Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
18.12.2017 | 13:33

Էականը` կարծրատիպերը քանդելն է

Այլ երկրների քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից է. անցած շաբաթ պահպանողականների ու ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Այցի նախաձեռնողը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: Վերջինս նույնպես կարևորել է նմանատիպ այցելությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս սեփական աչքով տեսնել Արցախն ու ըստ այդմ կատարել եզրահանգումներ: Հարկավոր է Արցախը ներկայանալի դարձնել ամբողջ աշխարհին, իսկ դրանց կապակցությամբ Ադրբեջանի սպառնալիքները վկայում են, որ նրանք վախենում են ճշմարտությունը բացահայտվելուց, նշել է Գ. Ծառուկյանը:

Հյուրերն հանդիպում ունեցան նաև Արցախի խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանը նշեց, որ իրենք բարձր են գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունն Արցախի հանդեպ, նրանց կողմից Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումն ու ցուցաբերված մարդասիրական և բարոյական աջակցությունը։ Այս համատեքստում խորհրդարանի խոսնակը տեղեկացրեց, որ Եվրոպայում գործող քաղաքական կուսակցությունների, Եվրախորհրդարանի և ազգային օրենսդիր մարմիններ ներկայացնող պատգամավորների հետ արդեն իսկ առկա են բարեկամական, որոշ դեպքերում` ինստիտուցիոնալ կապեր։ Մասնավորապես, նման կառույցներ են ստեղծվել Եվրախորհրդարանում, Ֆրանսիայում, Լիտվայում, Բելգիայում… Այդպիսի շփումները, Ա. Ղուլյանի խոսքով, նպաստում են հաղթահարելու միջազգային գործընթացներից Արցախը արհեստականորեն մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև արդյունավետ հարթակ են հանդիսանում օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից։

«2018թ. փետրվարին նշելու ենք մեր ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-ամյակը։ Պայքար, որի հիմքում ազատության, մարդու իրավունքների ու ազգային արժանապատվության պաշտպանության գաղափարներն են։ Այս արժեքներն ամենուր նույնն են. դրանք չունեն ո՛չ կուսակցական պատկանելություն, ո՛չ ազգություն և ո՛չ էլ աշխարհագրական սահմաններ:

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք դժվարին, բայց պատվական ճանապարհ ենք անցել: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ այդ ուղին մենք անցել ենք արցախցու պահպանողական էությունը և բարեփոխիչ-ազատական ոգին բարձր պահելով, ծանր զոհաբերություններով, բայց արժանապատվությամբ հաղթահարելով մեզ պարտադրված պատերազմի մարտահրավերը, զրոյից պետություն ստեղծելով՝ իշխանության երեք թևերով, մրցունակ տնտեսությամբ ու տարածաշրջանի խաղաղությունը պահող բանակով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նկատենք` պահպանողականների ու ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչներն Արցախ էին ժամանել երկժամյա գրաֆիկով, այդ ընթացքում հասցնելով հանդիպել պետության ղեկավարի ու օրենսդիր մարմնի անդամների հետ: Դա, անշուշտ, քիչ ժամանակ է տարածաշրջանի իրողություններին լիարժեք ծանոթանալու համար, բայց էականն այստեղ կարծրատիպերը քանդելն է, այն կարծրատիպերի, որոնք ինչպես ԱՀ խորհրդարանի խոսնակն է բնորոշել` խանգարում են աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Անկախ նրանից, թե այս այցին ինչպես կարձագանքի Բաքուն, մենք կարող ենք անվերապահ արձանագրել, որ Լապշինի դատավարությունից հետո Արցախ ժամանող օտարերկրյա քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների թիվը ոչ թե նվազում, այլ հակառակը` ավելի է աճում:

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա «սևցուցակային» քաղաքականության սնանկությունը և խոհեմաբար հրաժարվի աննպատակ հետապնդումներից: Հատկապես, որ հաջորդ տարին Արցախի համար հոբելյանական է լինելու, և ղարաբաղյան շարժման երեսնամյակի կապակցությամբ օտարերկրացիների այցելությունները կտրուկ աճելու են:

Համոզված ենք, դրանց անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենանք:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /