Հունվար 23, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
27.12.2017 | 13:00

Մտահոգություններ՝ 12 միլիոն արժողությամբ խաղադրույքից հետո

Այսօրվա թեման, հնարավոր է, շատերի համար մի փոքր անսպասելի կլինի: Սակայն խոստովանեմ. ինձ մոտ այն վաղուց էր հասունացել, իսկ վերջին կաթիլը դարձավ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տարածված հերթական մտահոգիչ տեղեկատվությունը:

 

Պարզվում է, նախօրեին  մի 40-ամյա երևանցի տղամարդ բուքմեյքերական կայքերից մեկում 12 միլիոն (!!!) դրամի խաղադրույք է կատարել և տանուլ տվել այդ գումարը, որից հետո էժանագին դետեկտիվի ժանրով մի պատմություն մոգոնել՝ իր վրա իրականացված հարձակման և կողոպուտի մասին:

 

Գործի քննությունը դեռևս չի ավարտվել, ուստի չարժե մանրամասն անդրադառնալ հատկապես այս դրվագին: Սակայն երևույթի մասին չխոսել արդեն պարզապես չի կարելի, քանի որ այն մեզանում ընդունում է սպառնալից չափեր:

 

Մի փոքր հետ գնամ: Տառացիորեն երկու-երեք օր առաջ մեր հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող հերթական ֆուտբոլային խաղի ընթացքում, ինչպես միշտ, իրականացվում էր հեռարձակման հովանավոր հանդիսացող  բուքմեյքերական կետերի ակտիվ գովազդ: Գովազդի հասցեատերն էլ, դատելով անիմացիոն սյուժեի հերոսի արտաքին տեսքիցմիջին դպրոցական տարիքի երեխաներն են: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նրանց շատ մատչելի ձևով ուսուցանվում էր, թե ինչպես կարելի է խաղադրույքներ կատարել արդեն բջջային հեռախոսի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև փոխել կատարած խաղադրույքը: Եթե,  իհարկե, հաջողվի ակնթարթորեն անել դա, մանավանդ, երբ գործողությունը կատարվում է դեռահասի կողմից, այն էլ՝ սխալվելուց հետո և խիստ հուզված վիճակում: Իսկ սմարթֆոններ օգտագործողների մեծ մասը հատկապես այդ և մի փոքր ավելի տարիքի քաղաքացիներ են:

 

Չնայած տեղյակ եմ, որ վաղուց արդեն թույլատրվում է կատարել օնլայնխաղադրույքներ, սակայն հերթական անգամ ցնցվեցի զայրույթից և տարակուսանքից: Լավ, այս ի՞նչ ենք մենք անում, հարգելիներս:

Հասկանալի է, որ ժամանակները փոխվել են և գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում «դրամը գարշահոտություն չի տարածում» (թող ների ինձ կայսր Վեսպասիանը այսպիսի ազատ թարգմանության համար):

Հասկացանք, որ մոլախաղերը (իսկ այն, որ խաղադրույքներ կատարելը մոլախաղի մի տեսակ է, կարծում եմ ոչ ոք չի վիճի), ողջ աշխարհում կրում են լեգալ և օրինական բնույթ, և մեր երկրի բնակիչները նույնպես չեն կարող հեռու մնալ այս չարիքից: Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Չէ՞  որ կարելի է ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ գոնե այս աստիճանի չմասսայականացնելով «փողով խաղերը», առավել ևս՝ հեռու պահելով դրանցից դեռահասներին:

Օրինակ, ինչպես ծխախոտի կամ որոշ դեղամիջոցների պարագայում, գովազդային տեսահոլովակի ներքևի հատվածում կարելի է, չէ՞, գոնե նշել մոլախաղերի վնասակարության մասին: Մեկ այլ առաջարկ՝ հնարավորինս բարդացնել խաղադրույք կատարելու գործընթացը՝ այն ամբողջովին տեղափոխելով գործող գրասենյակային տարածք:

 

Թերևս, միամիտ մտքեր եմ արտահայտում: Առավել ևս, որ այս վերջին դրվագի հերոսը ամենևին երեխա կամ պատանի չէ, այլ հասուն տարիքի և հավանաբար գիտակից տղամարդ: Բայց եկեք վերհիշենք, քանի-քանի նման և շատ ավելի տխուր ավարտ ունեցող դեպքերի մասին ենք լսել մեր շրջապատում, մեր ծանոթ-բարեկամներից, ընկերներից, որոնց մասնակիցների տարիքային շեմը շատ ավելի ցածր էր: Դեպքերի, որոնք ավարտվել են մեքենաների, բնակարանների գրավադրումով և հետագա կորստով, երբեմն էլ՝ հանցագործությամբ կամ ուղղակի ողբերգական հանգուցալուծմամբ: Ցավոք սրտի, նման «հերոսների» մեծ մասը ամենևին էլ ունևոր խավին չի պատկանում, համենայն դեպս, ես այդպիսիների մասին գրեթե չեմ լսել: Հիմնականում դրանք արագ հարստանալու և կենցաղային խնդիրներն այդ կերպ լուծելու մոլորությամբ տառապող երիտասարդներ են:

 

Կասեք, չափազանցու՞մ եմ: Պարզապես միացրեք հեռուստացույցը, և կհամոզվեքկամա թե ակամա, սակայն հայաստանցի ֆուտբոլասեր երիտասարդը, եթե ցանկանում է խաղին հետևել հայրենի հեռուստաալիքներից մեկով, 90 րոպեների ընթացքում պարտադրված է բազմիցս անգամ ունկնդրել և դիտել հիացական բացականչություններով համեմված, այդքան հասանելի և երկնքից ընկնող ոսկե խնձոր հիշեցնող ծուղակ-գովազդը: Իսկ նման գայթակղությանը դիմակայելը շատ դժվար է առավելապես մատաղ հասակում, ուստի հատկապես այս տարիքային խումբն է  հանդիսանում  իմ մտահոգության հիմնական հասցեատերը:

 

Իրականում, խնդիրը շատ լուրջ է: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ այս արատավոր երևույթի դեմ պետք է մղվի ճկուն և միաժամանակ նաև շատ կոշտ պայքար՝ բոլոր ուղղություներով, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական և քարոզչական  հարթությունների մեջ. հայրենասիրական դաստիարակություն, առողջ ապրելակերպ, հայեցի մշակույթի քարոզչություն և այլն: Այն անհրաժեշտ է իրականացնել ազգովի՝ օրենսդիրների, իրավապահների, մանկավարժների, համաշխարհային հռչակ ունեցող մարզիկների ներգրավմամբ, ինչու՞ չէ, նաև մեր ավանդական և հեղինակություն վայելող կուսակցությունների, հատկապես նրանց  երիտասարդական թևերի ակտիվ մասնակցությամբ: Այո, թերևս մի փոքր իդեալիստական ստացվեց

 

Իսկ բուքմեյքերական կետերը, ինչպես և խաղային բիզնեսի մյուս «հանգրվանները», աճում են՝ ասես սնկերն անձրևից հետո՝ տարածելով ապականող շոշափուկները: Շտապել է պետք, այլապես հետո ուշ կլինի

 

 

Գոռ Արմենյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /