ մեր զրուցակցի, քաղաքը հսկող քրդական ուժերը, թեեւ ամերիկյան կողմի հետ են համագործակցում, բայց սիրիական կառավարության հետ էլ ամբողջությամբ կապերը չեն կտրել: «Եթե ԱՄՆ-ը այսպես ասած, «ծախի» իրենց, ապա իրենք Սիրիայի կառավարության հետ գործակցելու հնարավորություն ունեն, այդ կապերը ներքին կարգով պահում են: Վերջերս իրենց վիրավոր զինվորներին Դամասկոս ուղարկեցին, բուժվեցին, ետ եկան, դա նշանակում է, որ Դամասկոսի հետ լավ են»,-նշեց բժիշկ Կարագյուլյանը:

Թե՛ Թել Աբյադը, թե՛ Քոբանին նորոգվում են, իսկ ինչ վերաբերվում է Ռաքքային, ապա Աբիկ Կարագյուլյանը նշեց, որ Ռաքքան կարծես թե վերականգնելու ծրագիր չկա, այն 80 տոկոսով փլատակ է: «Ամերիկյան ուժերը կարծես այնպես են հարվածել, որ Ռաքքան հնարավոր չլինի վերականգնել, կարծես փորձել են ջնջել քարտեզի վրայից, դրանով կարծես նրանք չեն ուզում, որ «Իսլամական պետություն» խմբավորման բույնը համարված քաղաքը նորից կազմավորվի, այնտեղ կյանք լինի, նորից այդ շարժումը սկսի: Ռաքքան ազատագրվելուց հետո այնտեղ ոչ մի շինարարություն, ոչ մի մաքրում տեղի չի ունենում, դեռ չգիտեն էլ՝ իրե՞նց պիտի մնա, թե՞ պետությունը պիտի վերցնի: Բնակիչներն էլ չեն վերադառնում, բայց Ռաքքայի շրջակայքի գյուղերը վերաբնակեցվում են»,-ասաց Աբիկ Կարագյուլյանը, նշելով նաեւ, որ Քոբանիում եւ այլ վայրերում «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչներ չկան, նախկինում խմբավորման անդամ եղած մարդիկ սափրել են մորուքները, շրջում են քաղաքացիական հագուստով: «Արդեն ուժ չունեն, զենք չունեն, ի վիճակի չեն նորից շարժում կազմելու»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ ավելացրեց, որ Քոբանիի քչաթիվ հայերի հետ քրդերը լավ են, հորդորում են, որ մնան, չհեռանան քաղաքից:

 

 

 

 

Սագօ Արեան. «Հայ Ձայնի» Ավագ հոդվածագիր

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /