• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 23, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
28.12.2017 | 13:00

Արցախի անցնող տարին. Իրողություններ և հեռանկարներ

Արցախի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կյանքում 2017 թվականը հազիվ թե եղել է առանձնահատուկ, սակայն պետականության կայացման դինամիկան կարելի է դիտարկել որպես կայուն շարունակական: Անդրադառնանք այն կարևոր իրադարձություններին, որոնցով թերևս կարող է հատկանշվել անցնող տարին:

Տարեսկզբին խոհրդարանական մակարդակով նշվեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից անկախության հռչակման որոշումը հաստատելու քառորդդարյա հոբելյանը: Ինչպես հայտնի է, 1992թ. հունվարի 8-ին տեղի է ունեցել նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ անդրանիկ նիստը, որտեղ միաձայն հաստատվել է անկախության հռչակագիրը։ Դրանից շաբաթներ առաջ, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, անցկացվել էր հանրաքվե, որի ժամանակ արցախահայությունը միահամուռ քվեարկել էր Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն հռչակելու օգտին: Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 2-ին, հռչակագիրն ընդունվել էր ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում:

Արցախի ներքաղաքական կյանքում հիշարժան իրադարձություն էր, անշուշտ, 2017թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն: ԼՂՀ առաջին սահմանադրությունն ընդունվել էր 2006թ. դեկտեմբերի 10-ին: Հանրաքվեին մասնակցել էր 90077 քաղաքացի, որից երկրի Հիմնական օրենքի ընդունման օգտին քվեարկել էր 77279 մարդ, կամ քվեարկության մասնակիցների 98,58%-ը: Իսկ նորացված սահմանադրությունն ընդունվեց ավելի քան մեկ տասնամյակ անց: Փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցած 103818 քաղաքացիներից կողմ էր քվեարկել 69570 մարդ, կամ քվեարկության մասնակիցների 87,6%-ը:

Սահմանադրական փոփոխությունների անրաժեշտությունը պայմանավորված էր կառավարման համակարգի փոփոխությամբ: Նոր սահմանադրությամբ հանրապետության նախագահը միաժամանակ հանդիսանում է կառավարության ղեկավարը` փաստացի իրականացնելով նաև վարչապետի գործառույթները: Փոփոխված սահմանադրությունը հնարավորություն տվեց գործող նախագահին` երկրի Հիմնական օրենքի 168-րդ հոդվածի ուժով Ազգային ժողովում ընտրվել ԱՀ նախագահ: Պաշտոնի ստանձնումը հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին:

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ էին ժամանել դիտորդներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Հետայդու, տարվա ընթացքում, եղան պաշտոնական և ոչ պաշտոնական այլ այցելություններ, ինչպես օրինակ` Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակության, Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյի, Կանադայի խորհրդարանական պատվիրակության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամների, Եվրոպայում ու աշխարհում պահպանողական արժեքներ կրող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների այցերը և այլն:

Մայիսի 9-ին Արցախում հերթական անգամ նշվեց Եռատոնը: Այս անգամ, սակայն, Հաղթանակի տոնն արժևորվեց նրանով, որ լրացել էր Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակը: Հայոց հին բերդաքաղաքն ազատագրելը բեկումնային նշանակություն ունեցավ ղարաբաղյան պատերազմում, որովհետև Շուշիով ոգեշնչված` հայ ազատամարտիկները կարողացան հաղթական մարտերով, բնակավայր առ բնակավայր, Արցախը մաքրել ազերի հրոսակներից: Ներկայումս պաշտպանության բանակը ոչ միայն ԱՀ անվտանգության հուսալի երաշխավորն է, այլև հանդիսանում է տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկը:

Ուշագրավ էր Մինսկի խմբի եռանախագահների այցը տարածաշրջան, այդ թվում` Ստեփանակերտ: Նկատենք, որ Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավար Սեբաստիան Կուրցը ընդունելով ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը` մատնանշել էր երեք հիմնական խնդիր, որոնց պետք է հետամուտ լիներ 2017 թվականին: Դրանցից մեկը վերաբերում էր ձգձգվող հակամարտություններին, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրին, որի կարգավորման ուղղությամբ նա խոստացավ ջանքեր չխնայել: Հունիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եղան Ստեփանակերտում, որտեղ նրանց ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Ինչպես նախորդ տարիներին, 2017 թվականին ևս եղան Արցախի Հանրապետության պետական գոյությունը ճանաչելու նախաձեռնություններ: Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը։  Բացի այդ, Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը որոշում է ընդունել իր քաղաքական ծրագրում ներառել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և կոչ է արել Դաշնային  կառավարությանը` պաշտոնապես ճանաչել ԱՀ անկախությունն ու ամրապնդել հարաբերություններն այդ երիտասարդ պետության հետ։

Երկրի ճանաչման համատեքստում, անշուշտ, կարևոր են եղել ԱՀ նախագահի աշխատանքային այցերն ու հանդիպումները եվրոպական տարբեր խորհրդարանների ներկայացուցիչների, հանրահայտ հասարակական-քաղաքական գործիչների հետ:  Միևնույն ժամանակ, որոշ երկրների, ինչպես օրինակ` Ֆրանսիայի, Բելգիայի, Լիտվայի, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, Արցախի օրենսդիր կառույցն արդեն իսկ հաստատել է ինստիտուցիոնալ կապեր, և ընթացիկ տարում այդ ուղղությամբ նույնպես արձանագրվել են արդյունավետ շփումներ:

Ուշադրության արժանի է նաև ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունում լույս տեսնող <Շարղ> օրաթերթին և այլ պարբերականների տված հարցազրույցը, որտեղ արցախցի նախարարն ի մասնավորի անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշմանը: Թեկուզ պարբերականների մակարդակով դրսևորված, այդուհանդերձ, ԻԻՀ նմանօրինակ հետաքրքրությունը նուրբ ուղերձ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման որոնումներում:

Գալիք տարին Արցախի ժողովրդի համար հոբելյանական է լինելու. փետրվարի 20-ին կլրանա արցախյան շարժման 30-ամյակը: Այս հոբելյանը խիստ խորհրդանշական է, որովհետև Շարժումը միավորեց ամբողջ հայությանը` իրական հաղթանակներ բերելով հայ ազգին: Հետագա հաղթանակներն էլ պիտի նվաճվեն դարձյալ ազգային միասնությամբ, և դա համոզչորեն հուշում է, որ 2018 թվականը, մանավանդ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի, մայիսյան հաղթանակների  համապատկերին, երկու հայկական հանրապետությունների համար լինելու է հագեցած ու բովանդակալից տարի:

 

Հավատանք և սպասենք:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /