• USD 481
  • GBP 631.07
  • EUR 562.53
  • RUB 7.62
  • GEL 196.93
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
27.12.2017 | 09:02

Այսօր ծնվել է Գրիգոր Տաթևացին

Միջնադարյան խոշոր մտածողների շարքում իր անբեկանելի տեղն ու դերն ունի Գրիգոր Տաթևացին։ Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346թ․-ին Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Թմուկ ամրոցում։ Յոթ տարեկան հասակում սկսել է սովորել, նախնական կրթությունն ստանալուց հետո կրթությունը շարունակել է Տաթևի համալսարանում։ Նրա ուսուցիչն այդ տարիներին եղել է Հովհան Որոտնեցին, ում կողմից հետագայում ձեռնադրվել է որպես ծայրագույն վարդապետ։

1371թ․-ին նա ուխտագնացություն է արել դեպի սուրբ քաղաք Երուսաղեմ, ուղեկցել է իր ուսուցչին։ Երուսաղեմում Գրիգորը ստացել է կուսակրոն քահանայի աստիճան։ Արդեն ետդարձի ճանապարհին Տաթև վերադառնալու ընթացքում Դարանաղիի գավառում ձեռնադրվում է վարդապետ և ուսուցչից ստանում գավազան։ 9 տարի անց՝ 1380թ․-ին Տաթևացին Որոտնեցու հետ միասին անցնում է Ապրակունյաց վանք։

1388թ․-ին մահանում է Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին դառնում է Ապրակունյաց վանքի առաջնորդը։ 1390 թ․-ին արդեն Տաթևացին հաստատվում է Տաթևում, իր շուրջն է ժողովում Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտներին և ավելի բուռն կերպով շարունակում իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա ուսուցչապետության տարիներին Տաթևի դպրոցը, որը դարձել էր համալսարան, հասել է իր ծաղկման գագաթնակետին, այն դարձել էր այդ շրջանում գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի ամենաբուռն կենտրոնը։

Իր գիտամանկավարժական ակտիվ գործունեության ընթացքում Տաթևացին դասախոսել է նաև Մեծոփա վանքի և Սաղմոսավանքի դպրոցներում։ Մեծոփա վանք տեղափոխվեց նա Սյունիքում տեղի ունեցած երկրաշարժից հետո։

 

Գրիգոր Տաթևացու աշակերտներն են եղել և իր շնորհքը ժառանգել նշանավոր գործիչներ՝ Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և այլք։ Գրիգոր Տաթևացու 300-ից ավելի աշակերտները անասելի մեծ դեր են ունեցել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։

Իր ուսուցչության տարիներին Տաթևացին միաժամանակ զբաղվել է եկեղեցական հարցերով, հայտնի է նրա պայքարը ունիթորների դեմ։ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Թովմա Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։

Տաթևացին բազմակողմանի զարգացած էր, նա նաև գերազանց մանրանկարիչ էր ու երաժիշտ։ Մեր օրեր են հասել 1297 թ․-ին գրված մի Ավետարան, որը 1378 թ․-ին նկարազարդել է Տաթևացին։

Նրա թողած գրավոր ժառանգության մեջ իրեն գերազանցողը չունի «Գիրք հարցմանց» հանրագիտական բնույթի երկը, որտեղ շոշափվում փիլիսոփայական, կրոնական, աստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։ Ժառանգության շարքում իրենց ուրույն տեղն ունեն «Գիրք քարոզութեան...», «Ոսկեփորիկ», «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան», «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» երկերը, ինչպես նաև բազմաթիվ մեկնություններ, նկարազարդված երկու Ավետարաններ։

 

 

Գրիգոր Տաթևացին մահացել է 1409թ․-ի դեկտեմբերի 27-ին իր պաշտելի Տաթևի վանքում։ Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնվում է Մեծ պահքի 4-րդ կիրակին նախընթաց շաբաթ օրը։ Նրա հուշարձանը տեղադրվել է 1967թ․-ին Երևանում՝ Մատենադարանին հարակից հուշարձանների շարքում։ Քանդակագործն է ՀՀ Վաստակավոր նկարիչ Ադիբեկ Գրիգորյանը։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /