Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
15.12.2017 | 20:03

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին

Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչությունները: Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:

Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:

Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները:

ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /